Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում, խոսում, ուրախանում էին, կարծես ոչինչ չի եղել, կարծես Արցախ չեն հանձնել, հազարավոր զոհերի պատճառ չեն դարձել. «Փաստ»

Մայիս 06,2021 09:30

Ազգային ժողովում օրեր առաջ ամենաիսկական խրախճանք էր. ասում, խոսում, ուրախանում էին, կարծես ոչինչ չի եղել, կարծես Արցախ չեն հանձնել, հազարավոր զոհերի պատճառ չեն դարձել, պետության հիմքերն իրենք չեն սասանել, կարծես նոր-նոր էին եկել իշխանության և պահն էին վայելում:

Հետո արդեն հիշեցին «նախկիններին»: Առանց նրանց չեն կարող, այդտեղ է կարծես թաքնված նրանց գաղտնի ուժը, կարծես «նախկինները», «դղյակները», «ժողովրդի իշխանությունը» կախարդական բառեր լինեն, որոնք կստիպեն մարդկանց նորից հավատալ մեկին, որն իրեն վստահելու տեղ չի թողել, որն իրեն անգամ ներելու տեղ չի թողել, չնայած եթե իրեն հարցնեք՝ նա ոչինչ էլ չի արել, եկել էր ավերակների վրա թագավորելու, այդ ընթացքում հիմնահատակ կոռուպցիան արմատախիլ արեց, դա էլ հետո կերևա՝ արմատախի՞լ արեց, թե՞ արմատներն ավելի խորացան: Քամահրական վերաբերմունք գործընկերների, նրանց հնչեցրած հարցադրումների վերաբերյալ:

Ու այսպես է լինելու նաև նախընտրական քարոզարշավի ժամանակ: Իրականում ոչ մի բառ, գոնե քաղաքական իշխող ուժի կողմից չի ասվելու ապագայի մասին, այն աշխատանքի, որ պետք է անենք երկրի անվտանգությունը վերականգնելու համար: Բառեր, բառեր, իրենց իմաստն ու ազդեցությունը կորցրած բառեր ենք լսելու:

Մտավախություն կա, թե նույն ուղիով կգնան մյուս քաղաքական ուժերը, որոնք ցանկանում են իշխանության գալ: Քննադատության թիրախ կդառնան Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, և մենք այդպես էլ չենք հասկանա, թե որն է շատերի ծրագիրը, ինչպես են մեզ ու երկիրը դուրս բերելու ճգնաժամից:

Գուցե քարոզարշավը հայտնի կոնցեպտով ընթանա՝ «նախկիններ-ներկաներ, կաշառակերներ կապիտուլյանտ, Արցախը շենացրեցինք-Արցախը նվիրեցիք, դուք թալանեցիք-մենք ի՞նչ անեինք», և այլն, և այլն: Որպես քաղաքացի ու պետություն՝ սարսափելի իրավիճակում ենք, գուցե շատերս խորապես դա չենք հասկանում, բայց դա անհերքելի փաստ է:

Ամենաիսկական մղձավանջ են իշխանությունները՝ այդ բառի բոլոր իմաստներով, նրանց գործելաոճը, բառապաշարը, պահելաձևն ուղղակի սարսափեցնող են, երբեմն՝ զարմանալի, ավելի հաճախ՝ անհասկանալի: Նրանք մեզ ասում են՝ ապագա կա այն դեպքում, երբ քաղաքական իշխող թիմը հետևողականորեն, ծրագրված քայլերով կործանեց մեր ապագան, մեր հույսերը, մեր երազանքները, ու բոլոր նրանց, ովքեր չվերադարձան մարտի դաշտից։ Ասում է՝ ժողովրդի իշխանությունն անսասան պետք է մնա, այն դեպքում, երբ ժողովուրդը նրան հեռանալու պահանջ է ներկայացնում, բայց նա անշեղորեն շարունակում է տնօրինել իշխանական լծակները:

Առանց որևէ թիկնազորի, ազատորեն դուրս եկեք ձեզ ընտրած ժողովրդի մեջ ուղղակի քայլելու, միայն այդ ժամանակ կհասկանաք՝ ունե՞ք ժողովրդի վստահությունը, թե՞ ոչ: Ասում է՝ կարող էինք 2018 թվականին բռնապետություն ստեղծել, մինչդեռ մենք ձեզ խոսքի ազատություն ենք տվել: Ինչ խոսք, մոռացել ենք շնորհակալություն հայտնել: Բայց մեկդ, թե առիթ լինի, հուշեք բռնապետ լինելու հակումներ ունեցողին, որ բռնապետություն ստեղծելու համար քաղաքական գործիչը մի շարք հատկանիշներ պետք է ունենա՝ զսպվածություն, ուժ, հետևողականություն քայլերում և այլն: Այստեղ չենք խոսում այն մասին՝ բռնապետությունը լա՞վ բան է, թե՞ ոչ:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31