Լրահոս
Օրվա լրահոսը

Կովկասը Էրդողանի համար առաջնային հետաքրքրություն չունի. Թոմաս դե Վաալ

Մայիս 06,2021 10:17

«Ամերիկայի ձայն». Արևմտյան փորձագետները շարունակում են քննարկել ԱՄՆ նախագահ Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարության հետևանքները և ազդեցությունը Հայաստանի ու համայն հայության վրա

Թուրքիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրիի կարծիքով՝ այս առումով անհրաժեշտ է տարանջատել Հայաստանը ու ամերիկահայ Սփյուռքը: Նա ընդգծում է, որ ճանաչումը որևէ կերպ չի ազդի հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների վրա:

«Մենք տեսնում ենք, որ մոտ 30 կամ 40 երկրներ, այդ թվում այնպիսի կարևոր տերություններ, ինչպիսիք են Ֆրանսիան և Ռուսաստանը, ճանաչել են ցեղասպանությունը և ի՞նչ եղավ հետո. ոչի՛նչ: Դա այն իրավիճակը չէ, երբ առաջին քայլը ցեղասպանության ճանաչումն է, երկրորդը՝ հարաբերությունների խզումը, երրորդը՝ կոալիցիայի ձևավորումն ընդդեմ այն պետության, որը հանդիսանում է իրավահաջորդ»,-ասում է նա:

Ջեֆրին շեշտում է, որ ամերիկահայության համար ճանաչումը իրենց նախնիների կամ սարսափելի ողբերգության զոհերի կարգավիճակի հաստատումն է: Այն ցեղասպանություն որակելու համար ամերիկահայությունը երկար տարիներ աշխատանք է իրականացրել, ընդգծում է Ջեֆրին:

«Դա արվեց, քանի որ ամերիկացիների շոշափելի մասի մոտ առկա էր այն զգացողությունը, որ դա պատմական իրողություն է՝ չափազանց կարևոր ամերիկահայ համայնքի համար: Դա ստիպեց նախագահին գնալ այդ քայլին»,- նշում է նա:

Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վալն իր հերթին հիշեցնում է, որ ամերիկահայությունը երկար տարիներ պայքարել է ԱՄՆ-ի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման համար: Նա այն որակում է առաջին աշխարհամարտի ամենասարսափելի էջը:

Դե Վալն ընդգծում է հայտարարության կարևորությունը հայության այն հատվածի համար, ովքեր հանդիսանում են ցեղասպանության զոհերի ժառանգներ: Սակայն Բայդենի հայտարարությունն, ըստ վերլուծաբանի, ակնարկում է, որ դա տեղի է ունեցել անցյալում, իսկ «ցեղասպանություն» եզրի կիրառումը չի նախատեսում իրավական որևէ հետևանք կամ պահանջներ, որից վախենում է թուրքական կողմը:

Նա հիշեցնում է, որ նախկինում ԱՄՆ նախագահի գրեթե յուրաքանչյուր թեկնածու խոստացել էր ամերիկահայերին ճանաչել Ցեղասպանությունը, սակայն ընտրություններից հետո, հետաքրքրությունը կորցնելով ամերիկահայերի ձայների նկատմամբ, դրժել խոստումը: Թուրքիայի հետ հարաբերություններն ավելի կարևոր էին, շեշտում է նա:

«Այսօր սակայն այլ իրավիճակ է, երբ առկա են բազմաթիվ տարաձայնություններ Թուրքիայի հետ: Կարծում եմ՝ նախագահ Բայդենը գտավ, որ թուրքական գործոնն այլևս այնքան կարևոր չէ, ուստի անհրաժեշտ է իրերը կոչել իրենց անունով»,- ասում է դե Վալը:

Հարավկովկասյան տարածաշրջանի զարգացումների համատեքստում վերլուծաբանը գտնում է, որ Հայաստանում անցած տարվա պատերազմի ու այստեղ Թուրքիայի ունեցած դերակատարության արդյունքում փորձ է արվում զուգահեռներ անցկացնել հարյուր տարի առաջ տեղի ունեցած զարգացումների հետ, սակայն նա համակարծիք չէ այս մոտեցմանը: Կովկասը Էրդողանի համար առաջնային հետաքրքրության տարածաշրջան չի հանդիսանում, ընդգծում է դե Վալը:

«Իհարկե, Հայաստանում այսօր առկա է սպառնալիքի զգացում Թուրքիայի կողմից, և դա հասկանալի է, սակայն իրական սպառնալիքի հիմքեր, կարծում եմ՝ չկան»,-ընդգծում է դե Վալը:

Վերլուծաբան Մայքլ Ռուբինը, սակայն, հակադրվում է Հայաստանի նկատմամբ սպառնալիքի բացակայության կարծիքին:

«Պատճառներից մեկը, թե ինչու է այդքան կարևոր ճանաչել Հայոց ցեղասպանությունն, այն է, որ Թուրքիայում և հատկապես Ադրբեջանում կան մարդիկ, ովքեր կցանկանան շարունակել ցեղասպանությունը»,- ընդգծում է Ռուբինը:

Նա սակայն կարճաժամկետում չի տեսնում որևէ լուրջ մեխանիզմ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում, քանի որ այստեղ են տեղակայված ռուսական ռազմակայաններ, որոնք ապահովում են ՀՀ-ի անվտանգությունը: Նա քննադատում է վարչակազմին «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժնի իրագործումը կասեցնելու համար, որի շնորհիվ ԱՄՆ-ը կշարունակի ռազմական օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանին: Բաքուն այսօր քայլեր է ձեռնարկում վերացնելու հայկական պատմամշակութային ժառանգությունը, ասում է Ռուբինը ՝ հիշեցնելով, որ ադրբեջանական կողմը ջնջում է հայկական գիրը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական եկեղեցիներից:

«Ես ավելի շատ մտահոգված եմ ոչ թե Թուրքիայի կողմից անմիջապես անկախ Հայաստանի հանդեպ վրեժխնդրության ցանկությամբ, այլ նրանով, որ Թուրքիան վրեժխնդիր կլինի այնտեղ մնացած հայ համայնքից և հատկապես Թուրքիայի ներսում մշակութային կոթողներից»,- շեշտում է նա:

Ռուբինը չի բացառում, որ Էրդողանն այսօր, Ադրբեջանի օրինակով, կլծվի Թուրքիայի ներսում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման գործին՝ քաջ գիտակցելով, որ միջազգային հանրությունը մեծ հաշվով անզոր է՝ կասեցնելու այս գործընթացը:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31