Մոսկվայի ազդեցությունը նվազեցնելու համար Բաքվին էլ կարող է ձեռնտու լինել ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության վերսկսումը՝
իրենց պատկերացրած օրակարգով
Անցյալ ամիս մի առիթով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նեղսրտած բողոքեց ամերիկյան նոր վարչակազմից՝ նշելով, թե Ադրբեջանը դեռ որեւէ ուղերձ չի ստացել ԱՄՆ-ից: ADA համալսարանում կոնֆերանսի ժամանակ պատասխանելով հետկոնֆլիկտային շրջանում ԱՄՆ դերի վերաբերյալ հարցին՝ Ալիեւը նախ հայտնել էր, թե հունվարից ոչ մի ուղերձ չի ստացել, ապա հավելել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ավելի վաղ զանգել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Բլինքենը որոշ ժամանակ առաջ զանգահարել է Փաշինյանին: Ես չգիտեմ՝ նրանք ինչի մասին են խոսել: Բայց կրկին կխախտվի հավասարակշռությունը։ Ես չեմ ասում, որ պետքարտուղար Բլինքենը պետք է զանգահարի մեզ, սակայն ԱՄՆ-ը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ պետություն, պետք է տարածաշրջանում հավասարակշռության պահպանմանն ուղղված քայլեր ձեռնարկի։ Բայց մենք նրանցից որեւէ լուր չենք ստացել։ Մենք չգիտենք, թե որն է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը մեր տարածաշրջանում: Ես Նովրուզի առիթով Բայդենից լավ նամակ եմ ստացել, սակայն դա զուտ շնորհավորական ուղերձ էր»։
Հայոց ցեղասպանության տարելիցի օրվանից մեկ օր առաջ, ինչպես հայտնի է, կայացավ Բայդեն-Էրդողան առաջին հեռախոսազրույցը: Ահա այդ զրույցից 5 օր անց՝ ապրիլի 28-ին, ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնեց, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, նրանք քննարկել են ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ գործընկերության շարունակական ընթացքը:
Պետքարտուղարն ընդգծել էր մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության կարեւորությունը, նաեւ կարեւորել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական քաղաքական կարգավորմանը հասնելու համար բանակցությունների շարունակումը, որոնք բխում են տարածաշրջանի ողջ ազգաբնակչության շահերից:
Կարդացեք նաև
Իսկ Ալիեւը հարկ էր համարել Բլինքենի հետ զրույցում մտահոգություն հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձի կապակցությամբ: Ալիեւը նշել էր, որ Թուրքիան Ադրբեջանի մոտ բարեկամն է եւ դաշնակիցը եւ հետպատերազմական շրջանում կարեւոր ու դրական դեր է խաղում տարածաշրջանում, հետեւաբար ԱՄՆ նախագահի այդ հայտարարությունը Ադրբեջանի ղեկավարությունը եւ երկրի հանրությունն անհանգստությամբ են ընդունել: Ապա Ալիեւը կարեւորել էր տարածաշրջանում հաղորդակցությունները բացելու հարցը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա գործունեության վերաբերյալ կողմերը մտքեր են փոխանակել»,-նշվում է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունում։ Պաշտոնական Բաքուն չէր նշում, թե ինչ է պատասխանել Ալիեւը ամերիկացի զրուցակցին, երբ վերջինս կարեւորել է միջնորդների հետագա գործունեությունը։
Արդեն կես տարի է՝ Ալիեւը հայտարարում է, թե ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, հետեւաբար միջնորդներն անելիք չունեն: Սակայն 2 շաբաթ առաջ Ալիեւը հանկարծ հայտարարեց, թե Բաքուն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջարկներ կներկայացնի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ «Ես հուսով եմ` նրանք շուտով կայցելեն մեզ որոշ առաջարկներով, եւ մենք ուշադիր կուսումնասիրենք այդ առաջարկները»,-ասել էր նա` հավելելով, թե ինքը չի պնդում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլեւս անհրաժեշտ չէ՝ նոր պայմաններում նրանք կարող են աջակցել տարածաշրջանում խաղաղության հետագա հաստատմանը։ Նա հավելել էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ն կարող է հետկոնֆլիկտային իրավիճակում դերակատարություն ունենալ, բայց «ոչ թե որպես հակամարտությունը կարգավորող խումբ, այն արդեն կարգավորված է», այլ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու առումով։ Ալիեւը նկատել էր, թե միջազգային խաղացողները կարող են աջակցել սահմանների դեմարկացիային, ապառազմականացմանը, փոխգործակցության հաստատմանը։
Արդեն տեւական ժամանակ է, ինչ ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող պետությունները, մասնավորապես՝ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն հստակ շեշտում են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր գործունեությունը:
Փաստացի, նոյեմբերին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ռուս խաղաղապահների տեղակայումից հետո ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները մինչ օրս չեն այցելել Լեռնային Ղարաբաղ: Եռակողմ հայտարարության անմիջապես ընդունումից հետո համանախագահները Բաքու էին այցելել, եւ այդ այցը ուղղակի սկանդալային կարելի է անվանել, քանի որ Ալիեւը տեսախցիկների առջեւ հստակ ասաց, որ չի հրավիրել իրենց, անհասկանալի է, թե ինչու են ժամանել միջնորդները, բայց եթե եկել են՝ կլսի նրանց: Ու այս ամբողջ ընթացքում Բաքուն ու Անկարան իրար «փոխանցումներով» շարունակեցին ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը քննադատել, ինչպես վերջին տարիներին էին այդ կառույցը քարկոծում, անվանելով՝ անարդյունավետ, անպետք կառույց:
Այժմ, ամերիկյան վարչակազմը Հայաստանի ու Ադրբեջանի հետ երկխոսության մեկնարկ է տվել: Հետաքրքիր է լինելու հետեւել, թե ինչպես է գործնականում աշխատելու ամերիկյան վարչակազմը Հարավային Կովկասում: Վերջին տարիներին ընդունված էր ասել, թե ԱՄՆ-ը հարմարվել է օրինակ՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացում Ռուսաստանի ավելի ակտիվ դերակատարությանը:
Արդյո՞ք 44-օրյա պատերազմի արդյունքում ձեւավորված մթնոլորտում եւ մեր տարածաշրջանում նոր վերադասավորությունների ֆոնին ԱՄՆ նոր վարչակազմը պասիվ է լինելու, հեռու է մնալու մեր տարածաշրջանային գործընթացներից, եւ մեր տարածաշրջանը շարունակվելու է համարվել Ռուսաստանի ազդեցության գոտի:
Վաշինգտոնի օրակարգ վերադարձած՝ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրն, ըստ ամենայնի, կլինի անկյունաքարային՝ երկրների հետ փոխհարաբերություններում: Եթե ԱՄՆ պետքարտուղարության տարածած մամլո հաղորդագրություններում արձանագրվում է, թե՝ կարեւորվել է ժողովրդավարական գործընթացների զարգացումը, մարդու իրավունքների ապահովումը, քաղաքական բազմազանությունը, դա նշանակում է ամերիկյան վարչակազմը մեծ տեղ է տալու այդ խնդիրների լուծմանը: Իսկ Ադրբեջանում, օրինակ՝ հարյուրից ավելի քաղբանտարկյալներ կան, այդ երկիրը խոսքի ազատության եւ ժողովրդավարության բոլոր զեկույցներում շարունակում է զբաղեցնել վերջին հորիզոնականները, երկրից արտաքսված ընդդիմադիր գործիչներ կան, որոնք շարունակում են խոսել Ադրբեջանում կատարվող վայրագությունների, հետապնդումների մասին:
Ադրբեջանի «մեծ եղբայր» Թուրքիան շարունակում է ԱՄՆ դաշնակիցը մնալ: ԱՄՆ պետքարտուղարը վերջերս էլ շեշտեց, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան հանդես են գալիս որպես գործընկերներ գլոբալ եւ ռեգիոնալ ընդհանուր շահերի հարցում։ Գոնե տարածաշրջանում ռուսական ազդեցության աճի առումով՝ թուրք-ամերիկյան շահերը համընկնում են, թեեւ դրանք Թուրքիայի դեպքում այլ կերպ են դրսեւորվում, քանի որ թուրքական քաղաքականությունը հրապարակային եւ ոչ հրապարակային, խիստ տարբեր է: Օրինակ՝ հրապարակային Պուտինի ջանքերը պատերազմի դադարեցնելու հարցում թուրք-ադրբեջանական տանդեմը «բարձր է գնահատում», սակայն գործնականում Անկարան ու Բաքուն հստակ աշխատում են ընդդեմ ռուս խաղաղապահների:
Անցյալ շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Ռուսաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, թե նախարարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ին եւ 2021թ. հունվարի 11-ին ձեռք բերած պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում՝ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ: Լավրովն ու Բայրամովը նաեւ քննարկել էին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, այդ թվում առաջիկայում սպասվող բարձր մակարդակի շփումները:
Այս հեռախոսազրույցից ճիշտ մեկ օր անց Բաքվում կրկին հակառուսական ցույց անցկացվեց: Որեւէ մեկն այնքան միամիտ չէ, որ կարծի, թե Ադրբեջանում առանց իշխանության թույլտվության, կամ առանց նրանց կազմակերպչական միջամտության, կարող է որեւէ բողոքի ցույց անցկացվել, այն էլ նման հարցով՝ ռուս խաղաղապահների ներկայության:
Ահա, ապրիլի 28-ին Ադրբեջանի ժողովրդական շարժում հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա էին անցկացրել Բաքվում Ռուսաստանի դեսպանատան առջեւ: Առիթը՝ Ադրբեջանի խորհրդայնացման տարեդարձն էր: Ցույցի մասնակիցները պահանջում էին՝ «դուրս բերել ռուսական զորքերն Ադրբեջանից»: Ոստիկանության աշխատակիցներն, իհարկե, մասնակիցների ձեռքից վերցրել էին ցուցապաստառները եւ նրանց հեռացրել էին շենքի մոտակայքից, սակայն կարեւորը, ինչպես ասում են՝ թեման «թեժացնելն» էր, որն էլ Ադրբեջանի իշխանությունը «հաջողությամբ» իրագործում է:
«Մենք պահանջում ենք ռուսների դուրսբերումը Ղարաբաղից, նրանք խաղաղապահ չեն, թող նրանց փոխարինեն թուրք զինվորականները»,-ասել էր ցուցարարներից մեկը: «Եթե ռուս զինվորականները «Իսկանդեր» հրթիռները արձակեցին Շուշիի ուղղությամբ, ապա ինչպե՞ս կարող են այդ զինվորականները համարվել խաղաղապահներ: Թող մաքրվե՛ն»,-ասել էր ցույցի մեկ այլ մասնակից: Բողոքավորները «բացատրում էին», թե ռուս զինվորականները Լեռնային Ղարաբաղում «չեն զբաղվում խաղաղապահությամբ, ինչ ուզում, անում են»:
Բաքուն, այսպիսով, արդեն տեւական ժամանակ հնչեցնում է հետեւյալ դիրքորոշումը, որ ռուս խաղաղապահները չունեն մանդատ, հստակեցված չէ նրանց գործունեության շրջանակը: Հետեւաբար, ինչ-որ առումով, հնարավոր է ռուսական դերակատարությունը նվազեցնելու նպատակով, պաշտոնական Բաքվին էլ ձեռնտու լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերսկսումը, թեկուզ՝ իրենց պատկերացրած օրակարգով:
Ամփոփումը՝ վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 05.05.2021