Վեդի քաղաքում փողոցներից մեկում Արցախի հերոս, փոխգնդապետ Դավիթ Ղազարյանի լուսանկարով վահանակը հանվել էր և նույն տեղում փակցվել Ռոբերտ Քոչարյանի գիրքը գովազդող պաստառը, ինչը բուռն արձագանք էր ստացել քաղաքացիների շրջանում:
Արցախի հերոսի ընկերը՝ Արթուր Մարտիրոսյանը, ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ Դավիթի նկարը հեռացնելուց հետո Վեդիի բնակիչները հավաքվել են ու ցանկացել պատռել Քոչարյանի պաստառը՝ պահանջելով հետ տեղադրել Արցախի հերոսի նկարը:
«Բայց Դավիթի հայրիկը չի թողել, ասել է՝ թող մնա, կգան քաղաքապետարանի աշխատակիցները կփոխեն: Բնակիչների բողոքից հետո նկարը փոխել են: Դավիթը մեր հերոսն է, բոլորիս հերոսն է, մեզ համար է իր արյունը թափել ու այսօր էլ իր ծննդյան օրն է: Եկեք քաղաքականությունը չխառնենք այս ամենի հետ»,-հավելեց զոհված փոխգնդապետի ընկերը:
Նշենք, որ Դավիթ Ղազարյանը զոհվել է 44 օրյա պատերազմի ժամանակ։
Կարդացեք նաև
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից նրան հետմահու շնորհվել է Արցախի հերոսի բարձրագույն կոչում: «Ղազարյանը վարել է մարտը՝ «ոչ մի քայլ հետ» սկզբունքով, նա իրականում հերոսություն է կատարել»,- նշել էր Հարությունյանը:
Անյուտա ԱԹԱՆԵՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: