Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք նվազեցնում ջանքերը բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելու ուղղությամբ». Սերգեյ Լավրովը` հայ ռազմագերիների մասին

Մայիս 06,2021 15:00

«Մենք չենք նվազեցնում ջանքերը բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելու, ինչպես նաև ականազերծման, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ»,- այսօր Երեւանում, հայաստանցի գործընկերոջ հետ կայացած մամուլի ասուլիսում, հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ տարածաշրջանում կայունացման գործում կարևոր դեր է խաղում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ եռակողմ աշխատանքային խումբը:

ՌԴ ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ հայաստանցի գործընկերոջ հետ մանրամասն քննարկել են ԼՂ-ի շուրջ առկա իրավիճակը: «Նշել ենք առկա առաջընթացը և իրավիճակի կայունացումը»,- ասաց Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի ԱԳ նախարարը Հայաստան է ժամանել երեկ: Մայիսի 10-11-ը նախատեսվում է Սերգեյ Լավրովի այցը Բաքու։ Ինչպես հայտարարել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, Լավրովը Բաքվում կքննարկի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը։

Սերգեյ Լավրովն ասաց, որ բարձր է գնահատում հայ-ռուսական համագործակցությունը քաղաքական օրակարգի բոլոր հարցերում, այդ թվում նաեւ երկկողմ փոխգործակցությունը միջազգային կառույցներում։ Նա կարևորեց հայ-ռուսական համագործակցությունը ռազմական և ռազմաարդյունաբերական ոլորտներում, ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի աշխատանքները:

Լրագրողներից մեկը հարց տվեց ՌԴ ԱԳ նախարարին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Զանգեզուրի միջանցքի հարցը ուժային տարբերակով լուծելու սպառնալիքների մասին: Սերգեյ Լավրովը պատասխանեց, որ եռակողմ հայտարարությունների կետերի իրագործման միակ տարբերակը դիվանագիտականն է։

Սերգեյ Լավրովը նաև հայտարարեց, որ քննարկվում են առաջիկայում Հայաստան ռուսական «Спутник V» պատվաստանյութի մինչև 1 միլիոն դեղաչափի ներկրման, նաև Հայաստանում ռուսական պատվաստանյութի արտադրությանը վերաբերող հարցեր։ Սերգեյ Լավրովը նաեւ ընդգծեց, որ համավարակի պատճառով հայ-ռուսական առևտրաշրջանառության տեմպերի կրճատում է առկա, սակայն, ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը և հիմնական ներդրողը։

Անդրադառնալով Արցախում ռուս խաղաղապահների գործունեությանն էլ՝ ռուս դիվանագետը նույնպես կարևորեց Ռուսաստանի դերը խաղաղության ապահովման, Արցախում հումանիտար խնդիրների լուծման գործում։ Սերգեյ Լավրովը նաեւ դատապարտեց Ադրբեջանի գործողությունները` Արցախի ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային ժառանգության և հուշարձանների ոչնչացման հարցում: Ադրբեջանի գործողությունները Սերգեյ Լավրովը «վայրագ» որակեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31