Թագուհի Թովմասյանի պատասխանը՝ Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից իր նախկին թիմակցին՝ «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանին մամուլի ազատության օրով լուրջ մեղադրանքներ հնչեցրեց: Անդրադառնալով պատգամավորի ելույթին՝ նա ասաց. «Այսօր կանգնել առաջնագծից են խոսում: Բա 30 տարի, որ առաջնագիծ էին թալանում ու դղյակներ կառուցում փարիզներում ու հռոմներում, խի՞ չէիք խոսում: Ընդհակառակը, կերակրատաշտից ձեր փայն էլ շպրտում էին, դուք էլ ձեր տներն էիք առնում, բա ինչի՞ չէիք խոսում: Որովհետեւ մամուլի ազատության օրը այսօր չի ստեղծվել: Շատ վաղուց է ստեղծվել: Իսկ դուք այդ մամուլի ազատությունից օգտվելու համար առավոտ, կեսօրին, երեկոյան թույլտվություն էիք ստանում համապատասխան տեղերից եւ մարմիններից: Մենք ձեզ էլ ենք տվել ազատություն, բայց դուք չեք ուզում այդ ազատությունը, որովհետեւ ազատությունը նաեւ պատասխանատվություն է, որովհետեւ կերակրատաշտը ձեզ համար ավելի կարեւոր է, քան մամուլի ազատությունը»:
Այս առնչությամբ Թագուհի Թովմասյանն «Առավոտի» հետ զրույցում Փաշինյանին «վերադարձրեց» իր մեղադրանքներն ու քննադատությունը. «Ես, անկեղծ ասած, տարակուսած եմ վարչապետի պահվածքից ու այս ագրեսիան ինձ համար անհասկանալի է: Ես, սահմանամերձ շրջանի բնակիչ լինելով, պարզ հարց եմ տվել՝ ինչո՞ւ չի կահավորվում առաջնագիծը: Այդ ի՞նչ բարդ տեխնոլոգիական առաջադրանք էր, որ այդքան ագրեսիա առաջացրեց, ես չհասկացա: Նաեւ չհասկացա՝ ինչո՞ւ պարզ հարցին այդքան բազմանշանակ ու հեռուն գնացող պատասխաններ փորձեցին տրվել, այն դեպքում, երբ պետք էր ասել, օրինակ, իրականացվում են այս-այս աշխատանքները եւ այս ընթացքում ավարտին կհասցվեն: Ես ակնկալում էի այդպիսի պատասխան: Բայց ես հասկանում եմ, որ ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանը գերլարված նյարդերի իրավիճակում է գտնվում, նա նախընտրական քարոզչության մեջ է եւ մեղադրում է մարդկանց բաների մեջ, որ ուղղակի ծիծաղ են առաջացնում»:
Անդրադառնալով այն հարցադրմանը, թե 30 տարի ո՞ւր էիք, որ թալանում էին բանակը՝ Թագուհի Թովմասյանն ասաց. «Նախ, 30 տարի չէի կարող, բայց 18 տարի քննադատել եմ բանակ թալանողներին ու դաժան եմ քննադատել: Եվ դու օգտվել ես որպես վարչապետ այսօր նաեւ իմ քննադատական հոդվածներից եւ որոշակի հոդվածներ ես սկսել, որոնք թողել ես կիսատ, ի դեպ: Մեղադրում են նախկիններին, որ բանակը չեն հագեցրել: Եղբա՛յր, 3 տարի իշխանության ես, ո՞վ է պատասխանատվություն կրել բանակ թալանելու համար: Մեկ անձ խնդրում եմ մատնանշեք, մենք հասկանանք ում նկատի ունեք: Ամենեւին չեմ պաշտպանում նախկիններին, որովհետեւ նախկիններին ես եմ քննադատել:
Կարդացեք նաև
Բայց այսօր մերկապարանոց հնչեցնել հայտարարություն, այն էլ՝ ի պատասխան սահմանամերձ շրջաններում առաջնագծի կահավորման հարցին՝ ուղղակի զավեշտ է: Եվ զավեշտալի է, որ Նիկոլ Փաշինյանը մոռացել է իր անցյալը: Լրագրողների մասին իմ բարձրաձայնումը, որ այսօր Մամուլի ազատության օրն է, ես շնորհավորում եմ, իրեն անասելի բարկացրեց: Ինչ, դու մոռացել ես քո անցյալը, ես չեմ մոռացել, հարգելիս: Ես չեմ մոռացել, որ լրագրությունից եմ եկել եւ սիրում եմ իմ մասնագիտությունը, հարգում եմ իմ անցյալը: Եթե դու մոռացել ես քո ընկերներին, ես չեմ մոռացել: Բավական է անընդհատ մարդկանց վարկաբեկել: Այսպես հեռվից ասում է՝ 30 տարի թալանել են, թալանածից փայ են տվել, տներ եք առել… Եթե դուք ինձ նկատի ունեք, հարգելի պարոն վարչապետ, առել եմ, տները գնել եմ եւ շարունակելո՛ւ եմ գնել այնքան, ինչքան դրա կարիքն ունենամ: Ինչքան երեխա կունենամ, այդքան տուն եմ գնելու, ես դա բոլորին կարող եմ հայտարարել:
Պլանավորել եմ առաջիկայում երրորդ երեխան ունենամ, երրորդ տունն եմ առնելու: Որեւէ մեկը թող չանհանգստանա: Ի դեպ, իմ բնակարաններից երկուսից մեկն առել եմ հետհեղափոխական Հայաստանում, այսինքն, ստացվում է, որ ի՛ր իշխանության օրոք եմ առել: Բոլոր իմ բնակարաններն առել եմ վարկով, բոլորի պատմությունները հայտնի են: Նա այնքան անփաստարկ է խոսում եւ այնքան ամոթ է, որ վարչապետը մտնում է այսքան ճղճիմ թեմաների մեջ, որ ինձ համար առնվազն տարակուսելի է: Դու տեսնում ես չէ՞ երբ են գնվել այդ բնակարանները, երբ են մարվել վարկերը, ինչ միջոցներով, դու դա տեսնում ես: 2,5 տարի քո ԱԱԾ-ն, քո ոստիկանությունը հետեւողականորեն գոնե իմ մասով մանրազնին ուսումնասիրել են իմ կենսագրությունը: Ի՞նչ ես գտել՝ ոչ մի բան, եղբա՛յր, ի՞նչ ես ուզում, դու գնա ապրի քո կյանքով: Ի՞նչ ես ուզում մեզանից, անընդհատ դու պիտի տանես անձնական դա՞շտ: Այս ի՞նչ մոտեցում է, չեմ հասկանում այս իշխանության այս գործելաոճը: Դու իշխանության ներկայացուցիչ ես, դու ընդդիմադիր պատգամավոր չես, «Հայկական ժամանակի» խմբագիր չես, դու մարդ ես, որն ունի պետական լծակներ եւ ցանկացած բերանից արտահայտված խոսք, պիտի անհերքելի ապացուցվի եւ վերածվի քրեական գործերի: Դու մեղադրում ես 30 տարի բանակը թալանելու մեջ: Խնդրեմ, բացահայտիր եւ մեկ հոգու կալանավորիր այդ գործով: Մեկ հոգու դատապարտի, որ մենք հասկանանք, որ քո ասածը օդում թողած պղպջակ չի»:
Թագուհի Թովմասյանն ասաց, որ լինելով լրագրողի իշխանություն՝ լրագրողների դեմ ամենաշատ քայլերն են արել. «Այսօրվա օրակարգում 2 հարց կա՝ ընդդեմ ԶԼՄ-ների եւ դեռ բերելու են: Այս մարդիկ միայն զբաղված են լրագրողների դեմ աշխատելով: Մենք Սերժ Սարգսյանի օրոք մի կերպ հասանք նրան, որ զրպարտությունը քրեականացվեց, հիմա նորից բերում քրեականացնում եք: Եղբա՛յր, ի՞նչ ժողովրդավարություն: Դուք գնում եք ուղիղ ռադիկալ հետընթացի ճանապարհով»:
Հարցին՝ պարբերաբար կոռուպցիոն փողերով կառուցած առանձնատներից են խոսում, ձեր մոտ հարց չի՞ առաջանում, ինչո՞ւ չեն պետականացնում այդ առանձնատները՝ Թագուհի Թովմասյանը պատասխանեց. «Ես մի օրինակ բերեմ. «Գոլդեն փելեսը» պետականացվեց: Ե՞վ: Ի՞նչ է տեղի ունեցել, քանդվում է այդ հյուրանոցը: Աշխատատեղերը չկան, ներդրումները, որոնք պիտի լինեին՝ չկան: Հյուրանոցը մեծապես քանդվում է, ապակիները կոտրված են, թալանվում է: Ստացվում է, որ մենք անընդհատ խոսում ենք ինչ-որ բաներ պետականացնելու, թալանը հետ բերելու մասին, բայց դա օդում թողած պղպջակ է, որովհետեւ ոչ մի բան չի իրականացվում՝ թալանածը հետ վերադարձնելու համար եւ չեն էլ կարող իրականացնել, որովետեւ չունեն ո՛չ իրավական, ո՛չ քաղաքական գիտելիք, ոչ էլ շնորհք»:
Ինչ վերաբերում է «Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին» օրենքին ու դրանից սպասվող ակնկալիքներին, Թովմասյանն ասաց. «Այդ օրենքը գլխավոր դատախազը պետք է առաջինը կիրառի ինքն իր նկատմամբ: Նա պիտի մի հատ ցույց տա՝ այդ առանձնատունն ինչ միջոցներով է կառուցել, հետո սկսենք մնացած գործիչներից, ընդ որում՝ պետական, որոնք այս պահին են իշխանության»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.05.2021