Կայացավ «5165» շարժման կրթական հանձնաժողովի առաջին նիստը: Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը Aravot.am-ին ասաց, որ իրենց նպատակն է՝ համախմբել բոլոր կարող ուժերին, որոնք առկա քաղաքական դաշտում գոյություն ունեցող ուժերից որեւէ մեկի կողմ չեն, բայց նաեւ չգիտեն՝ ուր գնալ, ում հետ միավորվել, ում իրենց ձայնը տալ:
«Շարժումը նպատակ ունի համախմբել ժողովրդին, ժողովրդի մեջ հույս, սեր արթնացնել, այս ատելության մթնոլորտը ցրել եւ համախմբելով, միավորելով, անհրաժեշտության դեպքում մասնակցել նաեւ քաղաքական գործընթացներին: Այս հանդիպումները մենք արդեն մեկ շաբաթ է սկսել ենք: Այսօր կրթական համակարգի խնդիրների շուրջ հանդիպում է: Ոլորտի մարդկանց կներկայացնենք մեր ծրագրային դրույթները, կրթական համակարգի վերակերտման մեր պատկերացումները, կլսենք նրանց դիտարկումները, առաջարկները: Այսինքն, սա հանդիպում է, որտեղ կհանդիպենք, կճանաչենք միմյանց, որտեղ փորձում ենք մեր ծրագրային դրույթների ձեւակերպմանը եւ ամբողջականացմանը մասնակից դարձնել յուրաքանչյուր մարդու, որը այդ ոլորտով շահագրգիռ է եւ հետաքրքրված»,-ասաց նա:
Կարդացեք նաև
Տիկին Տոնոյանը նաեւ տեղեկացրեց, որ արդեն հանդիպումներ եղել են առողջապահության, տնտեսական ոլորտների մասնագետների հետ, առաջիկայում կլինեն մշակութայինը, երիտասարդականը, պետաիրավականը եւ այդպես շարունակ: «Մենք հիմնականում ընտրել ենք կարեւորագույն այն ոլորտները, որոնք անվտանգության ամբողջական համակարգն են ստեղծում, իսկ ամեն ինչի հիմքում դրված է կրթական ոլորտը, որը պարզապես, վաղվա Հայաստանի կերտողն է եւ որին շատ պատասխանատու ենք վերաբերվում: Որ ոլորտն ուզում եք վերցրեք, նախ եւ առաջ այն կազմակերպողներին եւ իրականացնողներին պետք է կրթել: Երբեք պետք չէ համարես, որ ամենախելացին ես, ամեն ինչ գիտես եւ ամեն ինչ կարող ես: Ամենահասարակ, նույնիսկ ոլորտ չներկայացնող մարդը կարող է այնպիսի առաջարկով հանդես գալ, որ ուղղակի կզարմանաս»,-ասաց»,- ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ