Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերը եւ սերբերը» բացառիկ գրքի, Սերբիայի հայ համայնքի ու աշխարհի մասին

Մայիս 06,2021 13:00

Հայերը Սերբիայում բնակվել են 17-18-րդ դարերից, երբ այնտեղ են վերաբնակվել մեծ թվով պավլիկյաններ, ապա նաեւ հայ առաքելականներ ու քաղկեդոնականներ։ Կան տեղեկություններ Բիթոլի (Բիթոլյե) եւ Օվրիղի փոքրաթիվ հայ համայնքների վերաբերյալ, հիշվում է նաեւ Արմենոֆոր գյուղը։ Սերբական Վիտովնիցա վանքային համալիրի Սուրբ Հակոբ եկեղեցու (կառուցվել է 1218 թվականին) պատի վրա կան 12-րդ դարի վերջի եւ 13-րդ դարի սկզբի սերբերեն եւ հայերեն շինարարական արձանագրություններ։ Հայտնի է, որ սերբ առաջին արքեպիսկոպոս սուրբ Սավան Արեւելքում ճանապարհորդելիս եղել է Հայաստանում եւ շինարար-վարպետներ է հրավիրել սերբական եկեղեցիներ կառուցելու համար:

Ըստ սերբական մի ավանդության՝ հայերը, որոնք թուրքական զորքի կազմում մասնակցում էին 1389 թվականի Կոսովոյի ճակատամարտին, չկամենալով կռվել քրիստոնյաների դեմ, թաքնվել են Սոկոբանյա քաղաքին մոտ գտնվող Օզրեն լեռան վրա, որտեղ կառուցել են Յերմենչիչ (Հայկական) վանքը (1392-ին, կանգուն է ցայսօր), եւ այն տեղի բնակիչների շրջանում հայտնի է որպես Հայկական վանք։ 1430 թվականին Դուբրովնիկ (Խորվաթիա) է ժամանել Հռոմ ուղեւորվող հայազգի եպիսկոպոս։ 13-14-րդ դարերում Դուբրովնիկում կար կիլիկեցի հայ վաճառականների փոքրաթիվ գաղութ։ Սերբիայի՝ օսմանյան տիրապետության տակ անցնելուց հետո աճել է հայերի թիվը առեւտրական ճանապարհների վրա գտնվող Նիշ, Պիրոտ, Բելգրադ քաղաքներում։ Առանձին հայ առեւտրականներ բնակություն են հաստատել Բոսնիայում եւ Հերցեգովինայում։ 17-րդ դարի սկզբին հայեր կային նաեւ Սկոպլե (Սկոպյե) եւ Սարաեւո (Սարայհո) քաղաքներում։ 1611 թվականին ճանապարհորդ-ուղեգրող Սիմեոն Լեհացին Սկոպլեում հանդիպել է հայ այգեգործների երեք ընտանիքի, իսկ Սարաեւոյում՝ չորս հայ վաճառականների։ Սերբիայի հայերի մասին մինչեւ օրս գրվել են տարաբնույթ հոդվածներ, ակնարկներ:

Բավականին վերջերս Հայաստանի Ազգային գրադարանում հանդիպեցի իմ վաղեմի բարեկամներից, սիրված մտավորականներ՝ բանասեր, հայագետ, կինոգետ, գրող, պատմաբան, բառարանագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, հայագետ Արծվի Բախչինյանի եւ սերբահայ գրող Անուշ Բալայանի հետ, որոնք պատմեցին իրենց յուրօրինակ համատեղ աշխատանքի՝ «Հայերը եւ սերբերը» աշխատության մասին: Գիրքը երկլեզու է՝ հայերեն եւ սերբերեն:

Հայերեն գրել է Արծվի Բախչինյանը, ապա Անուշ Բալայանն այն թարգմանել է սերբերեն: Մի առանձին գլուխ սերբերեն գրել է սերբ գրող Լուկա Յոկսիմովիչ Բարբաթը, որը նույնպես Անուշ Բալայանը թարգմանում է հայերեն: Գիրքը հրատարակվել է Սերբիայում 2020թ.՝ «Պեշիչ եւ որդիներ» հրատարակչության կողմից: Գրքի մասին կայացած հարցազրույցը Անուշ Բալայանի հետ ներկայացնում եմ ընթերցողներին:

– Ի՞նչ դժվարությունների հանդիպեցիք գիրքը թարգմանելու ընթացքում:

– Դժվարություններ գրեթե չեն էլ եղել. մենք՝ Արծվի Բախչինյանը, Լուկա Յոկսիմովիչ Բարբաթը եւ ես, սիրով ենք աշխատել այս գրքի վրա, յուրաքանչյուր տեղեկություն քննել ենք իրար հետ, ճշգրտել: Ներկա պայմաններում մեզ այն արագ իրականացնելու հնարավորությունը տալիս են կապի նորամուծ միջոցները:

– Պատրաստվո՞ւմ եք գիրքը թարգմանել նաեւ այլ լեզուներով:

– Այս գիրքն արդեն երկլեզու է՝ հայերեն եւ սերբերեն: Այլ լեզուներով թարգմանել կարող են ցանկացողները: Գրքի վերնագիրն է «Հայերը եւ սերբերը», իսկ ենթավերնագիրը՝ «Հայերը եւ սերբերը պատմության քառուղիներում»: Հայագետ Արծվի Բախչինյանն իր այս պատմաբանասիրական աշխատությամբ փորձում է ի մի բերել հայ-սերբական պատմամշակութային կապերի պատմությունը Սերբիայում եւ նախկին հարավսլավական երկրներում: Այն ընդգրկում է միջնադարից մինչեւ այսօր ընկած ժամանակահատվածը: Հայ-սերբական գիտամշակութային գործունեություն ծավալած մի քանի անուններ էլ ներկայացված են սերբ գրող Լուկա Յոկսիմովիչ Բարբաթի գրքի հավելվածում:

– Իսկ ի՞նչ ուղերձ ունի գիրքը:

– Գիրք ստեղծելը հայրենավեր գործ է: Այն մոռացությունից կպաշտպանի թե կարեւոր իրադարձությունները, թե դեպքերն ու դեմքերը: Այս գիրքը վկայությունն է վաղ ժամանակներից հայերի անհերքելի գոյության մասին Սերբիայի տարածքում: Նրանց թողած նյութական վկայություններն են հայատառ տապանաքարերն ու կառուցած վանքերը, ստեղծագործած երաժշտությունն ու հայագույն կտավները, գրական ժառանգությունը: Գիրքը հրատարակել է «Պեշիչ ի սինովի» հրատարակչությունը, որը հիմնականում զբաղվում է պատմական ճշմարտությունների պահպանման հայրենանվեր գործով: Այնպես որ, հրատարակիչ Վեսնա Պեշիչն ուրախությամբ ընդունեց նաեւ մեր գրքի հրատարակման առաջարկը:

– Ինչպիսի՞ ընդունելության արժանացավ գիրքը:

– Յուրաքանչյուր գրքի ծնունդ ինքնին արդյունք է տքնաջան աշխատանքի: Ես նկատեցի, որ գիրքը սպառողական ընթացք ստացել է գրախանութներում, չնայած դեռեւս շնորհանդես չենք կազմակերպել: Իսկ փորձը ցույց է տվել, որ շնորհանդեսների ժամանակ ընթերցողն ավելի է ոգեւորվում գիրք ձեռք բերելու: Գրքի մասին՝ հրատարակչի, համահեղինակի եւ թարգմանչի մասնակցությամբ երկու հաղորդում է կազմակերպել սերբական ռադիոյի «Կոնտրապունկտ» հաղորդաշարը:

– Ինչպիսի՞ կարգավիճակում են գտնվում Սերբիայի հայերը, արդյո՞ք զբաղվում են հայապահպան գործունեությամբ:

– Սերբիայի հայերը ապրում են ամենօրյա կյանքով, յուրաքանչյուրն ունի իր աշխատանքը, զբաղմունքը: Նրանք բոլորն էլ առանձնահատուկ սեր ու հարգանք են վայելում իրենց շրջապատում եւ ավելի հեռուներում: Սերբիայի հայությունը, ցավոք, չունի ազգային փոքրամասնության կարգավիճակ: Միջոցառումներ կազմակերպում էինք, գրական-երաժշտական երեկոներ, շնորհանդեսներ, հայ մեծերին նվիրված դասախոսություններ: Դեռեւս չի գործում որեւէ հայկական դասընթաց կամ դպրոց, թերեւս ակնկալում ենք, որ մեր պետությունն էլ ստեղծի հայերենի ամբիոն:

– Ի՞նչ հետաքրքիր դեպք կպատմեք Սերբիայի հայերի կյանքից:

– Հետաքրքիր դեպք… կյանքը ամենուր մտել է մի դժգույն փակուղի: Հայ ազգի հետ կատարվածը ցնցեց ողջ գիտակից մարդկությանը, իմ դեպքում՝ սերբ լայն հասարակությանը: Ավելի շատ իմ սերբ բարեկամների հորդորով էր, որ կազմակերպվենք եւ բողոքի մեր ձայնը բարձրացնենք ի աջակցություն հարձակման ենթարկված հայ ազգի: Անցյալ տարվա հոկտեմբերի 25-ին հավաքվեցինք Բելգրադի սուրբ Սավա տաճարի առջեւ, որտեղ ելույթներ ունեցանք: Դա մի առանձնահատուկ օր էր: Մարդիկ եկել էին անգամ հեռավոր վայրերից: Այդ օրը ես հանդիպեցի իմ վաղեմի բարեկամներին, որոնց հետ նոր մակարդակի բարձրացրինք մեր առնչությունները, այն է՝ ավելի ակտիվ գործունեությամբ հայ-սերբական մշակութային կապերը մատչելի դարձնենք Սերբիայում:

Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31