Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծագործությունները, որ հաճախ չեն հնչում. Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն արժևորում է հայկական երաժշտարվեստի զարգացման գործում մեծ ավանդ ներդրած կոմպոզիտորներին

Մայիս 06,2021 14:44

Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը մեկնարկեց Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Ջիվան (Ջոն) Տեր-Թադևոսյանի ստեղծագործությունների ներկայացմամբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ ջութակահար Հայկ Կազազյանը` ներկայացնելով Առնո Բաբաջանյանի Ջութակի կոնցերտը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Վահագն Պապյանը։

Հայկ Կազազյանը, խոսելով Բաբաջանյանի կոնցերտի մասին, նկատեց, որ այն հաճախ չի կատարվում։ 1949 թվականից հետո, երբ տեղի է ունեցել Ջութակի կոնցերտի պրեմիերան, այս ստեղծագործությունը հնչել է ընդամենը մի քանի անգամ։ Կազազյանն ինքն այս կոնցերտը հունվարին ներկայացրել է նաև Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում։

Ըստ ջութակահարի՝ Բաբաջանյանի Ջութակի կոնցերտը հրաշք գործ է՝ շատ ցայտուն, էմոցիոնալ, վառ, վիրտուոզ, գունավորված գեղեցիկ թեմաներով։ Լինելով դաշնակահար՝ Առնո Բաբաջանյանը կարողացել է գրել հրաշալի մի ստեղծագործություն ջութակի համար, ինչը խոսում է կոմպոզիտորի վարպետության մասին։ Հայկ Կազազյանը նշում է, որ կոմպոզիտորի 100-ամյա հոբելյանի տարում նախատեսում է տարբեր բեմերում ներկայացնել Բաբաջանյանի Ջութակի կոնցերտը։

Դիրիժոր Վահագն Պապյանի խոսքով՝ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կարևոր նախաձեռնություն է. այն հնարավորություն է տալիս ունկնդրելու մեր դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները, որոնք հաճախ չեն հնչում։ Այս փառատոնի միջոցով արժևորվում են մեր մեծերը, որոնք մեծ ավանդ են ունեցել հայկական երաժշտարվեստի զարգացման գործում։

Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի հաջորդ համերգները տեղի կունենան մայիսի 17-ին և 22-ին։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ 2010 թվականին ստեղծված փառատոնի նպատակն է հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն ունկնդիրների լայն շրջանակներում, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումն ու պահպանումը։ Փառատոնը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31