Կառավարության այսօրվա նիստում, մինչ օրակարգի հարցերին անցնելը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարկային որոշ ցուցանիշներ ներկայացրեց, որոնք, ըստ իր բնորոշման՝ պատմական են։
Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ՝ ապրիլ ամսվա հարկային եկամուտները, ներառյալ՝ դրոշմանիշային վճարումները, կազմել են 180 միլիարդ դրամ․ «Սա մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է Հայաստանի հանրապետության համար։ Ճիշտ է, այստեղ կա մի փոքր, կոպիտ ասած, խորամանկություն, այն առումով, որ անցյալ տարի մենք կորոնավիրուսի համավարակի հետ պայմանավորված, կարգավորումներով հնարավորություն տվեցինք շահութահարկի կանխավճար չվճարել եւ այս որոշումը նույնպես ազդեցություն ուներ հավաքագրումների վրա, ինչը ոչ թե վատ է, այլ լավ, որովհետեւ, ըստ էության, արդարացվել է նախկինում կայացված մեր որոշումը։ Դժվար ժամանակներում մենք հնարավորություն ենք տվել, որ գումարները բիզնեսը, որը պետք է վճարեր, մնար շրջանառության մեջ եւ օգնի ճգնաժամի պայմաններում ավելի բարենպաստ գտնվել։ Ուզում եմ հիշեցնել, որ բյուջեի եկամտային մասը առաջին եռամսյակում գերակատարեցինք շուրջ 22 միլիարդ դրամով եւ ես հույս ունեմ, որ այս տեմպը կկարողանանք պահպանել եւ ավելացնել»։
Ներկայացնելով հաջորդ ցուցանիշը՝ ավելացված արժեքի հարկի վերադարձը, Փաշինյանն ասաց․«Դուք գիտեք, Հայաստանում պատմականորեն միշտ խնդրահարույց է եղել ԱԱՀ վերադարձի պրոցեսը եւ հարյուր միլիարդավոր դրամների պարտքեր են եղել կուտակված, անհույս պարտքեր եւ նաեւ ուզում եմ ասել՝ ապրիլի դրությամբ մենք բիզնեսին հարկերի վերադարձի գծով ունենք պարտքերի պատմական մինիմում՝ 67,4 միլիարդ դրամ, մենք գերազանցել ենք մեր իսկ ռեկորդը։ 2020 թվականի օգոստոսին կրկին պատմական մինիմում է եղել՝ 69,4 միլիարդ դրամ, սա շատ կարեւոր է։ 2018 -ին 276 միլիարդ դրամ է եղել ԱՀՀ պարտքը, երկու տարվա ընթացքում մենք 200 միլիարդ վերադարձրել ենք բիզնեսին»։
Նա հիշեցրեց, որ օրենսդրական կարգավորումներով կառավարությունը ԱԱՀ-ի վերադարձի ժամկետը վեց ամսից կրճատել էր երեք ամիս, իսկ վերջերս էլ երեք ամիսը դարձրել էր մեկ ամիս․ «Բայց կար պարտքի մի որոշակի դրամագլուխ, մոր 50 միլիարդ դրամի չափով, որը կարգավորված չէր, 2019-ի պետական բյուջեի եկամտային մասի գերակատարման մասով մենք 50 միլիարդին մոտ վերադարձրեցինք բիզնեսին։ Սրանք այն գումարներն էին, որոնք կուտակվել էին շատ երկար ժամանակներում եւ որոնց վերադարձի հույս որեւէ մեկը չուներ»։
Կարդացեք նաև
Բացի այս, նա այլ ցուցանիշներ էլ ներկայացրեց՝ 2021 թվականի ապրիլին տեղի ունեցած դրամաշրջանառության ծավալները՝ ապրիլի գործարքները 8,8 միլիոն հատով կամ 24% ով ավել են 2019 թվականի ապրիլից, իսկ դրանով արձանագրված շրջանառության ծավալները 130 միլիարդ դրամով կամ 26.6% -ով ավել են 2019 թվականից․«Իհարկե, այստեղ էլ որոշակի ազդեցություն ծավալի առումով գնաճն ունի, բայց ուզում եմ ուշադրություն դարձնենք՝ գործարքների թիվն ավել է եւ սա բավականին լավ ցուցանիշ է, ինչը վկայում է, որ մեր տնտեսական դինամիկան վերականգնման փուլում է»։
ՊԵԿ նախագահն էլ հավելեց՝ ապրիլին հավաքագրված եկամուտներով հանդերձ, չորս ամիսների եկամուտները՝ հարկային հավաքագրումները կազմում են 513 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվանից ավելի է 12,3 միլիարդ դրամով, իսկ 2019 թվականի 4 ամիսներից ավելի է 46,5 միլիարդ դրամով․ «Համեմատել ենք 2021 եւ 2019 2020 թվականի չորս ամիսներին կատարված գործարքներն ու դրամաշրջանառության ցուցանիշները եւ չորս ամիս կտրվածքով 2021-ը 2019-ից գործարքների քանակով ավել է 35,7 միլիարդ հատով, իսկ դրամաշրջանառության մասով՝ 372 միլիարդ դրամով։ Չորս ամիսներին բիզնեսին վերադարձված փոխհատուցման ենթակա գումարները կազմել են 54 միլիարդ դրամ, 2020-ին՝ 46,5 միլիարդ դրամ 2019-ին՝ 38,3 միլիարդ դրամ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ