Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայելի մեդալը հանձնվեց ծնողներին Եռաբլուրում

Մայիս 06,2021 14:00

«Ամեն ժամանակում երկրին տրվում է մարդկային սերնդի մի հատված, որպեսզի նրա մեջ բնակեցվի ազգի խիղճն ու բարոյականությունը, ուժն ու տառապանքը: Համեստ ու ազնիվ կյանքով, հաճախ բոլորովին աննկատ, նրանք ապրում են մեր կողքին՝ իրենց ներսում կրելով ազգի ճակատագրի խաչը: Լինում է, որ պատմության նրանց հատվածն անցնում է առանց ողբերգական մեծ դեպքերի, համաժողովրդական աղետների, եւ այդ մարդիկ հեռանում են կյանքից՝ ներսում տանելով չկայացած սխրանքների ու չդրսեւորված ազնվության կրակը: Եվ ապրողները չեն իմանում, թե ովքեր եկան ու անցան իրենց կողքով: Բայց այդպես լինում է երջանիկ ժողովուրդների պատմության մեջ: Այսինքն՝ չի վերաբերում մեզ: Որովհետեւ չենք տեսել ժամանակի մի հատված, որն իր հետ չբերեր համերկրային ցավ, դրա թելադրանքով՝ ազգային սխրանքի դրսեւորման անհրաժեշտություն» (Իգնատ Մամյան, 1992):

Ազգային սխրանքի, ազնվության կրողներից էր 18-ամյա Միքայելը՝ Միքոն:

Եռաբլուր զինվորական Պանթեոնում կիրակի օրը՝ մայիսի 2-ին Միքայել Ռուբենի Մկրտչյանի ծնողներին, հարազատներին Արցախի նախագահի եւ Արցախի Հանրապետության անունից հանձնվեց մեդալ: Հետմահու նա պարգեւատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով՝ «2020թ. սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս արիության եւ խիզախության համար»:

Միքայելի մասին «Առավոտն» անդրադարձել էր «Կորած զինծառայողի վերջին զանգը հոկտեմբերի 8-ին է եղել» հրապարկմամբ , երբ որոնում էինք նրան, երբ հայտնի չէր նրա, նրա մարտական ընկերների, հրամկազմի գտնվելու մասին, երբ տեղեկությունները խիստ իրարամերժ էին:

Միքայելին որոնում էինք Արցախի հանձնված, չհանձնված տարածքներում, հիվանդանոցներում, դիահերձարաններում: Ամենուր:
Հետո երբ գտնվել էին նրա մասունքները, որոշ տեղեկություններ էլ իմացել էր Միքայելի հայրը, ով նույնպես Արցախյան պատերազմի մասնակից է:

Միքայելը ծնվել է 2002թ. մարտի 20-ին, Երեւանում:
Սովորել է Ն. Նանսենի անվան դպրոցում, Ն. Աճեմյանի անվան թիվ 2 պետական քոլեջում: Դպրոցն ավարտելուց հետո զինվորական ծառայության է մեկնել 2020-ին: Ծառայել է Ջաբրայիլի զորամասում, որպես հետախույզ:

Պատերազմը սկսելուն պես ընտանիքը տեղեկացավ, որ նա մարտական գործողությունների կիզակետում է:
Նրա վերջին զանգը եղավ հոկտեմբերի 8-ին: Մինչ այդ զանգել էր մորաքրոջ որդուն, երբ երեք օր Ջաբրայիլում շրջափակման մեջ էին ընկել ու նրան ասել. «Ամեն կողմից խփում են, կարող է չփրկվենք: Աղոթք ենք անում, եթե Աստված կա, մեզ կփրկի»:

Պատերազմի ընթացքում տեղափոխվել է Հադրութ, որտեղ զոհվել է: Նրա զոհվելու օրը անհայտ է: Տասնութամյա հերոսի մասունքները (Միքայելը ձեռքին խաչ ուներ) հուղարկավորել են այս տարվա հունվարի 14-ին՝ ամփոփելով Եռաբլուր զինվորական Պանթեոնում:
Միքայելը փրկել է իր մարտական ընկերներից շատերի կյանքը:

Հադրութում՝ Նորաշեն գյուղի մոտակայքում սպաներից մեկը՝ Տիգրանը, դիմել է զինվորներին՝ «նահանջեք, ես կպահեմ դիրքերը»: Տղաները նահանջում են, իսկ սպան ոտքից վիրավորվում է: Միքայելը կրակելով հայտնվում է սպայի թիկունքում, պահելով նրա թիկունքը: Միքայելը սպային ասում է՝ «վիրավոր է նաեւ Վլադը, գնամ նրան բերելու»: Երբ մենակ վերադառնում է արդեն երկու ոտքից վիրավոր Տիգրանի մոտ, սպան հարցնում է՝ ուր է Վլադը: Միքայելն ասում է՝ «Վլադս անմահացավ… »:

Միքայելը երկու ոտքից վիրավոր սպային ուսին դրած տեղափոխում է: Սպան խնդրում է իրեն թողնել, գնալ, որպեսզի գոնե փրկվի Միքայելի կյանքը, իսկ Միքայելը հրաժարվում է զինակցին թողնել, օձիքից քաշելով, նրան հասցնում է մինչեւ շտապօգնության մեքենան՝ մոտ երեք կիլոմետր:

Փորձում եմ մտովի պատկերացնել այդ գեհենն անցած տղաներին, Միքայելին, մտածում եմ. որտեղից այդքան ուժ, այդ տարիքում, սեփական անձը մոռանալու, փրկելու ընկերոջ կյանքը…

Դրանից հետո սպան չի տեսել Միքայելին…

Միքայելը երեւում է մոր երազներում: Նա, երազներում անգամ, ծնողներին ցավ չպատճառող զավակների պես, ասում է՝ ողջ եմ…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31