Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերային հայ երգիչները մրցանակների թվով զիջեցին միայն ռուսներին

Մայիս 06,2021 13:30

Ի թիվս այլ արվեստագետների, Նավասարդ Հակոբյանը եւս վերադարձավ մրցանակով

Վերջերս Մոսկվայում կայացած աշխարհահռչակ տենոր Խոսե Կարերասի անվան օպերային երգիչների երկրորդ միջազգային մրցույթում, որին մասնակցում էր 18 երկիր եւ շուրջ 200 մասնակից, Հայաստանը մրցանակների թվով երկրորդն էր՝ Ռուսաստանից հետո։ Հայկական վոկալ դպրոցի նման հաջողությունը սպասելի էր, քանի որ տասնամյակներ շարունակ հայ երգիչները իսկապես փայլել են հեղինակավոր նման միջոցառումներին, որոնց հետեւել են հրավերները տարբեր թատրոններից, միջազգային այլ նախագծերին մասնակցությունը եւ այլն։

Խոսե Կարերասի մրցույթի խորագիրն էր «Կարերաս Գրանպրի», որը ճանաչված մեցցո սոպրանո, երջանկահիշատակ Ելենա Օբրազցովայի հիմնադրամի մենաշնորհն է եւ անցկացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բարձր հովանու ներքո։ Հայաստանյան վոկալ դպրոցը ներկայացնում էին երեք օպերային երգիչ՝ սոպրանո Լիլիթ Դավթյանը, որը ճանաչվեց երկրորդը, բաս Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը, ով երրորդն էր եւ դարձյալ երրորդ մրցանակի արժանացած Նավասարդ Հակոբյանը։

Հայ երգչին մրցանակը հանձնում է ժյուրիի իտալացի անդամ Բարբարա Ֆրիտոլին։

«Առավոտը» զրուցեց Նավասարդ Հակոբյանի հետ, որը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան) մեներգիչ է եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրանտ (պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի դասարան)։

Նավասարդ Հակոբյանը, Սերգեյ Լեյֆերկուսին եւ
Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը։

Մեր զրուցակիցը հայտնեց, որ մրցույթն անցկացվել է դասական ձեւաչափով՝ երեք փուլով, առաջին փուլը՝ օնլայն, ուղարկվել են երգիչների կատարումները CD-ներով, իսկ երկրորդ եւ երրորդ փուլերում մասնակիցները հանդես են եկել ժյուրիի առջեւ, որի անդամները օպերային արվեստի աստղեր են, այդ թվում՝ Բարբարա Ֆրիտոլի, Դմիտրի Վդովին, Մակվալա Կասրաշվիլի, Սերգեյ Լեյֆերկուսի եւ այլք։ Ժյուրիի աշխատանքները՝ պայմանավորված համավարակով, օնլայն նախագահել է Խոսե Կարերասը։ Երիտասարդ արվեստագետը նշեց նաեւ, որ եզրափակիչ փուլը կայացել է մոսկովյան նորակառույց «Զարյադյե» դահլիճում, որն այսօր դասվում է աշխարհի լավագույն սրահների թվում՝ առաջին հերթին հիանալի ակուստիկայի շնորհիվ։ Նա հանդես է եկել Թեմուր Զանգիեւի ղեկավարությամբ՝ Ստանիսլավսկի եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի թատրոնի նվագախմբի հետ, կատարելով Ժերարի արիան Ումբերտո Ջորդանոյի «Անդրե Շենյե» օպերայից եւ Վալենտինի կավատինան Գունոյի «Ֆաուստից»։

Հետաքրքրությանը, թե՝ մեր երգիչները՝ կոնկրետ ինքը, ո՞ր օպերաներից կամ ի՞նչ արիաներով են հանդես եկել, արդյոք հնչեցրե՞լ են հայկական օպերաներից մեներգեր, կավատինաներ, արիաներ, Նավասարդ Հակոբյանը տեղեկացրեց, որ մրցույթի պարտադիր պայմանների թվում էր նաեւ կազմկոմիտեի, ժյուրիի կողմից նախապես ներկայացված հեղինակների ցանկը, որում բացառապես համաշխարհային օպերային գրականության գործեր էին՝ Վերդի, Չայկովսկի, ֆրանսիացի հեղինակներ եւ այլն։ Երգիչը ցանկություն հայտնեց, որ հայկական օպերային ժանրի մեր մեծերն էլ՝ ի դեմս Սպենդիարյանի, Չուխաջյանի, Տիգրանյանի եւ այլոց, տեղ գտնեն մրցույթների պարտադիր ծրագրում: Հավելենք, որ մեր զրուցակից արվեստագետը 2019թ. մասնակցել է երկու մրցույթների՝ Յարոսլավլում, արժանանալով երկրորդ մրցանակի եւ Սնեգիրիում Դելփյան խաղերին՝ վաստակելով արծաթե մեդալ։ Հետաքրքրվեցինք՝ մրցույթից հետո ի՞նչ առաջարկներ է ստացել։ «Գիտեք, որ քովիդի պատճառով թատրոնների, երգիչների բնականոն կյանքը խաթարվել է, որոշ թատրոններ դեռ փակ են… Իհարկե, բանավոր հրավերներ, ցանկություններ շատ եղան, բայց չգիտենք, թե այս ամենը երբ է կարգավորվելու»,-պատասխանեց նա։

2018թ.-ից Նավասարդ Հակոբյանը Երիտասարդական օպերայի ծրագրի մասնակիցների հետ մասնակցել է բազմաթիվ համերգների Երեւանում, մարզերում, նաեւ Արցախում։ Իսկ թե ի վերջո երբ կլինի իր դեբյուտը Երեւանի օպերային թատրոնում եւ ինչ դերերգով, բարիտոնն ընդամենն ասաց, որ այս պահին պատրաստում է Ժերմոնի դերերգը Վերդիի «Տրավիատա» օպերայում, Սիլվիոյինը՝ Լեոնկավալոյի «Պայացներում» եւ Կոմս Դիլունայի դերերգը Վերդիի «Տրուբադուր» ներկայացման մեջ։ Անդրադառնալով մրցույթին, հետաքրքրվեցինք՝ այն առաջին անգամ է՞լ է անցկացվել երգչական բոլոր ձայների միջեւ։ Երգիչը հիշեցրեց, որ սա երկրորդ մրցույթն էր, իսկ առաջին անգամ մասնակցել են միայն տենորները։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝

«Առավոտ» օրաթերթ
05.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31