Երեկ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց 0,5 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6 %: ԿԲ-ն նման որոշում կայացրել էր նաև մինչ այս՝ նախորդող ամիսներին։ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ԿԲ-ի կողմից այս գործողությունն ուղղակիորեն միտված է գնաճը զսպելուն:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԿԲ գործողություններն ապագային են միտված, ապա այսօր վերաֆինանսավորման տոկոսադրույքը ևս մեկ անգամ բարձրացնելը հստակ ազդակ է, որ գնաճային ճնշումները շարունակվելու են նաև ապագայում: Սա մի կողմից` ազդակ է, որ գնաճը շարունակվելու է: Մյուս կողմից էլ՝ ԿԲ-ի նման գործողության շարունակականությունը ցույց է տալիս նախորդիվ իրականացված գործողությունների արդյունավետությունը, որն օբյեկտիվորեն չէր կարող շատ բարձր լինել, քանի որ, ըստ էության, միայն մեկ կառույց՝ ԿԲ-ն է աշխատում: Գնաճի վրա ազդող հիմնական գործոնների շարքում առաջին հերթին փոխարժեքի տատանումն է, դոլարի թանկացումը: Երկրորդը, բնականաբար, համաշխարհային գներից եկող ճնշումներն են, նաև այսօր առկա անորոշությունը: Այս գործոնների վերլուծությունը ցույց է տալիս, որ տնտեսության պատասխանատու մյուս օղակներում նույնպես պետք է իրականացվեն գործողություններ: Միայն ԿԲ-ի կողմից գործողությունների իրականացումը չի կարող արդյունավետություն ապահովել: Այս մասին է, թերևս, վկայում նաև այն, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերջին բարձրացմանը նախորդել էր ավելի կտրուկ գործողություն՝ արտարժույթի ներարկում տնտեսության մեջ: Այդ քայլին ԿԲ-ն գնաց, որովհետև որևէ կերպ արտարժույթի խնդիրը չէր կարգավորվում»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ թեև նշված քայլը որոշակի դրական ազդեցություն ունեցավ, բայց երկարաժամկետ կտրվածքով խնդրի լուծման համար հարկավոր է ավելացնել տնտեսական աշխուժությունը:
«Միգուցե գնաճի ուղղակի զսպումը չպայմանավորվի նշվածով, բայց պետք է մարդկանց գնողունակության մակարդակը բարձրացնել, որ ինֆլյացիոն երևույթներն այսօրինակ ցավագին չընկալվեն, և ԿԲ-ն անընդհատ ծայրահեղ գործողությունների չգնա: Ինչո՞ւ ծայրահեղ, որովհետև երբ ճգնաժամային իրավիճակի ու նաև տնտեսության սուղ միջոցների պայմաններում եղած միջոցների գինը բարձրացվում է, դա որևէ կերպ ճգնաժամային իրավիճակի համար ցանկալի սցենար չէ: Նշվածը շատ լավ հասկանում ու գնահատում է ԿԲ-ն, բայց ստիպված է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել, որովհետև գնաճը թիրախային մակարդակում պահելու պարտականություն ունի»,-ասաց փորձագետը:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։