Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատահաբար լուրերից իմացանք․ դիմելու եմ ՍԴ»․ ՄԻՊ-ը՝ բուհերի վերաբերյալ գործադիրի որոշման մասին

Մայիս 06,2021 11:29

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2020թ․-ի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ այսօր ԱԺ նիստում ՄԻՊ Արման Թաթոյանին հիշեցրեց, որ վերջերս ԱԺ-ն ընդունեց կրթության ոլորտը կարգավորող հիմնական օրենք, որով սահմանափակվում էր բուհերի ինքնակառավարման իրավունքը, նախագահ Արմեն Սարգսյանն էլ օրենքը չի ստորագրել եւ այն ուղարկել է ՍԴ․ «Մեկ էլ հանկարծ իմանում ենք, որ կառավարությունը որոշել է փոփոխություն մտցնել ՀՀ երեք բուհերի կանոնադրությունում, ինչը, իմ կարծիքով, մեղմ ասած խնդրահարույց է։ Դրանով սահմանափակվում է ԵՊՀ-ի, մանկավարժական համալսարանի եւ վերջինիս Գյումրիի մասնաճյուղի ինքնակառավարման իրավունքը։ Կառավարման մարմինների նշանակման կարգն են փոխել, եւ 50%-ից ավելին նշանակում է կառավարությունը՝ ի դեմս վարչապետի եւ նախարարության։ Սահմանադրությունն ասում է, որ բուհական համակարգում ինքնավարություն պետք է իրականացվի։ Սա չի խախտո՞ւմ կրթության իրավունքը»։

Արման Թաթոյանն արձագանքեց, որ ինքը դեռ դեկտեմբերին է ասել՝ մտահոգություններ կան, որ մասնագիտական շրջանակների եւ ՄԻՊ-ի կարծիքները հաշվի չեն առնվել․ «Այո, հակասահմանադրական դրույթներ կան, նախագահը դիմել է ՍԴ, եւ ես կարծիք պետք է ներկայացնեմ ՍԴ՝ ամրապնդելով մոտեցումը, որ օրենքն ունի բացահայտ հակասահմանադրական դրույթներ։ Ինչ վերաբերում է կառավարության որոշմանը, մենք էլ պատահաբար լուրերից իմացանք, որ գրավոր ընթացակարգով նման որոշում են կայացրել։ Մասնագիտական շրջանակներն այս դեպքում էլ մտահոգություններ են հայտնել։ Այո, այդ որոշումն ավելի է վատթարացնում վիճակը, որովհետեւ 65% է սահմանվում։ Ստացվում է, որ պետության նշանակված անդամների հարաբերակցությունն ավելանում է։ Բացի այդ, ԿԳՄՍ-ի այս նախաձեռնությունն անարգանք է երկու սահմանադրական ինստիտուտների՝ նախագահի եւ ՍԴ-ի հանդեպ։ Կառավարությունը պատճառաբանել է, թե խնդիր է կարգավորում, բայց կարծում եմ՝ խնդիրն արհեստական է առաջացել, որը լուծում են բուհերի ինքնավարության հաշվին, ինչն անթույլատրելի է։ Կառավարության որոշումը վիճարկելու եմ ՍԴ-ում։ Այսօր կամ վաղը դիմումը կներկայացնեմ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31