Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դժվար է խոսել մի պետության հետ, որտեղ 21-րդ դարում բացվել է «ռազմական ավարի պուրակ». ԿԳՄՍ փոխնախարար

Մայիս 05,2021 16:26

Aravot.am-ը ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանից հետաքրքրվեց, թե ԿԳՄՍ նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ին, «Կապույտ վահանին» եւ միջազգային այլ կազմակերպություններին դիմելուց զատ ի՞նչ է անում հայկական մշակութային արժեքները ադրբեջանական վայրագություններից, ոչնչացումից ու աղավաղումից փրկելու համար:

Արա Խզմալյան

«Տեղյակ եք, որ օրերս Մատենադարանում համաժողով տեղի ունեցավ, որին մասնակցում էին տարբեր պատասխանատու օղակներ` Արտաքին գործերի նախարարությունը, ԻԿՕՄՕՍ-ը, եկեղեցին, եւ համաժողովի նպատակն էր պարզել, թե ինչ ռեսուրսներ կան, որոնք չենք կիրառում: Պարզ է, որ չենք կարող բավարարվել միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմելով, ուստի հնարավորություն տրվեց յուրաքանչյուր գերատեսչության ներկայացնելու կատարված աշխատանքը: Հիմա ԻԿՕՄՕՍ-ի հետ քննարկում ենք այն կառույցները, որոնք կարող են իրենց ներդրումն ունենալ մեր ընդհանուր այս պայքարի մեջ, բայց նաեւ հիմնական միջազգային ստրուկտուրաների հետ, որոնք առաջնային մանդատ ունեն նման խնդիրների կարգավորման, ինտենսիվ հարաբերությունների մեջ ենք` Արտաքին գործերի նախարարության միջոցով, որովհետեւ այս խնդիրը չունի միայն մշակութային բնույթ, սա նաեւ արտաքին քաղաքականության խնդիր է»,-ասաց Արա Խզմալյանը:

ԿԳՄՍ փոխնախարարը հավելեց, որ ամենաբարդ եւ խնդրահարույց բանն այն է, որ հակառակորդը բոլոր դրսևորումներով իրեն պարզապես դուրս է դնում մարդասիրական, քաղաքակրթական, միջազգային նորմերի, բարոյական հարաբերությունների տրամաբանությունից:

«Երբ հարեւան պետությունը գործում է ընդհանուր ընդունված միջազգային կատեգորիաներից, հասկացություններից ու նորմերից դուրս, ամեն ինչ դառնում է տասնապատիկ ավելի դժվար եւ ստացվում է, որ մենք խոսում ենք տարբեր լեզուներով ու տարբեր քաղաքակրթական մակարդակներից: Երբ սկսում ենք պայքարել մեր մշակութային արժեքների անվտանգության համար, հասկանում ենք, որ սա, ըստ էության, քաղաքակրթական պայքար է:

Այս օրերի ընթացքում գործադրվել են հնարավոր բոլոր լծակները` ԱԳ նախարարության մասնակցությամբ, հիմա նաեւ ընդլայնվում է շրջանակը, թե ուրիշ որ միջազգային կառույցները կարող են մասնակից լինել այս խնդրի կարգավորմանը, բայց նորից եմ կրկնում, մի փոքր ավելի պատկերավոր ասած` դժվար է խոսել մի պետության հետ, որտեղ 21-րդ դարում բացվել է «ռազմական ավարի պուրակ»: Սա արդեն բացարձակ արժեքաբանական ու քաղաքակրթական հակադրություն է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ միջազգային հանրության հետ, անհամատեղելիության ամենավառ դրսեւորումն է արժեքների եւ նորմերի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31