Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիները կամ քանդում են, կամ պղծում, կամ յուրացնում». Արցախի ԿԳՄՍՆ ներկայացուցիչ

Մայիս 06,2021 16:13

«Բնական է, որ պատերազմում մեր կրած պարտությունից հետո Ադրբեջանը պետք է ամեն ինչ աներ, որ տարիներ շարունակ Իլհամ Ալիեւի հնչեցրած հռետորաբանությունն իրականություն դառնար: Այժմ էլ ամեն ինչ արվում է, որ հայկական հետքն օկուպացված տարածքներից ջնջվի»,- «Հոդված 3» ակումբում նշեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, «Ադրբեջանը նաեւ փորձում է միջազգային հանրությանը ցույց տալ, որ իբր «պատմականորեն» այդ տարածքները պատկանում են Ադրբեջանին: Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո էլ մենք որպես ԱԺ` փորձել ենք թե ՅՈՒՆԵՍԿՕ-ին, թե Հռոմի պապին, թե Ռուսաց պատրիարքին ու ընդհանրապես միջազգային հանրությանն ուղղված նամակներով ամեն ինչ անել, որ կանխարգելվեն Ադրբեջանի գործողությունները: Հիշում եք, որ հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Ռուսաց պատրիարքը, ասելով, որ Ղազանչեցոց եկեղեցին եւ Դադիվանքը գտնվում են անմիջապես ՌԴ նախագահի հովանու ներքո, սակայն այստեղ եւս ունենք խնդիր, քանի որ Ադրբեջանը խախտում է քաղաքական պայմանավորվածությունները եւ փորձում է ամեն ինչ անել, որպեսզի տարածքները զրկի հայկական շերտից»:

Հովհաննես Հովհաննիսյանն անդրադառնալով Ղազանչեցոց եկեղեցու աղավաղմանն՝ ասում է, որ Ղազանչեցոց եկեղեցին առանձին կարեւորություն ունի, քանի որ նրա դիրքը եւ գմբեթը Ստեփանակերտի կողմից տեսանելի են, եւ դա անընդհատ հայերի մեջ հույս է արթնացնում, որ պետք է օր առաջ Շուշին վերադարձվի: Նա հավելեց, որ այս օրերին էլ ԱԺ պատգամավորները շարունակում են նամակներով դիմել տարբեր միջազգային կազմակերպությունների, հեղինակավոր մարդկանց` փորձելով տեղեկացնել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին:

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը ներկայացրեց ԿԳՄՍՆ դիրքորոշումը, որով դատապարտում են Ադրբեջանի վարած քաղաքականությունը, ինչը միտում ունի վերացնել հայկական հետքը Արցախից, մի բան, որ արվել է նաեւ Նախիջեւանում` ջնջվել են 10000-ից ավելի տապանաքարեր, 4000-ից ավելի խաչքարեր, վանքեր: «Նույն քաղաքականությունը տեսնում ենք Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում, միտումնավոր թիրախավորվել են Ղազանչեցոց եկեղեցին, Կանաչ ժամը, Առաջին ազատամարտի հերոսներին նվիրված հուշարձանները, տապանաքարեր, խաչքարեր են պղծվել: Միտումնավոր ձեւախեղվում են ոչ միայն հայկական պատմական բնակավայրեր, այլեւ հուշարձանների անունները»,-ասաց Վանյանը:

Նրա խոսքով, 4000-ից ավելի գրանցված պատմամշակութային հուշարձաններ ուներ Արցախը մինչեւ Արցախյան երկրորդ պատերազմը, եւ դրանցից ավելի քան 1450-ն այժմ գտնվում է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, այդ թվում եկեղեցիներ, հնավայրեր, քարանձավներ, պատմամշակութային գլուխգործոցներ: «Ադրբեջանի քաղաքականությունը կարելի է մի քանի մասի բաժանել, մեկը վերացումն է, մյուսը այնպիսի կարեւոր հուշարձաններից, որոնք համեմատաբար ավելի լայն արձագանք կառաջացնեն, հայկական հետքը ջնջում են, պատմությունը խեղաթյուրելով ուզում են ներկայացնել աղվանական եւ ուդիական»-ընդգծեց նա:

Խոսելով ԿԳՄՍՆ եւ արտգործնախարարության իրականացրած ջանքերից, նա ասաց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի համակարգմամբ նախաձեռնվել էր դիտորդական առաքելություն ուղարկել Արցախ եւ Ադրբեջանի կողմից օկուպացված այն տարածքները, որտեղ հայկական հուշարձաններ կան, սակայն բոլոր քայլերը ամեն կերպ վիժեցվում են. «Իրենք չեն համաձայնում այդ տարածքներում միջազգային դիտորդական առաքելությունների մուտքին, ինչն ապացուցում է նրանց ցեղասպան մշակութային քաղաքականության մասին»:

Նա նաեւ հայտնեց, որ ԿԳՄՍ նախարարությունը ԱԳՆ-ի հետ բոլոր հնարավոր միջազգային խողովակներն օգտագործում է դատապարտելու եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Ադրբեջանի անընդունելի քաղաքականության վրա, նաեւ նոր հնարավորություններ են փնտրում ԻԿՕՄՕՍ-ի հետ համագործակցության համատեքստում միջազգային հանրության իրազեկվածությունը բարձրացնելու առումով` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում մշակութային ցեղասպանության վերաբերյալ:

Արցախի ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ Արման Գրիգորյանը շեշտեց, որ իրենց նախնական հաշվարկներով՝ շուրջ 2000 հուշարձանի մասին է խոսքը, որոնք մնացել են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, այդ թվում 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 ամրոց, 536 խաչքար, 4 մատուռ եւ այլ բազմաթիվ հուշարձաններ:

«Այսօր մենք ականատես ենք լինում մեր մշակութային կոթողների նկատմամբ Ադրբեջանի բարբարոսական վերաբերմունքին: Օգտվելով ստեղծված իրավիճակից, որ հայկական կողմը չունի հնարավորություն պահպանելու իր մշակութային արժեքները, ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկում, անարգում ու ոչնչացնում հայկական եկեղեցիները»,-ասաց նա:

Արման Գրիգորյանն անդրադարձավ նաեւ վերջերս հիմնահատակ ավերված Մեխակավանի եկեղեցուն (լուսանկարում. խմբ): «Ադրբեջանցիները կամ քանդում են, կամ պղծում, կամ յուրացնում…Մենք պատերազմում պարտվել ենք, բայց չենք պարտվել մշակույթում, դրա համար մեր ձայնը պետք է հասանելի դարձնենք քաղաքակիրթ աշխարհին»,-ասաց պարոն Գրիգորյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31