Որոշ ուժերի կողմից տեսակետ կա, որ Սերգեյ Լավրովի այցը պատահական չէ, գալիս է՝ հայկական կողմից ինչ-որ բան կորզելու համար: Այսօր այս առնչությամբ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց. «Կորզել, Ռուսաստանը մեզնից ինչ-որ բան է ուզում…Ժողովո՛ւրդ, էսօր մե՛նք ենք իրենցից ուզում, եկեք նայենք պարզ ճշմարտությանը: Մենք ենք ՌԴ-ին դիմում որոշ հարցերում, դա մե՛ր խնդրանքով է: Ոչ թե ՌԴ-ն եկել է, թե ստիպողաբար եկեք բարեկամանանք: Եկեք թույլ չտանք, որ այս անգամ էլ մեզ ֆռռացնեն մատի վրա»:
Հարցին՝ Լավրովի այցը Սյունիքում որեւէ իրավիճակ կփոխի՞՝ Աբովյանը պատասխանեց, որ բանակցությունների դրույթներին տեղյակ չի. «Բայց այն, որ Սյունիքի անվտանգությունը պետք է ապահովի, այն, ինչ այսօր չկա՝ դա փաստ է: ՌԴ-ն ոչ պակաս է հետաքրքրված Սյունիքի, ընդհանրապես Հայաստանի եւ Արցախի անվտանգությունով»:
Նա ասաց, որ բոլորն էլ լավ հասկանում են, որ Թուրքիայի պլանների իրագործման միակ խոչընդոտը Հայաստանն են ու Արցախը: Հարցին՝ գործող իշխանությունը կկարողանա՞ այդ պլանը ձախողել՝ Աբովյանը պատասխանեց, որ գործող իշխանությունը ինքն էլ չի հասկանում, թե որ ուղով է գնում. մի կողմից խոսում են Թուրքիայի բարբարոսությունների մասին, մյուս կողմից՝ համագործակցության, հարաբերությունների ընդլայնման մասին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ