Լրահոս
Օրվա լրահոսը

Պատշաճ պատվաստման հավաստագիր ունեցող քաղաքացիները ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա. կառավարությունը մեղմացնում է կարանտինի սահմանափակումները

Մայիս 06,2021 17:37

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը  փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)  տարածման կանխարգելման միջոցառումների արդյունավետ իրականացնելու նպատակով: Ըստ այդմ, առաջարկվում է  հստակեցնել ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների կողմից սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու դեպքում հոսպիտալացման կամ մեկուսացման կիրառման դրույթը: Նախատեսվում է նաև ՀՀ մուտք գործող անձի կողմից ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)  դեմ պատվաստված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ՝ պատվաստման  սերտիֆիկատ: Որոշումը կնպաստի նաև տուրիզմի զարգացմանը, տնտեսության որոշ ոլորտների ակտիվացմանը:

Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, այն քաղաքացիները, ովքեր կունենան պատշաճ պատվաստման հավաստագիրը՝ «կանաչ անձնագիրը», այսուհետև Հայաստան  գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստի հանձնման կարիք չեն ունենա: «ՊՇՌ թեստի բացասական արդյունքը և պատվաստման «կանաչ անձնագիրը» հավասարապես կգործեն որպես սահմանի հատման պահանջ: Պետք է ուշադրություն դարձնել, որ սա մեր երկիր մուտք գործելու պահանջն է, այլ երկրների քաղաքականությունը ևս փոփոխվում է ժամանակի ընթացքում: Պետք է ուշադիր լինել  և երկրից մեկնելու համար պետք է նայել, թե տվյալ երկիրն ինչ պահանջ է ներկայացնում»,- ասել է նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ  դիտարկում են և փորձում  ժամանակից հետ չմնալ ու քաղաքացիներին զերծ պահել ավելորդ կատարվող հետազոտություններից և ֆինանսական միջոցներ ծախսելուց:

Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է նաև այլ փոփոխության մասին, որի համաձայն՝ մինչև 1 տարեկան երեխաների երկիր մուտք գործելուց ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է: «Ուսումնասիրություններ անելուց հետո հանգեցինք, որ մինչև 1 տարեկան երեխաներին զերծ պահենք: Եթե ընտանիքի անդամների մոտ բացասական է արդյունքը, ուրեմն շատ մեծ է հավանականությունը, որ մինչև 1 տարեկան երեխան այլոց հետ չի շփվում ու նրա թեստի արդյունքն էլ բացասական կլինի»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է,  որ այս որոշումը 2 կողմ ունի. «Առաջինը՝ ՀՀ-ից մեկնող մեր քաղաքացիների մասին է: Երբ նրանք պատվաստվում են և դրանից հետո են մեկնում, վերադառնալիս արդեն հավելյալ գործողություն անելու անհրաժեշտություն չեն ունենում: Սա կարևոր է: Այսինքն՝ շատ լավ կլինի, եթե մեր քաղաքացիները մեկնելուց առաջ պատվաստվեն, որպեսզի վերադառնալիս արդեն որևէ նախակորոնավիրուսային ռեժիմով մուտք գործեն մեր երկիր:  

Երկրորդ կողմը վերաբերում է զբոսաշրջիկներին: Պետք է արձանագրել, որ մեր զբոսաշրջային ոլորտը վերականգնման շատ թույլ նախանշաններ է ցույց տալիս և այս առումով նույնպես կարևոր է, որ մենք հնարավորություն տանք զբոսաշրջիկներին, որոնք արդեն պատվաստվել են՝ առանց հավելյալ ստուգումների մուտք գործել երկիր: Այստեղ, իհարկե, պետք է այդ տեղեկատվությունը տարածել և ենթադրվում է, բոլոր երկրներում էլ արդեն կան այդ էլեկտրոնային «կանաչ անձնագրերը», և այս կարգավորումը պետք է վերաբերի նաև նրանց: Ուզում եմ արձանագրել նաև հետևյալը՝ Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս»:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ժամանակը և դինամիկան բերում են այն համոզմունքին, որ բավականին լավ են կառավարել և կառավարում կորոնավիրուսի համավարակը. «Ես հիշում եմ, որ 2020 թվականի՝ մայիսին, հունիսին, օգոստոսին մեզ ի ցույց էին դնում մի շարք երկրների օրինակներ և մեղմ ասած փոթորիկներ էին ստեղծում մեր իրադրության շուրջ: Ես բոլոր այդ մարդկանց և մեր բոլոր հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս տեսնել, թե 2020 թվականից հետո ինչ է տեղի ունեցել մեզ ի ցույց տրվող երկրներում մինչև այսօր, նայել դինամիկան, բոլոր թվերը, առողջապահական համակարգի վիճակները ու տեսնել, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում:

 Մենք նաև ամենաճգնաժամային շրջանում՝ հետպատերազմական շրջանում և այլն, հասկանալի պատճառներով ունեցել ենք օրը ընդհուպ 2000 դեպք, բայց իրավիճակն այդ առումով երբեք դուրս չի եկել վերահսկողությունից: Մենք այսօր ունենք 425 դեպք, որը փոքր թիվ չէ, բայց եթե նայում ենք վերջին 10 օրվա դինամիկայի մեջ,  կարող ենք արձանագրել, որ վիճակը կայունանում է: Երեկ Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում զեկուցվեց, որ հիմա նորից հիվանդանոցները հետ են ծավալվում: Ըստ էության կարող եմ ասել, որ մենք այստեղ անհավատալի արագություններ ենք զարգացնում, թե ինչ արագությամբ ենք մենք հիվանդանոցները ծավալում և հետ ծավալում»:

Վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրվել է պատվաստվածների թվով, որին ի պատասխան Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ երեկվա դրությամբ ունենք 7100 պատվաստված: Նիկոլ Փաշինյանը նշել է,  որ պատվաստման գործընթացն ունի առաջին հերթին առողջապահական նշանակություն, հետո տնտեսական, քանի որ հատկապես զբոսաշրջության առումով հիմա հոսքերի վերաուղղորդում է տեղի ունենում. «Զբոսաշրջային հոսքերն ուղղվում են դեպի այն երկրներ, որտեղ բնակչության պատվաստման առավել բարձր մակարդակ կա: Ես ուրախ եմ արձանագրել, որ կառավարության անդամների մեծ մասն արդեն պատվաստվել է, ընդ որում՝ պատվաստվել են մեր ձեռքի տակ եղած բոլոր պատվաստանյութերով: Հայաստանը պետք է շատ արագ ձևով համալրի «կանաչ երկրների» ցանկը:  Եթե մենք պատվաստումը հասցնենք պատշաճ մակարդակի՝ համոզված եմ, որ տնտեսական տեմպը ոչ միայն կպահպանվի, այլ կարագանա: Այս առումով ես հատկապես հույս ունեմ, որ մեր բիզնես հանրության ներկայացուցիչները կխրախուսեն աշխատողներին, որպեսզի կազմակերպված ձևով ընկերություններում տեղի ունենա պատվաստում: Հատկապես հիմա Առողջապահության նախարարությունը շրջիկ խմբեր է կազմակերպում, և մեծ ձեռնարկություններ կարող են  նախարարության հետ պայմանավորվել, գնան տեղում իրականացնեն պատվաստումը: Մենք հիմա մտածում ենք նաև, որ պատվաստում իրականացրած սպասարկման ոլորտի՝ հյուրանոցների, ռեստորանների, պետական հատուկ տարբերանշաններ  թողարկենք՝  մուտքերի մոտ փակցնելու համար, որպեսզի զբոսաշրջիկները վստահ լինեն, որ աշխատակազմը պատվաստված է և կարող են հանգիստ այդ ռեստորանի կամ հյուրանոցի կամ որևէ այլ օբյեկտի ծառայությունից օգտվել՝ առանց մտավախություն ունենալու կորոնավիրուսով վարակվելու: Իհարկե, մենք այլ խթաններ նույնպես պետք է մտածենք, թե ինչպես շահագրգռենք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք պատվաստվեն»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է պատշաճ իրազեկման   կարևորությունը. «Սա պետք է լինի առաջիկայում մեր ամենօրյա աշխատանքը՝ նախարարություններում, գերատեսչություններում, ընկերություններում: Սա չափազանց կարևոր առողջապահական, տնտեսական խնդիր է մեր երկիրն աշխարհի քարտեզի վրա ճիշտ դիրքավորելու առումով»:

Միջազգային համագործակցություն.  ՀԲ-ն 3 մլն 718 հազար դոլար կտրամադրի  Արցախում իրականացվող  միջոցառումների համար

Գործադիրը հավանություն է տվել  Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Պետականության և խաղաղարարության հիմնադրամի միջոցներից «Հայաստանի աջակցությունը հակամարտության ազդակիր ընտանիքներին» դրամաշնորհի նամակ համաձայնագրի  ստորագրման առաջարկությանը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3,718,218 ԱՄՆ դոլար։ Դրամաշնորհով կիրականացվի չորս ծրագիր` Հայաստանում Արցախից տեղահանված անձանց և նրանց հյուրընկալող ընտանիքներին կանխիկ դրամական փոխանցումների, ինչպես նաև Հայաստանում տեղահանված անձանց համար վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրի և ժամանակավոր զբաղվածության ծրագրի իրականացման միջոցով: Տրամադրվելիք դրամական աջակցության նպատակն է ժամանակավոր օժանդակություն ցուցաբերել տուժած ընտանիքների եկամուտների ապահովմանը: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը նշել է, որ նախորդ տարվա նոյեմբերին Վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի շրջանակում իրականացվել և իրականացվում է  սոցիալական ծրագրեր տեղահանված,  տուժած հայրենակիցների համար:

 «Այս պահին ընթացքի մեջ է  25 ծրագիր: Մենք, բնականաբար, բոլոր այդ միջոցառումները քննարկում ենք մեր միջազգային գործընկերների հետ, այդ թվում՝ ֆինանսական կառույցների: Տվյալ դեպքում Համաշխարհային բանկը պատրաստակամություն է հայտնել 25-ից 4 միջոցառումների գծով հանդիսանալ անհատույց համաֆինանսավորող և 3 մլն 718 հազար դոլարի չափով դրամաշնորհ է ցանկանում տրամադրել ՀՀ կառավարությանը՝ այդ միջոցառումների իրականացմանը խթան որպես»,- ասել է Մհեր Գրիգորյանը:

Կառավարությունը շարունակում է կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացը.  2 մլրդ 942 մլն դրամ՝  15 դպրոց և 10 մանկապարտեզ կառուցելու համար

Կառավարության որոշմամբ 2 մլրդ 942 մլն դրամով  կավելացվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. բյուջեն: Գումարը նախատեսվում է հատկացնել Քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքների շարունակականության ապահովման համար, ինչպես նաև Արմավիրի մարզի Արեւիկ համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման և թվով 9 համայնքներում նույն տիպի մանկապարտեզների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և շինարարական աշխատանքների մեկնարկման համար:

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացը կրում է շարունակական բնույթ։ Անհրաժեշտ է ապահովել արդեն մեկնարկած շինարարական աշխատանքների շարունակականությունը: «Մասնավորապես փոքրաքանակ երեխաներով համալրված թվով 15 հանրակրթական դպրոցի մոդուլային շենքերի կառուցման նպատակով 1.5 մլրդ դրամ է հատկացվել, որտեղ ներառված է 2 դպրոց Արագածոտնի մարզում, 1 դպրոց Արարատի մարզում, 1 դպրոց Արմավիրի մարզում, 2 դպրոց Գեղարքունիքի մարզում, 2 դպրոց Լոռու մարզում, 3 դպրոց Սյունիքի մարզում, 1 դպրոց Վայոց ձորի մարզում, 1 դպրոց Շիրակի մարզում, 2 դպրոց Կոտայքի մարզում: Բոլոր դպրոցներում նախատեսված են ապաստարաններ և ենթադրվում է, որ այս դպրոցները պետք է նաև դառնան համայնքային կենտրոններ՝ մշակութային, սպորտային: Այսինքն՝ բոլորը կունենան հնարավորություն այդ դպրոցներում անցկացնել իրենց ժամանակը, զբաղվել հետաքրքիր գործունեությամբ»,-ասել է Վահան Դումանյանը:

Մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզների կառուցումը նախատեսված է բոլոր մարզերում, որի համար նախատեսվում է 1 մլրդ 396 մլն դրամ: «Արմավիրի մարզի Արևիկ համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզը նախատեսվում է ավարտել այս տարի, որի համար կտրամադրվի 496 մլն դրամ: Մնացած յուրաքանչյուր մարզի համար նախատեսվում է 100 մլն դրամ՝ նախագծանախահաշվային աշխատանքները, մրցույթների հայտարարումը մեկնարկելու համար»,- ասել է նախարարի պաշտոնակատարը:

Վարչապետի պաշտոնակատարը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այն  կայացվում է ի կատարումն կարևորագույն ռազմավարական ուղղություններից մեկի՝ կրթության ոլորտում իրականացվող խորքային բարեփոխումների: «Շատ կարևոր է արձանագրել, որ մենք կրթության ոլորտում բարեփոխումների մեր պատկերացումներն, ըստ էության, ամբողջացրել ենք, և այդ բարեփոխումները ներառում են նախակրթարանից մինչև բարձրագույն և հետբուհական կրթություն: Իհարկե, ինչքան էլ ամբողջացնում ենք, այստեղ ևս մի կոմպոնենտ ենք ավելացնում սրան. ժողովրդագրական ծրագրերը նույնպես պետք է դրվեն այս շղթայի մեջ որպես նախնական, բայց կարևորագույն օղակ», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կարևոր է ընդգծել, թե որ համայնքներում են այդ ծրագրերը  իրականացնում. «Առաջինը՝ դպրոցաշինության ծրագիրն է: Այս ծրագիրը անցյալ տարի մեկնարկել էինք, բայց պատերազմի պատճառով որոշակի գործընթացները դանդաղեցին, և հիմա վերականգնում ենք ֆինանսավորումն ամբողջ ծավալով, որպեսզի շինարարությունը շարունակվի: Եվ ըստ այդմ, Արագածոտնի մարզում՝ Լուսակնի  և Գառնահովիտի միջնակարգ դպրոցները, Արարատի մարզում՝ Դեղձուտի միջնակարգ դպրոցը, Արմավիրի մարզում Արգինայի միջնակարգ դպրոցը,  Գեղարքունիքի մարզում՝ Լեռնահովիտ գյուղի Բարեղամյանի անվան հիմնական դպրոցը և Շատջրեկ գյուղի միջնակարգ դպրոցը,  Լոռու մարզում՝ Մեդովկայի, Հագվու միջնակարգ դպրոցները,  Սյունիքում՝ Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոցը, Վաղատինի և Դարբասի միջնակարգ դպրոցները, Վայոց ձորի մարզում՝ Եղեգիսի միջնակարգ դպրոցը, Շիրակի մարզում՝ Բերդաշենի միջնակարգ դպրոցը, Կոտայքի մարզում՝ Ջրառատի միջնակարգ դպրոցը, Կաթնաղբյուրի հիմնական դպրոցը»:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է գյուղական դպրոցներն ամրապնդելու քաղաքականության իրականացման կարևորությունը. «Բայց մյուս կողմից՝ մենք հասկանում ենք, որ պարտավոր ենք իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ գյուղական դպրոցում կրթության որակը մեծ խզում չունենա մայրաքաղաքի դպրոցներից: Ես ուզում եմ արձանագրենք, որ այս ծրագրին զուգահեռ մենք իրականացնում ենք ուսուցիչների ատեստավորման գործընթացն, որն  արդեն մայիսից մեկնարկել է: Մենք իրականացնելու ենք նաև հեռավար կրթության ծրագիր, որ այս դպրոցներում հնարավոր լինի դասեր իրականացնել՝ հեռավար եղանակով: Որոշակի փոփոխություններ ենք իրականացնում ուսուցիչների գործուղման համակարգում, որպեսզի, պատկերավոր ասած, Երևանից ուսուցիչները դեպի գյուղական դպրոցներ որոշակի ժամանակով գործուղվելու ավելի մեծ խթաններ և շահագրգռություն ունենան»:

Անդրադառնալով մանկապարտեզների ծրագրին՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում կառավարությունը կսահմանի նախակրթության չափորոշիչը: Նա  ներկայացրել է, թե Արմավիրի մարզի Արևիկ համայնքից բացի, որ համայնքներում է մսուր-մանկապարտեզներ կառուցվելու՝ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք, Արարատի մարզի Արալեզ համայնք, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնք, Լոռու մարզի Սպիտակ համայնք, Կոտայքի մարզի Հրազդան համայնք, Շիրակի մարզի Արթիկ համայնք, Սյունիքի մարզի Կապան համայնք, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայր, Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայր:

«Մենք որդեգրել ենք հետևյալ քաղաքականությունը, որ կառավարությունը միջոցներ է ներդնում, որպեսզի համայնքներում կառուցի, ստեղծի, ձևավորի մանկապարտեզներ, բայց համայնքները պետք է իրականացնեն այդ մանկապարտեզների հետագա ֆինանսավորումը՝ հաստիքներ, աշխատավարձ և այլն:  Մյուս կողմից՝ մենք ի՞նչ բովանդակային փոփոխություն ենք իրականացնում: Մանկապարտեզը չպետք է լինի ուղղակի տեղ, որտեղ  ծնողները երեխաներին թողնում են «իքս» ժամից «իքս» ժամը: Դա կրթական պրոցեսի կարևոր մաս է,  երեխան մանկապարտեզ է գնում առաջին հերթին կրթություն ստանալու: Մենք ուսուցիչների ատեստավորման պրոցեսը նորից նույն ձևով իրականացնելու ենք նաև մանկապարտեզի ուսուցիչ-դաստիարակների համար»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առաջին հերթին այն համայնքներում են մանկապարտեզ կառուցում, որտեղ համայնքը ստանձնում է հետագա ամբողջ ֆինանսական ծախսերը հոգալու պարտականությունը: «2019 թվականին արձանագրեցինք մի այնպիսի իրավիճակ, որ ոչ բոլոր համայնքներն են, որ այդպիսի իրավիճակ ունեն: Նաև սա է պատճառը, որ 2020 թվականին մենք գույքահարկի համակարգի բարեփոխում իրականացրեցինք, ինչը հնարավորություն պիտի տա համայնքների եկամուտների ավելացման: Հիշում եք՝ շատ մեծ աղմուկ և քննարկում եղավ, թե ինչպես կարելի է գույքահարկը մեծացնել, բայց դա ներդրվելու է այդ թվում՝ գույքահարկ վճարողների երեխաների ապագա բարեկեցությունն ապահովելու գործում:

  Եվ շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանում բարեփոխումների գործընթաց տեղի չի ունենում կամ դանդաղ է տեղի ունենում: Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք, որ 2020թ. ճգնաժամային տարում արվել են սկզբունքային նշանակություն ունեցող բարեփոխումներ: Գույքահարկի համակարգի փոփոխությունը, օրինակ, պետական կարևորագույն բարեփոխումներից մեկն էր»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Անդրադառնալով աշխատատեղերի խնդրին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ  Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդներ ենք սահմանվում: «Այսինքն՝ ամեն անգամ մենք արձանագրում ենք, որ գրանցված և աշխատավարձ վճարող աշխատատեղերի քանակը մեծանում է: Իհարկե, ամենատարբեր վերլուծությունները կան, թե ինչն է սրա պատճառը: Բայց ես կրկին ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 2018թ. մենք նախաձեռնում էինք համահարթ եկամտային հարկի վերաբերյալ բարեփոխումները, մենք ունեինք հենց այդ թիրախը: Այն ժամանակ էլ շատ մեծ բանավեճեր էիր տեղի ունենում: Բայց մենք ասում ենք, որ մեր թիրախն այն է, որպեսզի ստեղծենք ռեալ շահագրգռություն, որպեսզի աշխատավարձերը և աշխատատեղերը դուրս գան ստվերից: Եվ մենք այսօր տեսնում ենք, որ այդ փոփոխություններից հետո, գործընթացը լիարժեք աշխատում է: Հիմա մենք ի՞նչ իրավիճակ ունենք որպես արդյունք՝  ունենք աշխատատեղերի աճ, որոնց մի մասն ակնհայտորեն ստվերից դուրս է եկել: Իհարկե, ենթադրվում է, որ նոր աշխատատեղեր էլ են ստեղծվել: Արդյունքում՝ մենք ունենք միջին աշխատավարձի աճ: Այսինքն՝ ոչ միայն աշխատատեղեր են ստվերից դուրս եկել, այլև՝ աշխատավարձերն են ստվերից դուրս եկել: Եվ վերջնարդյունքը՝ մենք ավելի ցածր եկամտային հարկի պայմաններում ունենք ավելի մեծ եկամտային հարկի բազա: Այսինքն՝ ավելի ցածր հարկային դրույքով ավելի շատ հարկեր ենք հավաքում:

 Այն, ինչ որ ես հիմա ասացի, կներեք, դարակազմիկ բարեփոխումներ են Հայաստանի Հանրապետության համար: Եվ այդ ցուցանիշների առումով, որոնց մասին խոսում ենք,  շղթայական ռեակցիան է շատ կարևոր: Այս դպրոցաշինության ծրագրերն ինչո՞ւ ենք կարողանում իրականացնել, որովհետև հարկային բարեփոխումների արդյունքում մենք ունենք ավելի մեծ հարկեր, ունենք ավելի շատ եկամտային հարկ»,-ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  ծրագրի նպատակը քիչ բնակչություն ունեցող համայնքների և բնակավայրերի նկատմամբ ուշադրությունն ընդգծելը չէ. «Մեր նպատակն այն է, որ մենք ծրագրեր իրականացնենք, որպեսզի այդ բնակավայրերում բնակչության թիվն ավելանա, երեխաների թիվն ավելանա: Սա կոնսերվացնող ծրագիր չէ, որ այ, փոքր համայնք է, այնպես անենք, որ յոլա գնա: Սա զարգացման ծրագիր է, որպեսզի այդ համայնքները մեծանան»

Դիմելով մարզպետներին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ բոլոր համայնքների ղեկավարներին պետք է հանձնարարել, որպեսզի նրանք ուսումնասիրեն գույքահարկի մասին օրենսդրությունը, փոփոխությունները, հաշվարկեն սպասվող իրենց բյուջետային եկամուտների աճը: «Հանրապետության բոլոր բնակավայրերի երեխաների համար մենք պետք է ապահովենք մանկապարտեզներ: Ընդ որում, հաշվարկները պետք է ճշգրիտ անել: Օրինակ, երբ մենք Ռինդ համայնքում նորակառույց շատ լավ մանկապարտեզ այցելեցինք, այդ մանկապարտեզը նախատեսված է ոչ միայն Ռինդի բնակիչ երեխաների համար: Եվ մենք կարող ենք մի քիչ խոշորացված տրամաբանությամբ սկսել, հետո երբ երեխաների թիվը կավելանա, կպարզվի, որ Ռինդի երեխաներն, օրինակ, բավարար թվով են, որպեսզի այդ մանկապարտեզը ծանրաբեռնեն, մենք շղթայական մյուս տեղերում էլ կիրականացնենք: Իհարկե, սուբվենցիոն ծրագրերով էլ պետք է իրականացվի մանկապարտեզաշինություն, բայց սկզբունքը, միևնույն է, դա է, որ շահագործման հանձնելուց հետո համայնքը պետք է ապահովի աշխատավարձ, հաստիքներ, սպասարկում, կոմունալ ծախսեր, ընթացիկ նորոգումներ և այդպես շարունակ: Եվ մենք այդ գործիքը տվել ենք համայնքներին, ինչպես ասացի, գույքահարկի մասին օրենսդրության մեջ կատարված փոփոխություններով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը  հանձնարարել է ԿԳՄՍ նախարարին՝  նախակրթության ոլորտում դաստիարակ-ուսուցիչների ատեստավորման գործընթացը բովանդակային և տեխնիկական առումով կարգավորել դպրոցների նույն սկզբունքով. «Այստեղ էլ ունենք պրոբլեմ՝ կադրերի որակավորման բարձրացման մեխանիզմ գործարկելու և որպես արդյունք՝ նաև աշխատավարձերի շարունակական աճն ապահովելու համար: Այսինքն՝ այս գործընթացը պետք է սկսել:

Նախակրթության չափորոշիչի մասին խոսեցինք՝ շրջանառության մեջ է, և մենք առաջիկայում պետք է ընդունենք:

Երկրորդ, այդ հարցն արդեն պետք է արդեն կոնկրետացնենք գյուղական բնակավայրերում ուսումնական ցիկլերի այնպիսի կազմակերպում, որ հնարավոր լինի, այսպես ասած, բարձր որակավորման ուսուցիչների, ասենք, ամսվա մեջ մի քանի օր, կամ սեզոնի ավարտից հետո, ամառային շրջանում գործուղել գյուղական դպրոցներ, որպեսզի նրանք այնտեղ դասավանդում իրականացնեն ինչ-որ մեթոդաբանությամբ:

Եվ հաջորդը՝ հեռավար դասավանդման տեխնիկական միջոցներ արդեն ունենք, ենթակառուցվածքի մասով ինչ-որ լուծումներ ունենք, և շատ կարևոր է, որ մենք բովանդակությունը հասկանանք՝ ի վերջո, աշխատո՞ւմ է դա: Որովհետև հարցն այն չէ, որ էկրանից ինչ-որ մեկը երևա և ինչ-որ բան ասի: Այստեղ բազմաթիվ նրբություններ կան՝ ինչպե՞ս ենք մենք օգնելու երեխային, որ ինքը կենտրոնանա նյութի վրա, ընկալի և այլն: Այո, գործուղման վճարները մենք ավելացրել ենք, բայց պետք է արդեն գործարկել այդ պրոցեսը և հասկանել, թե այստեղ ինչ հնարավորություններ կան, ինչ փոփոխություններ պետք է անենք, որպեսզի գործընթացն ամբողջանա:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն ուժի մեջ մտնելու հետ կապված որոշակի խնդիրներ կան, հույս ունեմ՝ այդ խնդիրներն առաջիկայում կհաղթահարվեն, որպեսզի  մենք այս շղթան ամբողջացնենք: Եվ հույս ունեմ, որ այն գաղափարները, որ մենք ունենք ժողովրդագրության ոլորտում, իրագործելու ուղիները կգտնենք, և այս առումով մարդկային ռեսուրսի զարգացման այս մի ուղղությունը կամբողջացնենք»:

Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում կարևորել է նաև ուսումնական հաստատություններում «Ֆիզկուլտուրա» առարկայի  անցկացնումն ու դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը. «Զանգվածային սպորտի հետ կապված նույնպես պլաններ կան, բայց այս ուղղությունները պետք է անընդհատ մեր ուշադրության կենտրոնում լինեն: Այսօր Հայաստանում ոչ մի բուհ չկա, որ ունենա ժամանակակից պահանջներին համապատասխան ենթակառուցվածք՝ շենք: Այսօր Հայաստանում բուհերի մեծ մասն ուղղակի մարզական ենթակառուցվածք ընդհանրապես չունի: Սա հարց է, որը մենք, իհարկե, կքննարկենք»:

Գործադիրն ընդունել է մեկ այլ որոշում՝ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով: Հիմնավորման համաձայն՝  ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի  միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացման փուլում գտնվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում առաջնահերթ կարգով կառուցվում և վերակառուցվում են սեյսմիկ տեսանկյունից առավել խոցելի հանրակրթական դպրոցական  շենքերը։ Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել հստակեցնելու առավել վտանգավոր դպրոցական շենքեր ունեցող դպրոցների ցանկը։ Կառավարության որոշումներով հաստատվել է  ծրագրի շրջանակում կառուցվելիք կամ ամրացվելիք դպրոցների ցանկը։ 2019-2020 թթ. ավարտվել են 6 դպրոցների շինարարական աշխատանքները, ներկայումս շինարարություն է իրականացվում 12 դպրոցում, 15 դպրոցում՝ նախագծային աշխատանքներ։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքներով ի հայտ են եկել  հանրապետության բնակավայրերում էլ ավելի վատթար վիճակում գտնվող, առաջնահերթ լուծում պահանջող  դպրոցական շենքեր։   Ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով  ստեղծված  աշխատանքային խմբի ներկայացուցիչների կողմից ևս մեկ անգամ ուսումնասիրվել են որոշումներով հաստատված Երևանի թիվ 188 հիմնական դպրոցի, ՀՀ Արարատի Այգեստանի  միջնակարգ դպրոցի, ՀՀ Արմավիրի մարզի Մրգաշատի թիվ 2 միջնակարգ դպրոցի, ՀՀ Լոռու մարզի Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոցի, ՀՀ Վայոց ձորի Վայքի հիմնական դպրոցի շենքերը  և որպես առավել վտանգավոր 10 դպրոցներ։  Ըստ այդմ, առաջարկվում է փոփոխություններ կատարել՝ ցանկում ներառելով առավել վտանգավոր դպրոցները:

Սոցիալական աջակցություն կստանան նաև ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները 

Կառավարությունը փոփոխություններ է կատարել  ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառման տրամադրման կարգում: Գործող կարգով նախատեսված սոցիալական աջակցությունից չեն օգտվում ռազմական գործողությունների պատճառով վնասվածք կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները: Առկա խնդրին լուծում տալու նպատակով առաջարկվում է սոցիալական աջակցություն տրամադրել նաև ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին:

Ամառային զորակոչը կիրականացվի մայիսի 7-ից հուլիսի 31-ը

Կառավարությունն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում: Ամառային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվեն հանրապետական և մարզային զորակոչային հանձնաժողովներ, ինչպես նաև Կենտրոնական բժշկական հանձնաժողով։ Ըստ  այդմ ՝ մայիսի 7-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կհայտարարվի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը: Նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել մինչև  հուլիսի 31-ը ներառյալ:

Օրենսդրական նախաձեռնություն

Գործադիրը հավանություն է տվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծով ակնկալվում է ապահովել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունը և դրա արդյունքում՝ Համաշխարհային բանկի «Գործարարություն» զեկույցի «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցչի մասով արձանագրել Հայաստանի դիրքի առաջընթաց: Օրինագիծը մշակվել է «Փոքր բաժնետերերի պաշտպանություն» ցուցչի մասով զեկույցում Հայաստանի դիրքի բարելավման շարունակականությունն ապահովելու նպատակով: Մասնավորապես՝  նախագծով առաջարկվում է սահմանել, որ շահագրգռվածություն ունեցող բաժնետերն իրավունք չունի ներկա գտնվել շահագրգռվածության առկայությամբ գործարքների վերաբերյալ ժողովի որոշումների քննարկմանը կամ քվեարկությանը: Օրինագծով սահմանվել  է նաև, որ բաժնետերերի ժողովի գումարման մասին բաժնետերերին առնվազն 21 օր առաջ ծանուցելու՝ օրենքով սահմանված պահանջը տարածվում է բոլոր բաց բաժնետիրական ընկերությունների վրա՝ անկախ բաժնետերերի քանակից: Նախագիծն ընդունվելու և ՀԲ գնահատող թիմի կողմից որպես բարեփոխում ճանաչվելու դեպքում Առաջին բաղադրիչի «տեղեկատվության բացահայտում» ենթացուցչի մասով Հայաստանը կունենա 9 միավոր ներկայիս 7-ի փոխարեն, երկրորդ բաղադրիչի «կորպորատիվ թափանցիկություն» ենթացուցչի մասով՝ 6 միավոր ներկայիս 5-ի փոխարեն։ Արդյունքում «Գործարարություն 2022» զեկույցում «Փոքր բաժնետերերի պաշտպանություն» ցուցչի ընդհանուր միավորները կդառնան հնարավոր 50-ից 40, իսկ «Փոքր բաժնետերերի պաշտպանություն» ցուցչի հեռավորությունը լավագույն արդյունքից ցուցանիշը կդառնա 80 «Գործարարություն 2021» զեկույցի ակնկալվող 74-ի փոխարեն։

Քայլեր ձեռնարկվեն Արփա-Սևան թունելի անխափան աշխատանքը, Սևանա լճի ջրերի խնայողությունն ապահովելու ուղղությամբ

Գործադիրն ընդունել է որոշում՝ Արփա-Սևան թունելի անխափան աշխատանքի, ինչպես նաև Սևան-Հրազդանյան ջրավազանի ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող համայնքների հողատարածքները ոռոգման ջրով ապահովելու, ինչպես նաև Սևանա լճի ջրերի խնայողություն ապահովելու համար: Մասնավորապես, նախատեսվում է   Սևանա լճի մակարդակի աստիճանական բարձրացման նպատակով թունելով Սևանա լիճ առավելագույն քանակի ջրի տեղափոխման համար Կեչուտի ջրամբարի, Եղեգիսի հիդրոհանգույցի փականային հանգույցների և ջրաչափական կետերի, «Արփա-Սևան» թունելի ելքամասի ջրաչափական կետերի վերազինում ու արդիականացում: Հիմնավորման համաձայն, նշված հանգույցները շահագործվում են թունելի շահագործման օրվանից և կապիտալ վերանորոգման չեն ենթարկվել: Ֆիզիկապես և բարոյապես մաշված փականային հանգույցների և ջրի հաշվառքի սարքերի միջոցով իրապես հնարավոր չէ ճշգրիտ կերպով իրականացնել անհրաժեշտ ուղղությամբ ջրի պահանջվող հոսքերի կառավարում, որը ջրի ոչ ճիշտ հաշվառքի և, հետևաբար՝ ոչ նպատակային օգտագործման պատճառ է դառնում: Նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայն նախատեսվում է իրականացնել 107,232.9 հազ. դրամի վերազինման և արդիականացման աշխատանքներ:

Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում հողերի դեգրադացիայի չեզոքացման ծրագիրը: Այն կնպաստի հողային պաշարների պահպանության, օգտագործման և կառավարման խնդիրների լուծմանը: Արդյունքում կբարձրանա հողերի կառավարման արդյունավետությունը և անապատացման հիմնախնդիրների ու դրանց լուծման վերաբերյալ հասարակության իրազեկությունը, կընդլայնվի միջազգային համագործակցությունը:

Այլ որոշումներ. Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները առաջնային օժանդակություն կստանան

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հարկադիր, ինչպես  նաև  կամավոր Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին    առաջնային օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Վերջիններիս նախատեսվում է տրամադրել իրենց կարիքներին համապատասխան ուղղորդման և խորհրդատվական ծառայություններ: Ըստ հիմնավորման՝ ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում, ինչպես նաև կացարանով ապահովում։ Առաջին բաղադրիչը վերաբերում է հավասարապես հարկադիր և կամավոր վերադարձող ՀՀ քաղաքացիներին, իսկ երկրորդ բաղադրիչը՝ հիմնականում հարկադիր, իսկ  առանձին դեպքերում` նաև կամավոր վերադարձած ՀՀ քաղաքացիներին։  Արդյունքում՝ պետության օժանդակությամբ վերադարձողներն ի վիճակի կլինեն վերահաստատվել և նոր կյանք սկսել հայրենիքում։ Ծրագրի ընդունումը կարևոր քայլ է ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակում Հայաստանի պարտավորությունների իրականացման արդյունքում առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ, ինչը նաև կարևոր հանգամանք է ՀՀ-ԵՄ միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկի համար։

Կառավարությունն ընդունել  է «Բնակելի տարածք նվիրելու մասին» որոշումներ: Մասնավորապես, Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Արարատի մարզի, Սայաթ-Նովա համայնքի Հ. Շիրազի փողոց 3-րդ փակուղի 2 բնակելի տուն հասցեում գտնվող գույքը, Երևանի  Մոլդովական 29/1, Արագածոտնի մարզի քաղ. Աշտարակ, Գիտավան 9-րդ շենքի, Կոտայքի մարզի քաղ. Աբովյան, Ուսանողական թաղամաս 4/1, Սյունիքի մարզի քաղ. Գորիս, Կոմերիտմիության 2/1 և Արագածոտնի մարզպետարանի հաշվեկշռում հաշվառված` Արագածոտնի մարզ, գ. Շամիրամ, 1-ին փող., 4-րդ շենք հասցեներում բնակվող քաղաքացիներին կնվիրվեն այնտեղ բնակվող  ՀՀ քաղաքացիներին` սեփականության իրավունքով։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31