Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրիացիներին կենդանի թողեցինք, որ աշխարհին ապացուցենք, մեր դեմ վարձկաններ են կռվում»․ դատակոչված վկա. (Ֆոտոշարք, տեսանյութ)

Մայիս 04,2021 23:54

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ երեքշաբթի սկսեց եւ նույն օրն էլ, մինչեւ աշխատանքային օրվա վերջը ավարտվեց Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ 46-ամյա Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի եւ 33-ամյա Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի դատաքննությունը։

Նրանք մեղադրվում են Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմին որպես վարձկան-ահաբեկիչներ մասնակցելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից 3 հոդվածների հատկանիշներով։ Այսպես, 389-րդ հոդվածով ( Միջազգային ահաբեկչությունը), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ սպանություն կատարելը), նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (քաղաքացիական բնակչության կամ առանձին քաղաքացիական անձանց վրա հարձակումը) եւ 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանի մասնակցությունը զինված ընդհարումներին կամ ռազմական գործողություններին)։ Պետական մեղադրողներն են ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության Գուրգեն Հակոբյանն ու Արշակ Մարտիրոսյանը։ Ամբաստանյալների շահերը պաշտպանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, հանրային պաշտպան Մուշեղ Վարդանյանը։

Վերջինս էլ միջնորդեց դատավարությունը անցկացնել դռնփակ, քանի որ հնարավոր է պետական գաղտնիքներ հրապարակվեն։ Դատավարության կողմերը չառարկեցին միջնորդությանը եւ դատարանը որոշեց նիստն անցկացնել դռնփակ։ Ըստ «Դատալեքս» համակարգում առկա տեղեկատվության, սիրիացի վարձկանները ամսական 2000 ԱՄՆ դոլարով պիտի մասնակցեին Հայաստանի եւ Արցախի դեմ պլանավորված ռազմական գործողություններին։ Ավելին՝ յուրաքանչյուր հայի կտրած գլխի ներկայացման համար վարձկաններին խոստացել են 100 ԱՄՆ դոլար պարգեւավճար: Հայերին գլխատելու եւ դրա դիմաց պարգեւավճարներ ստանալու նպատակով, նրանց տրամադրվել են մարդուն գլխատելու համար հարմարեցված երկար սայրով դանակներ։ Սակայն, Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին եւ Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջին չկարողացան իրենց մտադրությունը իրագործել, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 02-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում հանդիպելով Հայաստանի զինված ուժերի դիմադրությանը, վնասազերծվել են եւ հանձնվել Հայաստանի իրավապահ մարմիններին։

Ամբաստանյալների քրեական գործը ընդամենը երեք հատոր էր, կար դատակոչված երկու վկա։ Նրանցից մեկը՝ Արմեն Վաղունցը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ սիրիացի վարձկանները պատրաստվում էին հարձակվել իրենց գյուղի վրա,։ Բայց հայկական կողմը կարողացավ գրոհել։ Վկայի խոսքով, 150 հոգանոց ջոկատի կեսը փախավ, 7 հոգի սպանվեց, իսկ 2 հոգի էլ վիրավոր էին։ «Հենց էդ վիրավորներին գերեվարեցինք, բժշկական օգնություն ցույց տվեցինք»,–պատմում է վկան։ Արմեն Վաղունցը տիրապետում է ադրբեջաներեն ու թուրքերեն լեզուներին, ուստի կռահեց, որ գյուղի վրա հարձակվողները վարձկաններն են։ «Նախ Ալլահ Ագբար էին գոռում, ու հետո նրանց՝ վարձկանների հագուստները տարբեր են։ Խոսում էին արաբերեն ու մենք նրանց կենդանի թողեցինք, որ աշխարհին ապացուցենք, մեր դեմ սիրիացի վարձկաններ են կռվում»,–ասում է Վաղունցը։ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերին նախկինում դատապարտված է եղել Սիրիայում՝ անզգույշ սպանության համար, մեկ ամիս ժամկետով, ամուսնացած է, ունի 3 անչափահաս երեխա։ Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին նախկինում դատապարտված չի եղել, ունի 5 անչափահաս երեխա, փոքրը 2,5 ամսական է։ «Ամբաստանյալները իրենց մեղքը մասնակի են ընդունել, միայն վարձկանության մասով, մնացած հոդվածների հետ համաձայն չէին»,–Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանների պալատի անդամ, հանրային պաշտպան Մուշեղ Վարդանյանը։

Մեղադրողները դատարանին միջնորդեցին երկու ամբաստանյալների դատապարտել ցմահ ազատազրկման։ Մոտ հինգուկես ժամ տեւած դատաքննությունից հետո դատարանը մտավ խորհրդակցական սենյակ։ Դատավոր Նապոլեոն Օհանյանը 27 րոպե հետո դուրս գալով խորհրդակցական սենյակից՝ հրապարակեց դատավճիռը․ համակցելով առաջադրված հոդվածներով նախատեսված պատժաչափերը՝ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերին եւ Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին դատապարտեց ցմահ ազատազրկման։

«Խոսել եմ իրենց հետ, իրենք դժգոհ են դատավճռից եւ պնդում են, որ բողոք ներկայացվի Վերաքննիչ դատարան»,- ասում է պաշտպան Մուշեղ Վարդանյանը։ Վերջինիս խոսքով իր համար այս դատավարությունը իր պրակտիկայում թերեւս յուրահատուկ էր։ «Մի կողմից հայրենասիրությունս, մյուս կողմից մասնագիտական երդումս։ Ամեն դեպքում, դատարանը կարծիքով, եթե մեղադրանքը հաստատվել է ձեռք բերված ապացույցներով, ապա կարելի էր հանցագործությունների համակցությամբ, մասնակի գումարել եւ նշանակել պատժաչափի նվազագույնը, քանի որ երկու վստահորդներս էլ ունեն մինչեւ 14 տարեկան անչափահաս երեխաներ»,–ասում է Մուշեղ Վարդանյանը։

Մեղադրող, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ Արշակ Մարտիրոսյանը համոզված է՝ մեղադրանքը ապացուցված է փաստերով, այլապես գործը հետ կուղարկվեր նախաքննության մարմնին։ Իսկ դա նաեւ ապացուցվեց դատական կարգով, իսկ առաջին ատյանի դատարանը համակարծիք է եղել մեզ հետ»,–ասում է Արշակ Մարտիրոսյանը։

Մանրամասները տեսանյութում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31