ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ և ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետերով՝ Երևանի պետական համալսարանի գիտական խորհուրդը, 2021 թ. մայիսի 6-ի արտահերթ նիստում քննարկելով ՀՀ կառավարության կողմից նույն թվականի մայիսի 4-ին ընդունված` «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումը՝ հիմնադրամի կարգավիճակ ունեցող պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների փոփոխությունների վերաբերյալ, արձանագրեց.
ա) Մեր խորին համոզմամբ՝ որոշումը հակասահմանադրական է և հակաօրինական ինչպես բովանդակության, այնպես էլ ձևի տեսանկյունից, քանի որ ուղղված է բացառապես մեկ ոչ իրավաչափ նպատակի՝ իշխանությունների կողմից անսահմանափակ վերահսկողություն սահմանել բուհերի, մասնավորապես և առաջին հերթին ԵՊՀ-ի նկատմամբ: Խորհուրդը որոշումը դիտարկում է որպես ԵՊՀ-ի դեմ վերջին տարիներին իշխանությունների կողմից տարվող հետևողական և անթաքույց պայքարի հերթական դրսևորում։
բ) Որոշման ընդունումը համարում ենք նաև բարոյական նորմերի կոպիտ խախտում՝ նկատի ունենալով այն, որ Սահմանադրական դատարանի վարույթում է հանրապետության նախագահի կողմից վիճարկվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի` բուհերի ինքնավարության իրավակարգավորումների սահմանադրականության վերաբերյալ դիմումը: Այս պայմաններում ավելի նվազ իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով` կառավարության որոշմամբ, օրենքի վիճարկվող դրույթները բուհերի համար էլ ավելի վատ պայմաններով կյանքի կոչելու նախաձեռնություն ակնհայտ արհամարհանք և անհարգալից վերաբերմունք է հանրապետության նախագահի, Սահմանադրական դատարանի և տվյալ օրենքի շահառու գիտակրթական ողջ հանրության նկատմամբ։
Կարդացեք նաև
գ) Որոշման ընդունումն ուղեկցվել է իրավական և էթիկայի նորմերի կոպիտ խախտումներով. 2021 թ. ապրիլի 28-ին «e-draft.am» կայքում հրապարակելով նախագիծը և հանրային քննարկման ժամկետ սահմանելով մինչև մայիսի 14-ը՝ ՀՀ կառավարությունը մայիսի 4-ին գաղտնի, առանց նիստ հրավիրելու, գրավոր ընթացակարգով ընդունել է որոշում՝ փաստի առջև կանգնեցնելով բուհական ողջ համայնքին․ որոշման նախագիծը չի քննարկվել բուհերում, ավելին՝ այդ հաստատությունները նույնիսկ չեն տեղեկացվել իրենց իսկ կանոնադրություններում կատարվելիք փոփոխությունների մասին:
Դատապարտելով ՀՀ կառավարության նման գործելակերպը՝ ԵՊՀ գիտական խորհուրդը արձանագրում է, որ «ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշումն անընդունելի է իրավական և բարոյական նորմերը խախտելու տեսանկյունից․ դրա կիրարկումը խիստ վտանգավոր ազդեցություն կունենա հանրապետության գիտակրթական միջավայրի վրա և անդառնալի վնաս կպատճառի բուհերի բնականոն գործունեությանը:
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը և դրան հրատապ լուծում տալու անհրաժեշտությունը՝ ԵՊՀ գիտական խորհուրդը որոշում է.
1. Դիմել Մարդու իրավունքների պաշտպանին՝ Սահմանադրական դատարանում ՀՀ կառավարության նշված որոշման սահմանադրականությունն անհապաղ վիճարկելու խնդրանքով։
2. Միջոցներ ձեռնարկել Վարչական դատարանում վիճարկելու ՀՀ կառավարության որոշման իրավաչափությունը։
ԵՊՀ