Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի հեշտ է լուծել քաղաքական հարցերը, երբ մարդիկ նորմալ են ապրում». Սերգեյ Լավրով

Մայիս 06,2021 14:34

«Ես համոզված եմ, որ երբ մարդիկ սկսեն զգալ խաղաղ կյանքի օգուտները, նրանք կսկսեն արդեն այլ կերպ վերաբերվել հարցերին, որոնք այժմ մեր որոշ գործընկերներ փորձում են առաջին պլան մղել: Պետք չէ այժմ քաղաքականացնել գործընթացը: Այն բավական բարդ է: Նրանք, ովքեր փորձում են այդ հարցերը թողնել հետոյի եւ առաջին հերթին զբաղվել քաղաքական հարցերով, իմ կարծիքով, ամբողջ գործընթացը ոտքից գլուխ շրջում են: Ավելի հեշտ է լուծել քաղաքական հարցերը, երբ մարդիկ նորմալ են ապրում, հողի վրա, որտեղ եւ ադրբեջանցիները, եւ հայերը շատ տասնամյակներ եւ հարյուրամյակներ կողք կողքի ապրել են»,- այսօր Երեւանում, հայաստանցի գործընկերոջ հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը`անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակման մասին հարցին:

Ռուսաստանի ԱԳ նախարարը Հայաստան է ժամանել երեկ: Մայիսի 10-11-ը, նախատեսվում է Սերգեյ Լավրովի այցը Բաքու։ Ինչպես հայտարարել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, Լավրովը Բաքվում կքննարկի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը։

Սերգեյ Լավրովի գնահատմամբ, 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսվել է խաղաղ գործընթաց, որի նպատակն էր դադարեցնել պատերազմն ու անցնել խաղաղապահ գործընթացի, բոլոր տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակմանը, եւ արդեն գրեթե կես տարի է՝ իրականացվում է: Այդ պատճառով խոսել խաղաղ գործընթացի անցնելու մասին, ՌԴ ԱԳ նախարարը «իրականության խեղաթյուրում» է որակում: «Դուք նշեցիք եռակողմ խմբի մասին, եւ իմ գործընկերը դրա մասին խոսեց, այն զբաղվում է այն հարցերի լուծմամբ, որոնք ուղիղ կապ ունեն խաղաղ գործընթացի հետ: Երբ մարդիկ ազատվեն շրջափակումից ու էմբարգոյից, այդ ժամանակ կանցնեն այն առավելություններից օգուտ քաղելուն, որոնք ներկայացնում է այդ եւ ռազմավարական, եւ աշխարհաքաղաքական, եւ տնտեսական առումով կարեւոր տարածաշրջանը: Մեր ջանքերով հրադադար սահմանվեց եւ խաղաղապահ զորախումբ տեղակայվեց, ինչի մասին պայմանավորվել էին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահներն ու Հայաստանի վարչապետը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31