Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանը նախանձում է Փաշինյանին…Ինքը հիպնոս է անում, ես տակտիկա էի որդեգրել, հենց ելույթ էր ունենում՝ ընդմիջում էի խնդրում, որ ցվրվեի». Աղազարյան

Մայիս 06,2021 15:54

Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ուշագրավ բացատրություն տվեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկի հետ կապված, որն արվել էր երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին՝ ընտրություններին միասնական հանդես գալու:

Աղազարյանն ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք իրեն չի զարմացրել, որովհետեւ նրան վաղուց է ճանաչում. «Բայց, այնուհանդերձ, պետք է ասեմ, որ սա իմ համար անակնկալ էր: Կարելի է նպատակներ հետապնդել, ամբիցիոզ, դա մարդկային է, բայց հրաժարվել ու խաչ քաշել այն իրողությունների վրա, որ դու ապրել ես…ասենք, 2008-ի Մարտի 1-ի դեպքերը: Դրանից հետո այսպիսի առաջարկո՞վ հանդես գալ»:

Թե ինչն է դրդել Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ Աղազարյանն ասաց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի ինքնասիրահարվածության աստիճանը: Ես հիշում եմ, 90-ականներին, երբ ինքը նախագահ էր ու ընտրվել էր բացարձակ արդար ընտրություններում, ես իմ մայրիկին այն ժամանակ նույնիսկ չկարողացա համոզել, որ իրեն ձայն չտա: Այդ ժամանակ, երբ մարդիկ գիշերվա 2-ից մինչեւ առավոտ հացի հերթ էին կանգնում ու հացի հերթում հիացած խոսում էին իր պահվածքի մասին միջազգային հարթակներում եւ այլն: Որ ասում են՝ դրսից ուրիշի աչքն էր հանում, ներսից՝ մեր, այդ դեպքն էր»:

Նա ասաց, որ Տեր-Պետրոսյանը իրենից բացի՝ ուրիշ ոչ մեկին չէր նկատում: Դիտարկմանը, որ հիմա մի կողմ է դրել այդ ամենը եւ ճիշտ հակառակն է անում՝ Աղազարյանն արձագանքեց. «Որպեսզի ոչնչացնի նրանց»: Երբ ուղղեցինք՝ որպեսզի ոչնչացնի ձեզ՝ նա արձագանքեց. «Ի՞նձ: Ինքը ինձ 90-ականներին արդեն ոչնչացրել է»: Աղազարյանն ասաց, որ Տեր-Պետրոսյանն ուզում է ոչնչացնել նրանց, ովքեր 2008-ին իր հետ էին ու իրենից շատ բաներ էին սովորելով՝ այսօր Հայաստանում իրավիճակ փոխեցին. «Այսօր ինքը նախանձում է նրանց, ուզում է բախում առաջացնի այդ ուժերի մեջ, որպեսզի ինքը նորից մնա ամենա-ամենան: Ինքը չի կարողանում հանդուրժի, որ Նիկոլ Փաշինյանն ու իր երիտասարդ թիմն այս իրավիճակից կարող է դուրս գա պատվով ու հունիսի 20-ին ներկայանալով ժողովրդի դատին, ունենա այնպիսի արդյունք, որը իր համար սարսափելի կլինի: Ինքը բոլորին է նախանձում՝ խելոք լինելով հանդերձ: Այն ժամանակ Վազգեն Մանուկյանը ընտրվեց նախագահ՝ 96-ին: Բայց նա իր ամբիցիաներն օգտագործելով, իր լեզվով ասած, հայտնի ուժերը իրեն պահեցին»:

Լեւոն Տեր-Պետրոսյանի «ինքնասիրահարվածությունը» մեկնաբանելուց հետո Աղազարյանն անցավ առաջին նախագահի այլ հմտությանը. «Ինքը կարողանում է մարդկանց պահի իր կողքին: Երբ որ ես պատգամավոր էի 90-ականներին, երբ Գերագույն խորհրդում կարեւոր հարց էր քննարկվում, անպայման վերջում ինքն էր ելույթ ունենում, նոր դրվում էր քվեարկության: Ես մոտ 7-8 ամիս հետո հասկացա, որ ինքը հիպնոս է անում, հիպնոսի հատկություն ունի: Եվ ես արդեն տակտիկա էի որդեգրել, հենց ինքը ելույթ էր ունենում, որ պիտի գնայինք քվեարկության, ընդմիջում էի խնդրում, որ ցվրվեի»:

Հարցրեցինք՝ ձեր տրամաբանությամբ՝ Տեր-Պետրոսյանը եթե այդպես լավ տիրապետել է հիպնոսի արվեստին, մարտի վերջին, երբ հանդիպեցին երեք նախագահներով, կարող էր հիպնոս աներ ու իր ուզածով լիներ՝ Աղազարյանն արձագանքեց. «Հիպնոսը հո ամեն մեկի վրա չի ազդում: Բերեցիք Ռոբերտ Քոչարյանին համեմատեցիք իմ հե՞տ»:

Մեր դիտարկմանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը բացատրում է, որ դուք ավելի մեծ աղետ եք, քան թուրք-ադրբեջանական տանդեմը՝ Հովիկ Աղազարյանն արձագանքեց. «Հայաստանում բոլոր աղետների, բոլոր բացասական դրսեւորումների կնքահայրը, գործողը, արարողը Լեւոն Տեր-Պետրոսյանն է եղել եւ մինչեւ հիմա էլ է»:

Ճշտեցինք՝ այդ թվում՝ Փաշինյանի՞ կնքահայրը՝ Աղազարյանը պատասխանեց, որ Փաշինյանը չի համարվում Լեւոն Տեր-Պետրոսյանի սանը, նա երբ միացավ Տեր-Պետրոսյանի հետ, արդեն կայացած երիտասարդ քաղաքական գործիչ էր:

«Տեր-պետրոսյանական հիպնոսի» ազդեցության դրսեւորումների մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31