Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեղամ Գևորգյան. «Ես չեմ կարող դուռը փակել և ուղղակի գնալ համալսարանից»

Մայիս 06,2021 22:33

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել գիտական խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել են մայիսի 4-ին կառավարության ընդունած որոշումը և դրա վերաբերյալ հայտարարության տեքստի նախագիծը։

Ըստ կառավարության որոշման՝ բուհերի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 32-ից դառնում է 20: Խորհուրդը համարվելու է ձևավորված, եթե նշանակվի խորհրդի անդամների կեսից ավելին:

Բացի դրանից, որոշման համաձայն, ԵՊՀ-ի խորհրդի կազմի 55 տոկոսը կամ 11 հոգին կլինեն պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք, այսինքն՝ հիմնադրի անունից առաջադրված՝ նախկին 25 տոկոսի փոխարեն, իսկ պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամները, որ մինչ այս կազմում էին խորհրդի անդամների 25 տոկոսը, նոր փոփոխությամբ կկազմեն 10 տոկոսը:

Նիստի սկզբում ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը նշեց, որ գիտխորհրդի արտահերթ նիստը հրավիրվել է 35 անդամի դիմումի համաձայն՝ քննարկելու մայիսի 4-ին կառավարության ընդունած որոշումը և դրա վերաբերյալ հայտարարության տեքստի նախագիծը:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, որը հայտարարության տեքստի նախագծի հեղինակներից և արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնողներից մեկն է, փաստեց, որ առիթը և հրատապությունն ակնհայտ են: Նրա հավաստմամբ, ի տարբերություն օրենքի, որն ընդունվելուց հետո անցնում է որոշակի գործընթացներ, կառավարության որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, ինչով էլ պայմանավորված է այսօրվա նիստի հրատապությունը:

Գագիկ Ղազինյանի կարծիքով, պետք է անպայմանորեն արձագանքել, ինչի հիմնավորումը ներկայացված է հայտարարության տեքստի նախագծում. «Կառավարության որոշումն իրավական, էթիկայի և բարեվարքության տեսանկյունից որևէ քննադատության չի դիմանում»:

ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց հայտարարության տեքստի նախագծում տեղ գտած երեք քայլերը՝ պարզաբանելով դրանք և դրանց հետևանքները: Նրա խոսքով, նախևառաջ առաջարկվում է դիմել Մարդու իրավունքների պաշտպանին՝ Սահմանադրական դատարանում կառավարության նշված որոշման սահմանադրականությունն անհապաղ վիճարկելու խնդրանքով:

«Կառավարության որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու իրավասությունը պատկանում է Սահմանադրական դատարանին: Եթե մենք պնդում ենք, որ այս որոշումը հակասահմանադրական է, պետք է դիմել Սահմանադրական դատարան, ինչը, ինչպես հայտարարել է ՄԻՊ-ը, տեղի է ունենալու»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

Բացի դրանից, նրա խոսքով, կառավարության որոշումը հակասում է մի շարք օրենքների դրույթների, որի վերաբերյալ վեճը լուծելու իրավասությունը պատկանում է Վարչական դատարանին, ինչի համար էլ առաջարկվում է միջոցներ ձեռնարկել՝ Վարչական դատարանում վիճարկելու կառավարության որոշման իրավաչափությունը:

Վահե Հովհաննիսյանը փաստեց, որ առաջարկվում է դիմել նաև Եվրոպական համալսարանների ասոցիացիային «Magnu cord»-ով սահմանված բուհական ինքնավարության և ակադեմիական ազատության իրավունքների պաշտպանության և ապահովման խնդրով՝ փաստելով, որ կա նախադեպ, երբ գործուն միջամտություն է եղել ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումներին:

ԵՊՀ գիտական խորհուրդը նիստի ընթացքում անդրադարձավ նաև Հոգաբարձուների խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակին և ռեկտորի հրաժարականին առնչվող գործընթացներին: Մասնավորապես Վահե Հովհաննիսյանը նշեց, որ ԵՊՀ անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչությունը հիմնավորումներ է ներկայացրել, որ Հոգաբարձուների խորհուրդը ցրված չէ, և քանի դեռ հրաժարական ներկայացրած անդամների լիազորությունները դադարեցված չեն, նրանք պետք է շարունակեն իրականացնել իրենց գործառույթները, իսկ ռեկտորի հրաժարականը կարող է ընդունել միայն ՀԽ-ն:

Գեղամ Գևորգյանը փաստեց, որ այս ընթացքում հանդիպել է ՀԽ պրոֆեսորադասախոսական կազմի անդամների և նախարարի հետ. «Նախարարի հետ հանդիպումը եղել է որոշումն ընդունելու պահին: Միասին նստած էինք, երբ որոշումն ընդունվեց: Ես առաջարկել էի օրակարգ. ընդունել իմ հրաժարականը, նշանակել ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետև քննարկել ՀԽ անդամների դիմումները, կազմակերպել քվեարկություն, լուծարել խորհուրդը»:

Նրա խոսքով, հիմա պետք է առաջնորդվել ներկայիս իրավիճակով. առկա է որոշում, որը կարելի է վիճարկել կամ ոչ. «Տրամաբանական է վիճարկելը»:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն փաստեց, որ ինքը տեղյակ չի եղել նախարարության քայլերից, որևէ մեկն էլ տեղյակ չի եղել իր քայլից. «Հրաժարականի իմ դիմումը երկար մտածված քայլ էր»:

Գեղամ Գևորգյանը նիստի ընթացքում ասաց, որ 46 տարի արդեն համալսարանում է, և որ այդ տարիների ընթացքում չի եղել որևէ քայլ, որը կվնասեր համալսարանին. «Ես չեմ կարող դուռը փակել և ուղղակի գնալ համալսարանից»: Նա անդրադարձավ մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե իբր դատական կարգով ստացել է 13 մլն դրամ. «Ես ոչ մի գումար չեմ ստացել և չեմ ստանալու»:

Բացի դրանից, նրա խոսքով, քննարկվում է հիդրոտարայի հարցը, թե իբր այն չարաշահում է, բայց կատարվել է քննություն, և պարզվել, որ որևէ խախտում չկա:

Գեղամ Գևորգյանն ասաց, որ այս ընթացքում համալսարանը կուտակել է ևս 1 մլրդ 800 մլն դրամ՝ չնայած առկա դժվարին պայմաններին և աշխատավարձերի բարձրացմանը. «Այսինքն՝ ես համալսարանը չեմ հանձնում քանդված, այլ դրական փոփոխություններ իրականացրած»:

Գիտխորհրդի անդամները նիստի ընթացքում ներկայացրին հայտարարության տեքստի նախագծի խմբագրական մի շարք առաջարկներ: Գեղամ Գևորգյանը, անդրադառնալով առաջարկվող քայլերի 2-րդ կետին, ասաց, որ իր անունից Վարչական դատարան չի դիմելու՝ չմեկնաբանելով, թե ինչու, բայց և փաստեց, որ այն սուբյեկտները, որոնք կարող են դիմել, ազատ են դիմելու: Գեղամ Գևորգյանն առաջարկեց նաև հանել 3-րդ կետը՝ կարծիք հայտնելով, որ այն իմաստ չունի:

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը փաստեց, որ դեմ է հայտարարության տեքստի նախագծի այս տարբերակի ընդունմանը՝ փաստելով, որ նախ՝ վարկանիշի տեսանկյունից պետք չէ հրապարակել հայտարարություն, որը գիտական չափանիշներին չի համապատասխանում: Նրա խոսքով, տեքստը խմբագրման կարիք ունի, և առաջարկեց ստեղծել հանձնաժողով, որը կմշակի այն, և հետո նոր ընդունել:

«Արդեն երեք տարի մենք նույն թեմայի շուրջ անընդհատ «տապակվում ենք սեփական յուղի մեջ»: Ընդունում ենք բազմաթիվ հայտարարություններ, դիմումներ, որոնք առնչվում են այս թեմային, բայց ինչ արդյունք ունենք. զրո: Այս ընթացքում շատ ծանրակշիռ մարդիկ շատ ծանրակշիռ գործընթացներ են նախաձեռնում՝ կապված ԵՊՀ-ի հետ, որոնց մեջ մենք չկանք: Գուցե սխալ գործելաոճ ենք որդեգրել, գուցե պետք է այլ բան անել, որ հասնենք արդյունքի, գուցե դրա համար էլ մեզ հետ հաշվի չեն նստում»,- ասաց Արթուր Մկրտիչյանը և փաստեց, որ պետք է գիտականորեն հիմնավորվի ամեն ինչ:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանն էլ նշեց, որ ըստ էության՝ գիտխորհուրդը միշտ արձագանքում է որևէ գործընթացի հետևանքին, և առաջարկեց հրավիրել ԿԳՄՍ նախարարին ու քննարկել նրա հետ ստեղծված իրավիճակը:

Նիստի ավարտին ԵՊՀ գիտխորհուրդը 48 կողմ, 2 դեմ և 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց առաջարկված փոփոխություններով հայտարարության տեքստի նախագիծը:

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31