ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի «Ապահով դպրոց» ծրագրի «Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ:
Մրցույթում հաղթող ճանաչված հանրակրթական ուսումնական հաստատությունները կստանան 23.722.000 ՀՀ դրամ դրամաշնորհ` աղետների ռիսկի կառավարման պլանների ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման ուղղությամբ նախատեսված գործողությունների իրականացման համար: Մեկ դրամաշնորհի առավելագույն գումարը 2372.2 մլն ՀՀ դրամ է:
«Ապահով դպրոց» ծրագրի նպատակն է աջակցել մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման գործողություններին՝ օժանդակելով դպրոցների աղետների ռիսկի կառավարման պլանների և արտակարգ իրավիճակներում գործելու բարելավմանը։
Մրցույթին կարող են մասնակցել մարզերի այն հանրակրթական ուսումնական հաստատությունները, որոնք սահմանված կարգով մշակել և հաստատել են աղետների ռիսկի կառավարման (կամ ԱՌՆ և ԱԻ գործելու) պլան: Մրցույթին մասնակցելու համար հանրակրթական ուսումնական հաստատությունը պետք է ներկայացնի հաստատությանը սպառնացող ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման միջոցառումների ծրագիր:
Կարդացեք նաև
Հայտերը 2021 թվականի մայիսի 6-ից մինչև մայիսի 24-ը կարող են ներկայացվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Մրցույթի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել ԿԳՄՍ նախարարություն կամ այն ներբեռնել նախարարության պաշտոնական կայքի «Տեղեկատվություն» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնից: Նախարարությունը պարտավորվում է դիմումը ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, մրցույթի հրավերը տրամադրել մրցույթի հրավեր ստանալու գրավոր պահանջ ներկայացրած լիազորված անձին:
Նշենք, որ նախորդ տարի ՀՀ Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ 9 համայնքների դպրոցներ վերոնշյալ ծրագրի շրջանակում ստացել են դրամաշնորհ՝ անվտանգության ենթակառուցվածքների բարելավման, այդ թվում՝ ապաստարանների բարեկարգման, անվտանգության պատի կառուցման և այլ նպատակներով։ Աշխատանքների իրականացման համար յուրաքանչյուր դպրոց ստացել է առավելագույնը 2 մլն 372.200 դրամ։
Հավելենք, որ «Ապահով դպրոց» ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին. այդ տարվա համար հանրապետության 6 դպրոցների անվտանգության պայմանների բարելավման նպատակով պետական միջոցներից տրամադրվել է 13 մլն 589.800 դրամ։
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ