Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, ըստ որի, այն քաղաքացիները, ովքեր կունենան կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափ պատվաստման հավաստագիր, այսինքն՝ կանաչ անձնագիր, Հայաստան մուտք գործելու համար լրացուցիչ ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա։
Նախագիծը ներկայացնող առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ասաց՝ սա մեր երկիր մուտք գործելու պահանջն է, այլ երկրների քաղաքականությունը եւս փոփոխվում է ժամանակի ընթացքում․ «Եվ պետք է ուշադիր լինել, երկրից մեկնելու համար պետք է իմանալ, թե տվյալ երկիրն ինչ պահանջ է ներկայացնում։ Մենք դիտարկում ենք, որ որոշ երկրներ արդեն իսկ ունեն նման քաղաքականություն, որ պատվաստման հավաստագիրը հեշտացնում է գործընթացը, այնուհետեւ կգա ժամանակը, որ սահմանը հատելու միակ թույլատրելի միջոցը կլինի դա։ Բայց մենք եւս փորձում ենք ժամանակից հետ չմնալ եւ մեր քաղաքացիներին զերծ պահել կատարվող ավելորդ հետազոտություններից եւ ֆինանսական միջոցներ ծախսելուց»։
Նա ասաց, որ նախարարության կայքում մանրամասն ներկայացված է, թե ինչպես ներբեռնել հավելվածը, ինչպես դրանից օգտվել։
Կարդացեք նաև
Նախարարի պաշտոնակատարը նաեւ տեղեկացրեց, որ մինչեւ 1 տարեկան երեխաների՝ երկիր մուտք գործելու դեպքում ՊՇՌ թեստավորման պահանջը վերացրել են․ «Ուսումնասիրություններից հետո հանգեցինք այն եզրակացության, որ մինչեւ 1 տարեկան երեխաներին զերծ պահենք․․․ քանի որ ընտանիքի անդամների մոտ բացասական է արդյունքը, ուրեմն շատ մեծ է հավանականությունը, որ մինչեւ 1 տարեկան երեխան այլոց հետ չի շփվում եւ եւս բացասական կլինի նրա թեստի արդյունքը»։
Նույն որոշման մեջ նախարարությունը հստակեցրել է ՊՇՌ թեստի արդյունք չունեցող եւ հրաժարվող քաղաքացիների մեկուսացման եւ հոսպիտալացման կարգերը, քանի որ, ինչպես տիկին Ավանեսյանն ասաց, մեր օրենսդրությունը հնարավորություն է տալիս երկու ռեժիմ կիրառել՝ եթե անձն ունի որոշ ախտանիշեր, ապա ենթակա է հոսպիտալացման, բայց եթե չունի ախտանշաններ, այլ ուղղակի հրաժարվում է ՊՇՌ թեստ հանձնել եւ չունի պատվաստված լինելու մասին հավաստագիր, ապա նրա նկատմամբ կիրառվում է մեկուսացման ռեժիմը։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն հավելեց՝ մեր երկրում զբոսաշրջային ոլորտը վերականգնման շատ թույլ նախանշաններ է ցույց տալիս, եւ այս առումով կարեւոր է, որ մենք հնարավորություն տանք զբոսաշրջիկներին, որոնք արդեն պատվաստվել են, առանց հավելյալ ստուգումների մուտք գործեն մեր երկիր։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ