Հարցին, թե անկախ ընտրությունների արդյունքից Հայաստանում առանց բախումների իշխանափոխություն հնարավո՞ր է, «Ազգային-ժողովրդավարական բեւեռի» խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Ընտրություններով իշխանափոխություն չի լինելու: Դա փաստ է: Իշխանափոխությունը կլինի միայն ու միայն հրապարակները լցնելով, հրապարակներում ակտիվություն ցուցաբերելով, համաժողովրդային կամք պարտադրելով: Իսկ ինչ վերաբերում է բախումներին, ցնցումներին, մենք ամեն ինչ պետք է անենք, որ դա տեղի չունենա՝ անկախ այն հանգամանքից, թե մենք ինչպես ենք վերաբերվում այս քաղաքական ուժի լիդերին կամ ղեկավարությանը: Մենք պիտի գիտակցենք, որ իրավունք չունենք նոր ցնցումների: Մեր քաղաքական ուժը այդ մշակույթն ունի, կրում է իր մեջ:
Նոյեմբերի 12-ին, ովքեր հետեւել են մեր գործունեությանը, գիտեն, որ մենք այդ մասին քաղաքական հայտարարությամբ ենք հանդես եկել եւ առաջարկել ենք, որպեսզի բոլոր կողմերից ներկայացուցչական մի համադրող հանձնախումբ ստեղծվի, որը պետք է կանխի հավանական բախումները, կամ տեղի ունեցած բախումները չթողնի ավելի խորանալ: Մենք դա կանխատեսել ենք արդեն նոյեմբերի 12-ից սկսած: Դժբախտաբար, մեր այս առաջարկությանը ոչ մի կողմը չի արձագանքել: Մենք շարունակում ենք մնալ մեր նույն դիքերում: Այսօր էլ որքան մերժում ենք հայտնի ուժերի գոյությունը, էությունը, սակայն այս հարցում պատրաստ ենք գործակցել բոլորի հետ: Մենք մեր երկիրը որեւէ ներքին բախման տանելու իրավունք չունենք»:
Aravot.am-ը Ժիրայր Սեֆիլյանին խնդրեց մեկնաբանել վերջերս «Սասնա Ծռերում» նախկին թիմակից Արմեն Բիլյանի՝ իրենց հասցեին հնչեցրած կոշտ հայտարարությունները: «Արմենը ինչ արեց եւ ասաց, դրանով միայն իրեն վնասեց»,- եղավ կարճ պատասխանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ