Պատմական առումով էական է միայն քաղաքական բովանդակությունը. ի՞նչ առաջնահերթություններով են առաջնորդվել Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն եւ Սերժ Սարգսյանը կործանման շեմին գտնվող Հայաստանի ապագայի տեսանկյունից
Ինձ, որպես հասարակ ընտրողի, չի հետաքրքրում մեղադրանքը, որ երեկ՝ մայիսի 5-ին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ ոչ հրապարակային հանդիպման մանրամասներ է գաղտնազերծել, մի պարզ պատճառով՝ այդ «գաղտնիքը» միեւնույն է կբացահայտվեր 1, 5, 10 կամ նույնիսկ՝ 30-50 տարի հետո Հայաստանի այսօրվա պատմության շրջանն ու ՀՀ երեք նախկին նախագահների գործողություններն ուսումնասիրող, նրանց մեմուարներն ընթերցողի կողմից:
Միանգամից արձանագրեմ, որ ՀՀ առաջին նախագահը, վստահաբար, որեւէ մեկի պաշտպանության կարիքը չունի, նա, եթե հարկ համարի պաշտպանվել, կարող է դա իրականացնել բոլորից լավ ու բոլորից ավելի պերճախոս, առավելեւս՝ նա իմ պաշտպանության կարիքը չունի, որովհետեւ 2011թ. «բուրժուդեմոկրատական հեղափոխության» բուռն ծաղկման շրջանում, երբ պարզ դարձավ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանի ստեղծած ԲՀԿ-ի հետ դաշինք է ցանկանում ձեւավորել՝ ես հրապարակային սուր քննադատել եմ ՀՀ առաջին նախագահին՝ առաջացնելով նրա թիմակիցների, մեղմ ասած՝ զայրույթը ու նրա համակիրների կողմից համացանցային «հարձակումների» եմ ենթարկվել: Բայց այսօր այդ թեման համարում եմ մանկական խաղի մասշտաբի մանրուք: Նաեւ հավելեմ՝ այսօր եւս Ռոբերտ Քոչարյանի ստեղծած ԲՀԿ-ին (մեծ հարգանք ունենալով Գագիկ Ծառուկյանի շուրջ հավաքված քաղաքական գործիչների նկատմամբ) համարում եմ հայաստանյան քաղաքական դաշտի ամենաապաքաղաքական ուժը, որի ղեկավարը, իր համար օբյեկտիվ պատճառներով, ցանկացած քաղաքական վճռորոշ պահի կարող է իշխանության հետ գործարքի գնալ ու ընդդիմադիր հիմնական ուժերի նպատակները ձախողել:
Բայց այսօր դրա մասին չէ խոսքը: Դատելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գրասենյակների արձագանքներից՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղտնազերծումը խիստ զայրացրել է նրանց: ՀՀ առաջին նախագահը, իմ կարծիքով, ճիշտ է վարվել՝ գաղտնազերծելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ ոչ հրապարակային հանդիպման մանրամասները: Եթե հետպատերազմյան հայաստանյան քաղաքական գործընթացները դիտարկենք մեծ, շատ ավելի մեծ կտավի մեջ, ապա հետաքրքիր է, ավելի ճիշտ՝ պատմական տեսանկյունից որպես դրվագ՝ էական է միայն քաղաքական բովանդակությունը, այսինքն՝ քաղաքական գործիչների քայլերն ու նպատակը եւ հարցը՝ ի՞նչ առաջնահերթություններով են նրանք գործել Հայաստանի Հանրապետության համար այս ծանրագույն փուլում:
Կարդացեք նաև
Փաստ 1. 44 օրյա պատերազմից ավարտից հետո Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դաժան քննադատության են ենթարկում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, սակայն պատմական փաստը հետեւյալն է, մարտի 25-ին տեղի է ունեցել ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը՝ Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ, որտեղ նա առաջարկել է՝ «անկախ նախկինում մեր ունեցած սկզբունքային տարաձայնություններից եւ սուր հակասություններից, գիտակցելով մեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ», հանդես գալ միասնական դաշինքով: Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահները մերժել են այդ գաղափարը, իսկ դա նշանակում է, չեն ցանկացել պատասխանատվություն ստանձնել երկրի ճակատագրի հանդեպ:
Փաստ 2. մայիսի 5-ին Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը եւ նրանց համակիրները Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղտնազերծումից հետո իրենց ջղաձիգ պոռթկումներով հայտնվեցին մեկ «նավում»: Մի մասը ոչ այնքան սխալ համարեց Տեր-Պետրոսյանի առաջ քաշած գաղափարը, որքան այդ գաղափարի մասին գաղտնազերծումը, իսկ մի մասն էլ՝ առհասարակ, քննարկումը տարավ կենցաղային մակարդակի՝ «բա ինչո՞ւ էր քանի տարի Տեր-Պետրոսյանը քննադատում Քոչարյանին եւ Սարգսյանին», «բա Քոչարյանն ու Սարգսյանն էլ «թաթար մոնղոլ» չե՞ն…» խոսակցությունների դաշտ: Ու այսպիսով Տեր-Պետրոսյանը մեկ կարեւոր արձանագրում արեց. Հայաստանի նախկին երեք նախագահների միասնական հանդես գալու գաղափարը՝ Քոչարյանն ու Սարգսյանը յուրաքանչյուրն իր նկատառումներից ելնելով՝ մերժելով, հայտնվել են այսօր գործող վարչապետի հետ նույն շահերի դաշտում:
Փաստ 3. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ֆիքսվեց հարցի վրա, որ՝ «Հայրենիքի փրկության շարժումը» Քոչարյանը չի ստեղծել։ Իսկ ի՞նչ տարբերություն: Գուցե Քոչարյանի գրասենյակն այդկերպ փորձում է համոզում ձեւավորել, որ ձախողված շարժումը կապ չունի՞ Ռոբերտ Քոչարյանի կերպարի հետ: Արձանագրումը միեւնույն է հետեւյալն է՝ այդ շարժումը ձախողվել է, այդ շարժմանը չի հաջողվել փրկել հայրենիքը չնայած այն հանգամանքին, որ այդ շարժմանն աջակցել են թե՛ քոչարյանականներ, թե՛ սարգսյանականներ: Եվ հետո, ինչո՞ւ այսօր նախընտրական գործընթացների մեջ ներգրաված քաղաքական գործիչները, առաջին հերթին՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հրապարակային չեն անդրադառնում հարցին, թե ինչու Արցախի ու Հայաստանին գլխին աշնանը վրա հասած արհավիրքից հետո «Հայրենիքի փրկության շարժումը» ձախողվեց, ո՞ւմ մեղքով եւ ինչի արդյունքում որոշվեց փողոցային պայքարը տանել մարման եւ նախապատվություն տալ արտահերթ ընտրությունների մասնակցությանը:
Փաստ 4. Եթե նույնիսկ Տեր-Պետրոսյանը մարտի 25-ին պատրաստած իր հայտարարության մեջ մի միտք ավելացներ իր այս ձեւակերպումից հետո, որտեղ նա ասում է, որ անձնապես չի հավակնում իշխանության նոր ձեւավորվելիք համակարգում որեւէ պաշտոնի, ապա շարունակեր միտքը, որ՝ «Ռոբերտ Քոչարյանը դաշինքի վարչապետի թեկնածուն է…», միեւնույն է Քոչարյանը կմերժեր Տեր-Պետրոսյանի առաջարկը: Քոչարյանին ավելի լավ ճանաչողները մշտապես պնդել են, որ նա իր հիշաչարության աստիճանով մշտապես մեծ «բարձունքներ» է նվաճել, նա երբեք չի մոռանում տասնամյակներ առաջ իր հասցեին արված այս կամ այն ամենաանմեղ թթու խոսքը:
Երեկվանից տարբեր ցնցումների մեջ ընկած, ամեն օր ազգին իրենց վեհ կարծիքը ներկայացնելու մոլուցքով տառապող համացանցային «մտածողների» ու «փորձագետների» համար հատուկ կրկնեմ՝ Հայաստանի նախկին երեք նախագահների հնարավոր դաշինքը, իրապես կարող էր Հայաստանի պետականության համար վճռորոշ քայլ դառնալ: Որքան հասկանում եմ, այդ հնարավոր դաշինքի ձեւավորման գործընթացից անմասն չեն եղել նաեւ Արցախի նախկին նախագահները: Մեր համացանցային իրականությունից վերացել է «պետությունը», «հանուն պետությանը», «հանուն՝ հայկական մնացած Արցախի», «հանուն Սյունիքի», «հանուն Հայաստանի հանրապետության տարածքային ամբողջականության», «հանուն Հայաստանի հանրապետության ինքնիշխանության պահպանման» հրամայականների գիտակցումը: Պա՞րզ է չէ, եթե այդ դաշինքը կայանար, նրանում կհայտնվեին նաեւ Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների առաջարկած, իրենց պատկերացմամբ արժանավոր, Հայաստանի ու Արցախի պետականաշինության գործում մեծ վաստակ ունեցած նաեւ այլ գործիչներ:
Ես ուրախ եմ, որ իմ՝ «Եթե երեք նախագահները միանային» հոդվածի հրապարակումից մեկ օր անց ՀՀ առաջին նախագահը, գոնե իմ համար խիստ անսպասելիորեն, գաղտնազերծվեց մարտի 25-ին կայացած ոչ հրապարակային հանդիպման մանրամասները, բայցեւ անկեղծորեն ափսոսում եմ, որ նման դաշինք չի ձեւավորվել ու չի ձեւավորվի:
Հոդվածիս վերաբերյալ արտահայտված գնահատականներից մեկը կառանձնացնեմ: Հայտնի լրագրող, մեկնաբան Արմեն Դուլյանը վիճելի էր համարել իմ հետեւյալ պնդումը, որ դաշինքով հանդես գալու դեպքում՝ երեք նախագահների ստացած ձայների հանրագումարն ավելին կլիներ, քան հիմա ամենափայլուն նախընտրական արշավի պայմաններում նրանց բերած առանձին տոկոսները: Պարոն Դուլյանը նշել էր. «Եթե ես շատ եմ հավանում առաջին նախագահին, բայց մյուս երկուսին տանել չեմ կարող, իրենց միացման դեպքում դժվար թե ձայնս տայի եռյակին, այնինչ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին կքվեարկեի, եթե նա հեռու մնար իմ չսիրած մյուս երկուսից…. Այսինքն՝ միացումը կարող է հանգեցնել նաեւ ձայների նվազման…»: Պարզաբանեմ, որ այդ միտքը գրելուց առաջ բավական երկար մտածել էի, առաջին հերթին՝ ինձ հարց տալով, թե ես ինչպե՞ս կքվեարկեի: Ի վերջո` եկա այն եզրահանգման, որ ինչպես ես, այնպես էլ իմ նման շատերը՝ կարող են քվեարկել հանուն պետության ինքնիշխանության, հանուն հայկական մնացած Արցախի, հանուն Սյունիքի, եւ իմ պատկերացմամբ, պարզ մաթեմատիկական հաշվարկով, այդպես քվեարկելով, ընդդիմադիր դաշինքի ձայները կբազմապատկվեին ու տպավորիչ կդառնային: Որպեսզի վերոնշյալ պնդումս հայաստանյան PR մասնագետների ու քաղտեխնոլոգների կողմից էլ չգնահատվի որպես անհիմն եզրահանգում, բացեմ մի գաղտնիք՝ ապացուցելու համար իմ պարզ հաշվարկի տրամաբանությունը. օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը կորցրեց իմ ձայնը, որը նա վստահաբար կարող էր ստանալ բացառապես մեկ պարագայում, եթե ձեւավորվեր այդ դաշինքը:
Բայց հաշվարկներն արդեն կարեւոր չեն… Կարեւորն այսօր հետեւյալ արձանագրումն է՝ Հայաստանի ու Արցախի համար պատմական այս կարեւոր փուլում Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի շահերն առաջին անգամ համընկան:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ