Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա որեւէ ՀԿ, որն ունի ազդեցություն եւ «Իմ քայլը» դրա գերին է». Համազասպ Դանիելյանը՝ Գորգիսյանի մեղադրանքին, թե՝ «գրանտներ են կերել ու գրանտները պետք է արդարացվի»

Մայիս 06,2021 21:00

ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվեց եւ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը հիմնական զեկուցող Համազասպ Դանիելյանին ասաց, որ նախագիծը պիտի ներառական լիներ ու հանրային քննարկման ներկայացվեր, բայց այս նախագիծն անընդհատ փոփոխվում է, անգամ վերջին նախագիծը, որը պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկում էին, դարձյալ փոփոխվել է. «Փաստորեն, մենք քննարկում ենք այսօր մի տարբերակ, որը ոչ մեկի հետ չի քննարկվել: Վերջնական իր տեսքով սա հանրային քննարկման չի դրվել ու որեւէ քաղաքական ուժի, հանրության ներկայացուցիչների հետ չի համաձայնեցվել: Թե՞ եղել է, բայց՝ փակ դռների հետեւում»:

Դանիելյանը պատասխանեց. «Փակ դռների հետեւում քննարկել ենք դուք եւ ես իրար հետ՝ աշխատանքային կարգով, եւ դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Բայց երբ դուք ասում եք, որ փետրվարից  հետո եղած նախագիծը փոխվել է՝ այո, որովհետեւ փետրվարին ձեզ ներկայացված նախագիծը եղել է սեւագիր ու դրա հետ կապված որեւէ գրավոր առաջարկ չեմ ստացել: Բանավոր եղել են մտահոգություններ, որոնք ընթացքում փոխվել են, իրար հակասող են եղել»: Նա ասաց, որ հանրային քննարկումը շատ են կարեւորում, բայց գործընկերության ոգին խախտել են այն պահին, երբ անպատասխանատու ու հրապարակային հայտարարել են, որ «Ընտրական օրենսգիրքը» իշխանությունը փոխում է, որովհետեւ «գրանտներ են կերել ու գրանտները պետք է արդարացվի»: Նա հորդորեց մնալ գործընկերային խաղի կանոններին հավատարիմ:

Գորգիսյանն ասաց, որ իր խոսքը վերաբերում էր մի ակտիվ ՀԿ-ի. «Ցավում եմ, որ մի ամբողջ խմբակցություն գերի է դարձել սույն ՀԿ-ին կամ սույն անձնավորությանը»:

Համազասպ Դանիելյանն արձագանքեց, որ իրեն ծանոթ չէ որեւէ ՀԿ, որ կարողանա օրենսդրություն ընդունել, ԸՕ-ն ընդունում է ԱԺ-ն. «Չկա որեւէ ՀԿ, որն ունի ազդեցություն եւ «Իմ քայլը» դաշինքը դրա գերին է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31