Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձավ ԶՈԻ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի եւ երեկ ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին՝ ի պատասխան լրագրողների հարցերի։
Հարցին՝ եթե Օնիկ Գասպարյանը, ինչպես ԱԽ-ի գաղտնազերծումից է պարզվում, չի կարողացել ճիշտ կանխատեսումներ անել, ինչո՞ւ է շարունակել պաշտոնավարել, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․«Ճիշտ կանխատեսումներ անելը նաեւ համակարգային խնդիր է, բայց երեւի նաեւ դա է պատճառը, որը Օնիկ Գասպարյանի հստակ պատասխանատվության ոլորտում նորմալ հաջողություններ չունենալու դեպքում սկսել է այլ հարցերով զբաղվել։ Գիտեք փետրվարի 25-ի իր հայտարարության մեջ նա եւ մյուս գեներալները հայտարարում էին, որ արտաքին քաղաքականության հետ կապված խնդիրներ կային։ Մինչդեռ, դա զինված ուժերի լիազորությունների մեջ չի մտնում, այսինքն՝ ԶՈՒ լիազորությունները հստակ են, արտաքին քաղաքականության ոլորտում լիազորությունը եւ գերատեսչությունը, որը պատասխանատու է դրա համար, հստակ է»։
Այդուհանդերձ, ինչո՞ւ են «սուտ խոսող» ԳՇ պետին թույլատրել ղեկավարել բանակը, այս հարցին ի պատասխան Արմեն Գրիգորյանն ասաց, որ հաշվի առնելով ՀՀ-ում հետպատերազմական եւ ներքաղաքական, նույնիսկ աշխարհաքաղաքական գործընթացները, իշխանությունը գնացել է լուծման այդ տարբերակով․ «Կարեւորն այն է, որ հարցը, քաղաքական առումով, վերջնականապես լուծված է»։
Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարության մասին էլ, որով 1-ին նախագահը ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահների հետ հանդիպել է եւ առաջարկել ստեղծել դաշինք, մասնակցել ընտրություններին եւ այս իշխանությանը հեռացնել, սակայն Ռոբերտ Քոչարյանը չի համաձայնել, Արմեն Գրիգորյանն ասաց․ «Նախ հետաքրքիր է, որ պատերազմի ընթացքում էլ է նման հանդիպման ֆորմատ եղել եւ իրենք ցանկանում էին համատեղ ինչ-որ նախաձեռնություն անեին: Ե՛վ այդ ժամանակ, ե՛ւ հետո մեղադրեցին վարչապետին, որ չստացվեց իրենց համագործակցությունը: Եվ համագործակցության, այսպես ասած, չստացվելու մեղավորը վարչապետն էր, որովհետեւ առանց վարչապետի էր եւ վարչապետի դեմ էր, ու նույնիսկ այս պայմաններում չստացվեց համագործակցությունը։ Կարծում եմ, որ խնդիրը որեւէ մեկ անձ չէ այդ եռյակից դուրս, այլ հենց իրենք են եւ իրենց անհաջողությունները միշտ փորձելու են բարդել ուրիշների վրա։ Ես կարծում եմ մոտակա ընտրություններում ժողովուրդն է գնահատական տալու իրենց։ 2018 -ին մի գնահատական տրվել է ՀՀԿ-ին, 2017-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժը գնահատական ստացել է, Սերժ Սարգսյանը 2017-ին 770 հազար ձայն է խփել, իսկ մեկ տարի հետո 59 հազար ձայն»։
Կարդացեք նաև
Ըստ Արմեն Գրիգորյանի, ընտրությունները կորոշեն քաղաքական այդ հայտարարությունների հիմքը․ «Եվ կարծում եմ, որ այդ հանդիպումները քաղաքական նպատակներ են ունեցել, մարտի 25-ին, երբ հանդիպել են, հայտարարել էին, որ Ղարաբաղի համար են հանդիպել, բայց վերջում պարզվում է, որ հանդիպել են ցուցակ ճշգրտելու համար»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ