Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Մեդիատեռորի մեջ եք մեղադրո՞ւմ ինձ, տիկին Կարապետյան․ լո՞ւրջ եք ասում»․ Արման Թաթոյան

Մայիս 06,2021 17:22

«Տիկին Կարապետյան, ձեր ասածը փաստերի կեղծում է, բացահայտ կեղծիք, ու շատ վիրավորական է ՄԻՊ սահմանադրական ինստիտուտի հանդեպ ձեր՝ որպես կառավարող խմբակցության անունից ելույթ ունեցողի կողմից նման ուղերձներ հղելը»,-Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2020թ․-ի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով «Իմ քայլից» Մարիա Կարապետյանի՝ այսօր ելույթի ժամանակ ՄԻՊ-ի աշխատանքի վերաբերյալ հնչեցրած որոշ գնահատականներին։

Արման Թաթոյանը շեշտեց․ «ՄԻՊ-ը միշտ է եղել անկաշկանդ, տիկին Կարապետյան։ Եթե ՄԻՊ-ն անկաշկանդ չլիներ, 2018թ․-ի ապրիլ-մայիսի իրադարձությունների ժամանակ միջազգային ամբիոններից չէր ստանա օրինակելի կառույցի կարգավիճակ․․․բացի այդ, այդ մեդիատեռորի մեջ եք մեղադրո՞ւմ ինձ, տիկին Կարապետյան։ Լո՞ւրջ եք ասում։ Բա ինչպե՞ս հասկանանք այն փաստը, որ պատերազմից հետո մարդիկ գտնվում էին տեղեկատվական բլոկադայի մեջ։ Պետությունը որդեգրել էր չափազանց սխալ քաղաքականություն, եւ եղածը լցվել էր ապատեղեկատվությամբ։ Գիտե՞ք ինչ կա, Ադրբեջանի նպատակն է աշխարհին ասել, որ ամեն ինչ նորմալ է, իշխանությունն էլ է նույնն ասում։ Հանրային հեռուստատեսությունը շատ դատապարտելի վարքագիծ է ցուցաբերում։ Սյունիքի հետ կապված իմ հայտարարություններից գրեթե ոչ մի բան չեն լուսաբանում։ Ամբողջությամբ դառել են իշխանության մարմինների քարոզիչ։ Խիստ զգուշացնում եմ հանրային հեռուստատեսությանը՝ որպես հանրային ֆինանսավորում ստացող մարմնի, որ իրենք անաչառ ինֆորմացիա տրամադրող են, ոչ թե ՄԻՊ-ի հայտնած տեղեկություններն աղավաղող։ Հանրային հեռուստատեսությունը հայտարարել է, որ մասնավոր լրատվական ալիք է ստեղծելու։ Հայտարարում եմ, որ այն վերցնելու եմ մոնիթորինգի տակ։ Զգուշացնում եմ, որ չփորձեն աղավաղեն ՄԻՊ-ի հայտարարությունները»։

Արման Թաթոյանն ասաց, որ Մարիա Կարապետյանի ելույթը վիրավորական էր, մանիպուլյատիվ եւ դրանով նա փորձեց նսեմացնել ՄԻՊ-ի աշխատանքը․ «Ավելին՝ ստիպեցիք ինձ այս կերպ անդրադառնալ։ Ես չէի ուզում մտնել այս թեմաների մեջ։ Անցած անգամ էլ ինձ զսպեցի, բայց դուք նորից նույնն արեցիք․․․հայհոյանքներից եք խոսում, բա որ պաշտոնյաներն են հայհոյում ու հայհոյանքը լայքում։ Նման պաշտոնյաներն ինչպե՞ս են հայտնվել պետական համակարգում»։

Ելույթից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դիմեց Արման Թաթոյանին․ «Շատ պատգամավորներ բարձր գնահատեցին ձեր աշխատանքը։ Միաժամանակ, ես էլ էի լսում տիկին Կարապետյանի ելույթը եւ նման նրբերանգներ չնկատեցի։ Չգիտեմ, թե ձեր վրդովմունքն ինչով է պայմանավորված»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31