Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ընտրական օրենսգրքի» քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ելույթ ունեցավ՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի եզրափակիչ ելույթին, որտեղ օմբուդսմենը հակադարձել էր նրան. «Մեդիատեռորի մեջ եք մեղադրո՞ւմ ինձ, տիկին Կարապետյան․ լո՞ւրջ եք ասում»:
Մարիա Կարապետյանն ասաց. «Դրա ագրեսիվ ոճը եւ բովանդակությունը հարիր չէ այն ինստիտուտին, որը նա ներկայացնում է…Ես խոսել եմ խնդիրների մասին՝ վկայակոչելով երկու օրինակ: Առաջինը՝ Հայաստանում ներքաղաքական համատեքստում պարոն Թաթոյանի գնահատականների անհամաչափության մասին: Մասնավորապես, ասել եմ, որ անհասկանալի է ԱԺ նախագահի մահափորձի համար պատասխանատու հանել կառավարող ուժին՝ հարցնելով՝ իսկ ինչո՞ւ են բոլոր ոստիկանական ուժերը առաջնագծում: Նաեւ ասել եմ, որ դեկտեմբեր ամսին իր մի շարք հայտարարությունները, թե իբր տեղի են ունենում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներ, ավելացրել են այն տագնապը, որը մարդիկ առանց այն էլ զգում էին պատերազմի հետեւանքով:
Իմ դիտարկումները վերաբերում էին բացառապես ներհայաստանյան համատեքստին: Սրան ի պատասխան պարոն Թաթոյանը փրփրեց ու որոշեց, որ լավագույն մարտավարությունը արտաքին քաղաքական օրակարգերը հարցին խառնելն է: Նա զրպարտեց ինձ՝ թե ես ասել եմ, որ ինքը չպետք է բարձրաձայնի Ադրբեջանի կողմից կատարվողի վերաբերյալ: Եթե պարոն Թաթոյանին թվում է, որ Ադրբեջանի կողմից կատարած հանցագործությունների վերաբերյալ իր եւ իր աշխատակազմի կատարած իրապես կարեւոր փաստահավաք աշխատանքն այնուամենայնիվ իրավունք է ապահովագրում, որ ներքաղաքական հարցերում ինձ վրա հոխորտա, ապա նա չարաչար սխալվում է: Պարո՛ն Թաթոյան, դուք մարդու իրավունքների պաշտպանն եք, դուք քաղաքական գործիչ չեք, զբաղվեք ձեր գործով»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ