«Քաղաքացիներն իրավունք ունեն ստանալ օբյեկտիվ կամ օբյեկտիվ իրականությանը մոտ տեղեկատվություն։ Բայց այսօր կա իրավիճակ, երբ ԶԼՄ-ները դիտավորյալ ապատեղեկատվություն են տարածում։ Ակնհայտ է, որ դա արվում է տագնապ, անորոշություն, ապակողմնորոշում մտցնելու համար։ Պարզ է, որ դա իշխանության դեմ է արվում, բայց զոհ է հանդիսանում քաղաքացին։ Դուք որեւէ գործիքակազմի ծրագրեր ունե՞ք այս ամենի վերաբերյալ»,-Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2020թ․-ի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ այսօր ԱԺ նիստում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին ասաց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Արման Թաթոյանը նշեց, որ ապատեղեկատվության կանխումը մարտահրավեր է պետության համար․ «Հարցը սուր է եւ նաեւ անվտանգության խնդիրներ է առաջացնում։ Մյուս կողմից, ի՞նչ գործիքներով է պետությունը պայքարելու դրա դեմ։ Պետությունն այդտեղ թերություններ թույլ տալի՞ս է։ Մեր ուսումնասիրություններով՝ հատկապես վերջին ժամանակաշրջանում շատացել են լրագրողներին անհիմն մերժելու, ուշ պատասխանելու դեպքերը։ Պատկերացրեք՝ դեպք է լինում, լրագրողը հարցում է ուղարկում, եւ պետական մարմինն ուշացնում է պատասխանը։ Արդյունքում տեղեկատվական վակուումը լցվում է ապատեղեկատվությամբ։ Մյուս կողմից, այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ են պետք, որոնք անհիմն չեն սահմանափակի խոսքի ազատությունը»։
Թաթոյանը շեշտեց, որ լրագրողներն էլ իրենց հերթին ուշադիր պետք է լինեն, օրինակ, վերնագրերի ընտրության հարցում եւ պահպանեն պրոֆեսիոնալ լրագրության սկզբունքները։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ