Լրահոս
Օրվա լրահոսը

«Մուսան կիսատ թռչնակ է»

Մայիս 06,2021 12:30

Հարցազրույց բանաստեղծ ու երաժիշտ Նարեկ Կոսմոսի (Նարեկ Հակոբյան) հետ։

– Ինչո՞ւ հենց «Ջրաներկ», խնդրում եմ ներկայացրու, թե ինչի մասին է խոսքը։

– Ջրաներկը, ինչպես եւ բազմաթիվ հարցազրույցներում նշել եմ, պարզ ու մաքուր անուն է, որը ասոցացվում է մանկության հետ։ Իմ ամբողջ երգադարանը գրվել է մանկությանս հիմքի վրա, ապրած ու չապրած վայրկյաններիս վրա։

– Երգելը քեզ համար…

– Երգելն ինձ համար սեփական դատողությունների հնչյունավորումն է։ Սեփական եսի երկատումն է բառի ու հնչյունի մեջ։ Ես երգելուց թեթեւանում եմ, բայց դրանից երգի ծանրությունը չի պակասում։

– Մուսան այդ դեպքում ո՞վ է:

– Նա, ով երգիս մեջ սավառնում է, կիսատ թռչնակ է։ Այն պատճառով, որ թեւերից մեկը ինձ է տվել։ Երգն իր ուսերում ապրող մարմնական դողի մասին է, հոգում ապրող չերեւացող թրթիռների մասին, երգն իր երկնքով հոսող ինքնաթիռների ու զգացմունքների մասին է, որ ինքնաթիռները տեղափոխում են կարոտից կարոտ։

– Ինչպիսի՞ երգեր ես նախընտրում։

– Իմ ողջ պատանեկությունը բլյուզը դարձրեց ջահել-ծերություն, որտեղ վիսկու բաժակի արանքից երեւացող աշխարհը թերեւս ավելի սրտամոտ էր, քան երեւացող փնթի իրականությունը։ Միսիսիպիում գոնե մեկ անգամ հող փորել բլյուզ նվագելու համար, շրթհարմոնը ձգել ու ուղղակի լսել ցավի ձայնը, «կադիլակով» գոնե մեկ անգամ հմայել աղջկան։ Բլյուզը դա էր ինձ համար, իսկ ամբողջ ժամանակների տարերքս ռոքը մնաց։ Բիթլզ մինչեւ հիմա լսում եմ, մինչեւ հիմա Ջոնի Փոլի Հարիսոնի ձայները բզզում են ականջակալներիս մեջ։ Իսկ հետո արդեն կլասիկ ռոք ու ռոքի ամեն մի մանրամասնույթ, որը ինձ ձգեց ու դարձավ իմաստը քայլիս ու կիթառիս։ Ժամանակակից երաժշտություն էլ եմ լսում, տեխնոն, օրինակ, իր ողջ փսիխոդելիկ տարրերով ինձ դուր է գալիս։

– Մարդն ինչպիսի՞ն է Նարեկի մտածողության մեջ։

– Ինչպես Սահյանն է գրել՝ էլի դուք լավն եք, մարդիկ: Երեւի ինձ համար էլ է մարդը լավը, բայց միեւնույն ժամանակ մենակությունը էնպես անձնվիրաբար է պայքարում մեկ-մեկ իմ մեջ, որ չեմ ուզում որեւէ շփում, բայց դրանից մարդկանց հանդեպ կարոտս չի կորչում։
– Ունե՞ս բանաձեւեր, որոնք ամեն օր օգտագործում ես։

– Երեւի ամեն առավոտը բարի է, այս բանաձեւումով կարելի է սիրել ու ապրել կյանքը։ Միակ բանաձեւը, որ կարելի է գործածել՝ այս տիեզերական հանրահաշվի մեջ ԱՊՐԵԼՆ է։

– Խոսենք նոր ծրագրերի մասին:

– Նոր հեղինակային ալբոմիս վրա եմ աշխատում, ինչպես նաեւ «Ջրաներկ»-ն է նոր երգի ու տեսահոլովակի պատրաստվում։ Շուտով սկսվելու են մեր անժամանակ փորձերը ու ձայնագրությունները։ Այս տարին մեր հանդիսատեսի համար բավական սպասումներով լի տարի է լինելու թե համերգապես, թե երգապես։

– Ե՞րբ ես հիասթափվում:

– Մարդկանցից՝ հաճախ, ինձնից՝ ամեն օր, արվեստից՝ երբեք:

– Ինչի՞ մասին ես երկար ժամանակ լռում։

– Քաղաքականության մասին եմ լռում, ինձ թվում է՝ ինչպես Բամբիռի Ջագն է ասել, իսկական խոսքը ներհակ է ու լուռ, իսկական իմաստը իմաստից զուրկ։ Պետք չէ իրոք օդը սղոցել ձեռքով շարունակ։ Բոլորս մեր գործով զբաղվենք, ամեն ինչ լավ կլինի։ Հայրենիքի ուժը կայանում է սեփական մարմնի զգայարանների միաբանությունից։ Մարդիկ հայրենիքի զգայարաններից մեկն են ու շատ քչերն են, որ Հայրենիքին զգում են ու շատ քչերին է Հայրենիքը զգում:

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
05.05.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31