Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պահին 7100 քաղաքացի է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Մայիս 06,2021 13:16

Այսօր կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանում կորոնավիրուսի համավարակի 3-րդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս․ «Եվ ժամանակն ու դինամիկան բերում է այն համոզմունքին, որ մենք բավական լավ ենք կառավարել եւ բավականին լավ ենք կառավարում կորոնավիրուսի համավարակը»։

Նա հիշեցրեց՝ նախորդ տարվա մայիսին, հունիսին, հուլիսին, օգոստոսին կառավարությանն ի ցույց էին դնում մի շարք երկրների օրինակներ․ «Եվ, մեղմ ասած, փոթորիկներ էին ստեղծում մեր իրադրության շուրջ։ Ես բոլոր այդ մարդկանց, մեր բոլոր հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս այդ տեղեկատվությունը բաց է, տեսնել, թե 2020 թվականից հետո ինչ է տեղի ունեցել մեզ ցույց տրվող երկրներում մինչև էսօր, նայել դինամիկան, բոլոր թվերը, առողջապահական համակարգի վիճակը, եւ տեսնել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի հանրապետությունում։ Մենք, ըստ էության, նաեւ ամենաճգնաժամային շրջանում ունեցել ենք ընդհուպ օրը 2000 դեպք, բայց իրավիճակը երբեք դուրս չի եկել վերահսկողությունից։ Այսօր մենք ունենք 425 նոր դեպք, որը փոքր թիվ չէ, բայց եթե նայում ենք վերջին 10 օրվա դինամիկայի մեջ, կարող ենք արձանագրել, որ կայունանում է իրավիճակը։ Երեկ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում զեկուցվեց, որ հիմա նորից հիվանդանոցները հետ են ծավալվում եւ, կարող ենք ասել՝ անհավատալի արագություններ ենք զարգացնում, թե ինչ արագությամբ ենք մենք հիվանդանոցները ծավալում եւ ինչ արագությամբ ենք հետ ծավալում։ Սա շատ կարեւոր է, բայց ես ուզում եմ, որ մենք կրկին կենտրոնանանք պատվաստման գործընթացի վրա»։

Նա ասաց, որ այս պահին ՀՀ-ում կա 7100 պատվաստված քաղաքացի․ «Եվ էլի ուզում եմ ասել՝ պատվաստման գործընթացն առաջին հերթին ունի առողջապահական նշանակություն, բայց ունի նաեւ տնտեսական կարեւոր նշանակություն, որովհետեւ հատկապես զբոսաշրջության առումով հիմա հոսքերի վերաուղղորդում է տեղի ունենում, եւ զբոսաշրջային հոսքերն ուղղվում են դեպի այն երկրներ, որտեղ բնակչության պատվաստման առավել բարձր մակարդակ կա»։

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ կառավարության անդամների մեծ մասը պատվաստվել են, պատվաստվել են մեր երկրում առկա բոլոր պատվաստանյութերով․ «Այո, Հայաստանը պետք է շատ արագ համալրի կանաչ երկրների շարքը։ Եթե մենք պատվաստումը հասցնենք պատշաճ մակարդակի, համոզված եմ, որ տնտեսական աճի տեմպը ոչ միայն կպահպանվի, այլեւս՝ կարագանա։ Ես հատկապես հույս ունեմ, որ մեր բիզնես հանրության ներկայացուցիչները կխրախուսեն աշխատողներին, որպեսզի կազմակերպված ձեւով ընկերություններում տեղի ունենա պատվաստում, մանավանդ որ շրջիկ պատվաստումներ կան, եւ մեծ ձեռնարկությունները կարող են նախարարության հետ պայմանավորվել, գնան տեղում իրականացնեն պատվաստումը։ Մենք հիմա մտածում ենք նաև, որ պատվաստում իրականացրած սպասարկման ոլորտի օբյեկտներում՝ հյուրանոցներ, ռեստորաններ եւ այլն, թողարկեն պետական հատուկ տարբերանշաններ, որպեսզի մուտքերի մոտ փակցված լինի, որ զբոսաշրջիկները վստահ լինեն, որ աշխատակազմի մեծ մասը պատվաստված է, եւ նրանք հանգիստ կարող են այլ օբյեկտի ծառայությունից օգտվել՝ առանց մտավախություն ունենալու, որ կվարակվեն կորոնավիրուսով։ Իհարկե, մենք այլ խթաններ էլ պետք է մտածենք, թե ինչպես շահագրգռենք մեր քաղաքացիներին, որպեսզի պատվաստվեն, լրատվական քաղաքականությունը չափազանց կարեւոր է, եւ սա պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքը»։

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն էլ հավելեց՝ կա վարակման դեպքերի նվազման միտում, սակայն սա պետք է դիտարկել ոչ թե զգոնության թուլացում, այլ հակառակը, պետք է դիտարկենք որպես ոսկե պատուհան եւ այս ընթացքն օգտագործենք պաշտպանվելու հաջորդ հնարավոր ալիքներից․ «Որովհետեւ, ցավոք սրտի, հիվանդացությունը, ցավոք, նաեւ ծանրանում է։ Մենք դիտարկում ենք, որ ամեն ալիքի հետ եւ տարիքային երիտասարդացումը եւ ռիսկի խմբերի անձանց մոտ բարդությունները, ծանրությունը հիվանդության, բավական մեծացել է»։ Նա հորդորեց քաղաքացիներին մոտենալ ցանկացած պոլիկլինիկա եւ պատվաստվել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31