Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի ակնկալիքները ՌԴ-ից. ի՞նչ են քննարկել Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը

Մայիս 06,2021 13:39

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այսօր կայացած հանդիպման օրակարգը եղել է լայն եւ ներառական: Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հայտարարեց, որ ռուսաստանցի իր գործընկերոջ հետ, երկկողմ հարաբերությունների համատեքստում, ընդգծվեց միջպետական երկխոսության ինտենսիվությունը բոլոր մակարդակներում, այդ թվում նաեւ ամենաբարձր մակարդակում:

«Ակնկալում ենք, որ ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների ձևաչափով նախատեսված նիստերի արդյունքով կձեռնարկվեն հստակ համատեղ քայլեր՝ ուղղված համագործակցության դրական բարելավմանը, ապրանքաշրջանառության աճին և փոխգործակցության հետագա ընդլայնմանը»,- ասաց ԱԳ նախարարը`հավելելով, որ ուշադրության կենտրոնում են երկու երկրների գերատեսչությունների միջև խորհրդակցությունների հաճախականության և բովանդակային նոր ուղղությունների ընդգրկման հարցեր:

«Իմ կողմից ընդգծվեց նաև հայկական կողմի շահագրգռվածությունը՝ խթանելու Քովիդ 19 համավարակի հակազդման ուղղությամբ մեր գործընկերությունը, այդ թվում՝ ռուսաստանյան հակավիրուսային պատվաստանյութի կիրառման միջոցով»,- ասաց Արա Այվազյանը:

Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մասով երկու երկրների ԱԳ նախարարներն ընդգծել են այն ուղղությունները, որոնցով պետք է ակտիվացնեն համատեղ ջանքերը. «Մանրամասն քննարկեցինք այն իրավիճակը, որը ձևավորվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո՝ ուղղված ադրբեջանաթուրքական ագրեսիայի դադարեցմանը և Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմանը, որոնց ներկայությունը հսկայական դեր է խաղացել Արցախի ժողովրդի նկատմամբ հետագա զանգվածային վայրագությունները կանխելու գործում: Մենք բարձր ենք գնահատում պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ ՌԴ-ի ջանքերը, որոնցում խիստ արդիական է մնում ռազմագերիների վերադարձի հարցը: Այդ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հայ ռազմագերիների մի մասի հայրենադարձումը: Միևնույն ժամանակ, ռազմական գործողությունների դադարումից գրեթե կես տարի անց, Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խաթարում է հայտարարության դրույթների իրականացումը և հրաժարվում է վերադարձնել բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակով գտնվող քաղաքացիական անձանց: Այս համատեքստում գործընկերոջս ներկայացրի միջազգային հանրության մոտեցումները, մեր հարևան երկրին ուղղված կոչերը՝ կատարելու իր պարտավորությունները: Ես մեկ անգամ վերահաստատեցի մեր հստակ դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց: Բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել արդյունքի, որը կպահպանի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկաս»:

Նման կարգավորման հիմքում, ըստ Արա Այվազյանի, պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը. «Կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, և մենք շահագրգռված ենք միջազգային հանրության կողմից միջնորդի մանդատով օժտված այդ ձևաչափով համագործակցության ամրապնդմանն ու ակտիվացման մեջ: Հայկական կողմը կիսում է Մինսկի խմբի համանախագահ երկրների միասնական դիրքորոշումը, որը ներկայացվեց ապրիլի 13-ի հայտարարությամբ առ այն, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձևակերպմանը՝ կողմերին հայտնի սկզբունքների հիման վրա»:

Անդրադարձ է կատարվել նաև Արցախի հումանիտար խնդիրներին: Այս առնչությամբ Արա Այվազյանը երախտագիտություն հայտնեց ռուսական կողմի ջանքերին. «Այսօր կարևոր է մարդկանց համար իրենց տուն վերադառնալու ենթակառուցվածքների, բնակելի ֆոնդի, առողջապահական և այլ խնդիրների լուծումը: Միջազգային համապատասխան կազմակերպությունների՝ Արցախի վերականգնման գործընթացին միանալու հարցի շուրջ կարծիքների փոխանակման ընթացքում վերահաստատեցի, որ սա չպետք է քաղաքականացվի. խոսքը մարդու իրավունքների պաշտպանության մասին է, որը չպետք է պայմանավորված լինի կարգավիճակի վերաբերյալ ընկալումներով»:

Ըստ ՀՀ ԱԳ նախարարի, Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մի շարք մշակութային, կրոնական հուշարձանների պահպանման խնդիրը շարունակում է մնալ առավել քան արդիական. «Ադրբեջանական կողմի շարունակվող վանդալիզմի դեպքերի լույսի ներքո այս խնդիրը պահանջում է անհապաղ միջազգային ներգրավում»:

Անվտանգության, տարածաշրջանային զարգացման հարցերը նույնպես եղել են երկու նախարարների քննարկումների կենտրոնում: Տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման հարցի համատեքստում նշվել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը կարող է ստեղծել նոր հնարավորություն և դիվերսիֆիկացնել Հայաստանի ու Ռուսաստանի միջև կապը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31