Տուրիզմի ոլորտում տրանսպորտային ծառայություններ մատուցող մի քանի ընկերություններ այսօր, ի նշան բողոքի, մասնակի փակել էին Մոսկովյան փողոցը: Նրանց խոսքով, համավարակի պատճառով կառավարությունն ինչ-որ քայլեր անում է, որպեսզի այս վիճակից դուրս գան, բայց բանկերն անցել են «մոջահեդական պահվածքի»՝ կիրառում են տույժեր, տուգանքներ. «Այն դեպքում, երբ կառավարությունից Կենտրոնական բանկից, մեր ասոցիացիայից հավաստումներ են ստացել, որ շատ շուտով 25-րդ միջոցառումը, որն ուղղված է համավարակի տնտեսական հետեւանքները չեզոքացնելուն, կերկարաձգվի եւ կաջակցի տնտեսվարողներին, բայց բանկի դեպարտամենտի ղեկավարությունը չի ցանկանում սպասել եւ շարունակում են կիրառել տույժեր»,-ասաց «Հայաստանի տուրիստական տրանսպորտային ընկերություններ» ասոցիացիայի ղեկավար Արմեն Աբգարյանը:
Ասոցիացիայի ներկայացուցիչները, որոնք տարբեր բանկերում վարկեր ունեն, որպես 25-րդ միջոցառման շարունակականության հավաստիք էկոնոմիկայի նախարարությունից նամակներ են ներկայացրել բանկեր, սակայն, ըստ Արմեն Աբգարյանի, բանկերը հաշվի չեն առնում եւ շարունակում են տույժեր կիրառել. «Քանի որ չենք կարողանում մարումներ անել, խնդրել ենք սպասել: Կառավարությունը, էկոնոմիկայի նախարարությունն արդեն քննարկել են 25-րդ միջոցառումը երկարաձգելու հարցը եւ շուտով եւս 4 ամսով աջակցության ծրագիրը կերկարաձգվի մինչեւ հուլիս ամիսը»:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելու 25-րդ միջոցառման ծրագրով վարկերի տոկոսների 75 տոկոսը սուբսիդավորում է պետությունը, 25 տոկոսը՝ տնտեսվարողը:
Կարդացեք նաև
«Ի լուր կառավարության, բանկերի, ասում ենք՝ մենք մատաղի գառ չենք եւ չենք սպասելու, որ այս 500 մեքենային հերթով մատաղի պես մորթեն, պատրաստ ենք մինչեւ վերջ պայքարել եւ մեր իրավունքները պաշտպանել: Մենք ոչ թե անպարտաճանաչ տնտեսվարողներ ենք, վարկառուներ ենք, որոնք չեն ուզում մարել իրենց վարկերը, այլ, այսօր ամբողջ աշխարհում այնպիսի պետություններ են լոքդաունների մեջ, որ Հայաստանը, մյուսների համեմատ, լավ վիճակում է»,-ասաց Արմեն Աբգարյանը:
Նրա խոսքով, մեկուկես տարի առաջ բոլոր բանկերն ընկած՝ խնդրում էին, որ իրենց բանկի հաճախորդը դառնան. «Իրար հետեւից զանգում էին, ուզում էին, հենց իրենցից վարկ վերցնենք: Ուզում եմ ասել, որ բոլոր դժվարությունները ժամանակավոր են, նորից տուրիզմը զարգանալու է եւ բանկերի համար դառնալու է ամենացանկալի ոլորտը: Տուրիզմն իր մեջ միայն տրանսպորտը չի ներառում, դրանք տուրօպերատորներն են, հյուրանոցներն են, ռեստորաններն են եւ պետք չէ այսօր հարվածել այդ ճյուղերին, վաղը դժվար կլինի դրանք վերականգնել»:
Բողոքի ցույցի մասնակիցներն ասացին, որ բանկերն արդեն սկսել են դասակարգել վարկառուներին. «Մեր տրանսպորտային պարկը տարածաշրջանում ամենազարգացածն է եւ ճիշտ չէ այդպես վարվել կայացած ոլորտի հետ»:
Անդրադառնալով կառավարության աջակցության ծրագրերին, Արմեն Աբգարյանն ասաց, որ կառավարության մոտեցումը խտրական է. «Սա տուրիստական ընկերությունների շարք է եւ այնպիսի չափորոշիչներ են սահմանել, որոնց հետեւանքով մի մասն անցնում է, մի մասը չի անցնում: Պետք է մոտեցումը փոխեն, որպեսզի այնպես չլինի՝ մի մասը պայթեն, բնակարանները կորցնեն, ընտանիքով մնան դուրս, իսկ մնացածներն օգտվեն»:
Ասոցիացիայի ներկայացուցիչների խոսքով, եթե իրենց ձայնը լսելի չլինի, 500 տրանսպորտային միջոցներով ամբողջ քաղաքն են փակելու:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ