«Դուք ստացե՞լ եք զինվորների ծնողներից բողոքներ այն մասին, որ պատկան կառույցներում, օրինակ՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, իրենց հետ լավ չեն վերաբերվել։ Ինձ դիմել են վիրավոր զինվորի ծնողներ։ Նա կոմայի մեջ է, իսկ ծնողի հետ մեղմ ասած անշնորհք են վարվել նախարարության ստորին օղակների աշխատակազմում»,-Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2020թ․-ի տարեկան հաղորդման քննարկման ժամանակ այսօր ԱԺ նիստում ՄԻՊ Արման Թաթոյանին հարցրեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Աննա Կոստանյանը։
Թաթոյանը պատասխանեց, որ համակարգված, հատուկ ընդգծված վատ վերաբերմունք չեն արձանագրել․ «Կարող են լինել եզակի դեպքեր, եւ մենք յուրաքանչյուրին արձագանքում ենք։ Դա դատապարտելի է։ Ծնողների դեպքում հիմնական խնդիրը տեղեկատվության պակասն է։ Նույնը անհետ կորածների ծնողների դեպքում։ Բնական կարիք կա, որ պետությունն աշխատի իրենց հետ, անհրաժեշտ տեղեկություններ տրամադրի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ