Դեռևս նախորդ տարվա ապրիլին Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը քաղաքացիական հայց էր ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ մայիսի 6-ին ընթացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը։
Երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ 2020թ մարտի 11-ին Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում քարոզարշավի շրջանակներում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը մի քանի հայտարարություն է արել, որոնք դրվել են իրենց հայցի հիմքում:
«Առաջինը սա է` «Ասում եմ անվանական` Ռոբերտ Քոչարյանը եվրոպացիների փեշերի տակ չէր պախկվի եւ թալանածը կոպեկ-կոպեկ պիտի բերեր բանակի զարգացման եւ Արցախի ինքնորոշման պահպանման գործում պիտի դնեինք, ես ձեզ խորհուրդ եմ տալիս կամավոր բերել, չբերեք, բերման կենթարկենք»…Մյուսը հետեւյալն է` «Նրանք Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու հնարավորություն չունեն, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, նրանք հիմա մի բան ունեն անելու` կամավոր թալանածը կոպեկ-կոպեկ վերադարձնել բանակին, զինված ուժերին, Արցախի եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդին, եւ ժողովուրդը կքննարկի` ների նրանց, թե չների»…
Եվ երրորդը` «Ես հայտարարել էի, որ առաջիկա 5 տարվա ընթացքում 2,5 միլիարդ հավելյալ պետք է ծախսենք մեր բանակի մարտունակության բարձրացման վրա, այդ փողերը Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի մոտ են, նաեւ մյուսների, թող բերեն վերադարձնեն, իսկ ՍԴ-ն նրանց հույսն է, որ ասի չէ…»,- Ալումյանն ընթերցեց Փաշինյանի հայտարարությունները:
Կարդացեք նաև
Այնուհետեւ ընդգծեց. «Ընդամենը այս փաստերի վրա է կառուցված հայցը, որով պարոն Քոչարյանը մեղադրվում էր այդ պահին քրեական գործով, իսկ դա կարեւոր էր այն առումով, որ, ըստ էության, դատարանում քննվող քրեական գործի հետ որոշակի առնչվել է նաեւ Նիկոլ Փաշինյանի ասածը: Նիկոլ Փաշինյանն այդպիսի հրապարակային հայտարարություններ է արել, որոնք տարածվել են հայցադիմումում մատնանշված ԶԼՄ-ներում: Ի դեպ, փաստերից ոչ մեկը պատասխանող կողմը չի էլ ժխտում, չի ժխտում, որ պարոն Քոչարյանը ունեցել է մեղադրյալի կարգավիճակ եւ ինքն արել է այս հայտարարությունները: Հավանաբար, պատասխանողը պատրաստվում է վիճարկել փաստերի` մեր կողմից տրված իրավական գնահատականները»:
Հայկ Ալումյանը նաեւ ասաց, որ գործն իր բնույթով քաղաքացիաիրավական է, եւ պահանջը բխում է զրպարտության ու անձին պատճառված վնասներով եւ դրանով է պայմանավորված է հայցի առարկան:
Պատասխանողի կողմի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանն ասաց, որ աշխատանքային ոճը հասկանալու խնդիր կա եւ ունի մի շարք հարցեր: Հավելեց, որ ցանկանում է ներկայացնել իր առարկությունները:
«Դուք ընդունո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ ձեր վստահորդը համարվում են քաղաքական գործիչներ»,-հարցրեց հայցվորի ներկայացուցիչը Հայկ Ալումյանին: «Իմ վստահորդը քաղաքական գործիչ է, անմիտ կլիներ դա ժխտելը: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ես չգիտեմ, հավանաբար… Ես հատուկ ընդգծեցի, որ ինքն այս արտահայտություններն արել է` գտնվելով արձակուրդում` որպես մասնավոր անձ: Թեեւ եթե դա արած լիներ որպես ՀՀ վարչապետ, մեր պահանջը շատ ավելի մեծ կլիներ եւ գումարայինն առումով, եւ խախտված իրավունքի»,-ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը:
«Ճի՞շտ եմ հասկանում, դուք ասում եք` ես չգիտեմ ձեր վստահորդը քաղաքական գործիչ է, թե ոչ, այս արտահայտությունները նա արել է որպես մասնավո՞ր անձ»,-հարցրեց Փաշինյանի ներկայացուցիչը:
«Ես չգիտեմ, թե ինչու եք այս գործի շրջանակներում կարեւորում` ձեր վստահորդը քաղաքական գործիչ է, թե ոչ, իհարկե հասկանում եմ, թե ինչու եք այս գործի շրջանակում կարեւորում, որ իմ վստահորդը քաղաքական գործիչ է… Դա բոլորն են ընկալում, որովհետեւ քաղաքական գործիչների նկատմամբ քննադատությունն ավելի բարձր շեմ ունի, քան շարքային մարդու… Ինձ համար հասկանալի չէ, թե այս գործի հետ կապված ինչու եք հարց տալիս նա քաղաքական գործիչ է, թե ոչ»,-ասաց Ալումյանը:
«Դուք ազատ եք ձեր գործողություններում եւ ցանկացած բան կարող եք անել: Բայց տվյալ պարագայում ինձ համար շատ կարեւոր է հասկանալ, թե դուք ինչ ձեւ եք ընկալել իմ վստահորդի այդ արտահայտությունները, որ նա արել է համապատասխան քարոզարշավի շրջանակում, որովհետեւ անիմաստ կլինին ժխտելը, որ այս խոսքը, որ ներկայացվել է, քաղաքական գործչի խոսք է, որն իրականացվել է քարոզարշավի շրջանակում, իսկ քարոզարշավը վերաբերում էր Սահմանադրական փոփոխություններին: Այս փաստերը կարեւորում եմ հետագայում իմ առարկությունները ներկայացնելու ժամանակ, որովհետեւ ես գրեթե կասկած չունեմ, որ ձեր պատասխաններում փորձելու եք այնպես անել, որպեսզի ձեր հիմնավորումների սյուները չխարխլվեն»,-շարունակեց Գյոզալյանը:
Ալումյանն ասաց, որ չի հասկանում Փաշինյանի պաշտպանի հարցի կապը գործի հետ. «Ձեր վստահորդը քաղաքական գործիչ է, եւ եթե իր քաղաքական գործիչ լինել-չլինելու փաստը այդ աստիճան կախված է նրանից, որ ես ընդունում եմ դա, թե ոչ, ուրեմն ասում եմ` հա, քաղաքական գործիչ է: Ձեր վստահորդի հայտարարություններն արվել են քարոզարշավի ընթացքում, բայց ես դժվարանում եմ պատկերացնել, թե ոնց կարող է ՍԴ կազմի վերաբերյալ հանրաքվեի հետ կապված քարոզարշավի շրջանակներում լինեն այն ամենը, ինչ ձեր վստահորդը խոսքի մեջ ասել է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ