Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խոսակցություններ կան, որ Նժդեհի արձանի ապամոնտաժումն ինչ-որ ռուս գեներալ է ուզում, բայց թե չգիտենք՝ գեներալն ով է, իրոք դա այդպես է, թե չէ. «Հայկական ժամանակ»

Մայիս 06,2021 08:00

Մայիսի 4-ին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Արցախի Մարտունի քաղաք է այցելել այնտեղ տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման հարցով ու ասել. «Ժողովուրդ, լավ կլինի՝ այս արձանը հանենք»: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեց Մարտունի քաղաքի ավագանու անդամ Արտակ Մկրտչյանը:

Մկրտչյանի խոսքով՝ հավաքված մարդիկ պահանջել են Նժդեհի արձանի ապամոնտաժման համար կոնկրետ պատճառներ նշել, Վիտալի Բալասանյանն էլ մի քանի պատճառներ է բերել, սակայն դրանք, ըստ Արտակ Մկրտչյանի, նրանց չի բավարարել: Բալասանյանն էլ ասել է՝ «ձեր գործն է», թողել, գնացել է: Ավագանու անդամից հետաքրքրվեցինք, թե Բալասանյանն ինչ պատճառաբանություններ է բերել: «Որոշ հանգամանքներից ելնելով՝ չեմ ուզում հանրայնացնել նրա ասածները, բայց մի բան կարող եմ հստակ ասել՝ կոնկրետ պատճառ չի եղել»,- ասաց նա:

Արտակ Մկրտչյանի խոսքով՝ արդեն մի քանի անգամ քննարկումներ են ունեցել ինչպես քաղաքապետարանի ներկայացուցիչների, այնպես էլ Վիտալի Բալասանյանի հետ, թեման եղել է արձանի ապամոնտաժումը: «Մեզ արդեն քանի անգամ է՝ ժամանակ առ ժամանակ ասում՝ լավ կլինի՝ հանենք, մենք էլ հստակ պատճառներ ենք ուզում, թեման փակում են, ասում՝ լավ, հետո կզրուցենք, բայց որոշ ժամանակ հետո կրկին սկսում են ապամոնտաժման քննարկումները»,- պատմեց Արտակ Մկրտչյանը:

Ավագանու անդամի խոսքով՝ եթե կան կոնկրետ փաստեր, որ արձանի՝ իր տեղում մնալը վնաս կբերի Արցախին կամ Հայաստանին, իրենք պատրաստ են հասկանալ ու հեռացնել: Ամեն դեպքում, հանրությունը նման պատճառ չի տեսնում, ավելին՝ Նժդեհի արձանի ապամոնտաժումը թուլություն են որակում: «Եթե այն վնաս չի բերում, ինչո՞ւ պիտի ինչ-որ մեկի քմահաճույքի համար այն հեռացնենք: Խոսակցություններ կան, որ դա ինչ-որ ռուս գեներալ է ուզում, բայց թե չգիտենք՝ գեներալն ով է, իրոք դա այդպես է, թե չէ: Մենք հանդիպումների ժամանակ ասել ենք՝ կոնկրետ ով է ուզում, որ այս արձանն ապամոնտաժվի, թող գա, մեզ հետ հանդիպի, հասկանանք՝ ով է ու ինչի համար է այդպես ուզում»,- ասաց նա:

Վերջերս սկսեցին խոսակցություններ տարածվել, որ պետք է արձանը հեռացվի, բայց թե ում կողմից եւ ինչու, Մարտունիում չգիտեն: «Մենք մի քանի անգամ հանդիպում ենք ունեցել Վիտալի Բալասանյանի հետ, նա ասել է՝ լավ կլինի, որ արձանը հանենք, բայց դա ասվել է առանց որեւէ լուրջ հիմնավորումների: Մենք հարց ենք տվել Բալասանյանին, թե ինչո՞ւ հանենք, բայց հստակ պատճառներ չեն եղել»:

Ըստ Մկրտչյանի՝ խոսակցություններ կան, որ արձանը պիտի մինչեւ Մայիսի 9-ը հանեն:

Մարտունու քաղաքապետի պաշտոնակատար Ազնավուր Սաղյանից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ է, որ Վիտալի Բալասանյանը այցով եղել է Մարտունիում, որի նպատակը արձանի ապամոնտաժումն է եղել: Քաղաքապետն ասաց, որ այդ հարցը չի մեկնաբանում: Խնդրեցինք մեկ բառով պատասխանել՝ արձանը հանվելո՞ւ է, թե՞ ոչ, քաղաքապետն ասաց. «Չէ՛, երեւի չի հանվելու»:

Աղունիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31