Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմագերիների վերադարձը պետք է լինի առանց նախապայմանների. Եվրախորհրդարանի պատգամավորները դիմել են Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Շառլ Միշելին

Մայիս 04,2021 22:33

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը ԵԽ պատգամավորներ Ֆրանսուա-Քսավիե Բելամիի և Լուկաս Ֆուրլասի հետ նախաձեռնել և 119 այլ պատգամավորների հետ դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին` հարկադրելու Ադրբեջանին ազատ արձակել այնտեղ պահվող ավելի քան 200 հայ ռազմագերիներին:

Խորհրդարանականները հիշեցնում են, որ 2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված հրադադարը նախատեսում էր իրականացնել գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձ, և դա պետք է իրականացվեր «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

«Հայաստանն արագ ազատ արձակեց իր մոտ պահվող բոլոր ռազմագերիներին: Ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին. վերջինս ոչ միայն դեռ պահում է հայ գերիներին, այլև, կասկածներ կան, որ ռազմական գործողությունների պաշտոնական ավարտից հետո նոր գերիներ է վերցրել, այդ թվում քաղաքացիական անձանց: Դժվար է ճշգրիտ ասել գերիների և այլ պահվող անձանց թիվը, ինչը պայմանավորված է անհետ կորածների մեծ թվով և ադրբեջանական կողմից գործակցության բացակայությամբ: Այն կարող է ներառել 72 մարդ, որոնց գերի լինելու փաստն Ադրբեջանն ընդունում է, 112 մարդ, որոնց մասին Ադրբեջանը որևէ տեղեկություն չի տրամադրել, և 61 մարդ, որոնց գերի լինելու հանգամանքը Ադրբեջանը կտրականապես հերքում է, բայց  հակառակի մասին կա հստակ տեղեկություն»,- ասվում է նամակում:

Խորհրդարանականները նկատել են, որ թեև Ադրբեջանը փորձում է արդարացնել հայ քաղաքացիների կալանավորումը՝ նրանց ներկայացնելով որպես «ահաբեկիչներ», ովքեր հարձակումներ են կատարել հրադադարից հետո, բայց այդ հարցի վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել: «Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը ոչ այլ ինչ է, քան միջազգային մարդասիրական օրենքով ռազմագերիների կարգավիճակի և, հետևաբար, Ժնևի կոնվենցիայով ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի մասին երաշխիքների հստակ և բացարձակ խախտում»,- կարծում են խորհրդարանականները:

Բացի այդ, նամակի հեղինակները նկատել են, որ Ադրբեջանի վերաբերմունքը ոչ միայն հումանիտար իրավունքի կոպիտ խախտում է, այլև այն խորը հակասության մեջ է այդ երկրի՝ կարգավորման և հաշտեցման անցնելու պահանջների հետ: Նրանք շեշտել են, որ բանտարկյալների և կալանավորվածների ճակատագիրը այլ խնդրանքների հետ կապելու ցանկացած փորձ անընդունելի է: «Բոլոր ռազմագերիների և պահվող անձանց ազատ արձակումը պետք է լինի առանց նախապայմանների»,- ասվում է նամակում:

Ավելին, խորհրդարանականները հիշեցրել են, որ կան բազմաթիվ անհերքելի ապացույցներ ադրբեջանական անվտանգության ուժերի և զինված ուժերի կողմից ռազմագերիների նկատմամբ իրականացված նվաստացման և ֆիզիկական ու հոգեբանական խոշտանգումների դեպքերի մասին: Այդ ապացույցները վկայում են տեղեկատվության հարկադիր հավաքագրման, կեղծ խոստովանությունների և կեղծ հրապարակային հայտարարությունների, խոշտանգումների և վատ վերաբերմունքի տարբեր ձևերի, ձերբակալվածների ընտանիքներին տեղեկացնելը շարունակաբար և տևական մերժելու դեպքեր: Փաստագրված են հրազենով մահապատժի, ինչպես նաև գլխատումների դեպքեր: «Human Rights Watch-ի 2021 թ. մարտի 19-ին հրապարակված զեկույցը, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մի քանի զեկույցները թվարկում են այդ չարաշահումները և որակում որպես ռազմական հանցագործություններ»,- ասվում է նամակում:

Բաքուն նաև շարունակում է անտեսել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ներկայացված պարտադիր տեղեկատվության պահանջը` ՄԻԵԴ-ի 39-րդ կանոնի համաձայն Հայաստանի հրատապ պահանջով հարուցված դատական գործընթացների համատեքստում, ասվում է նամակում: «Ադրբեջանի ռեժիմը, որին խնդրել են տեղեկություններ տրամադրել Դատարանում գերեվարման հանգամանքների, ռազմագերիների պահման պայմանների, նրանց բժշկական զննումների կամ բժշկական վկայագրերի օժանդակությամբ բուժման վերաբերյալ, դեռևս որևէ պատասխան չի տվել այս կետերով»,- ասվում է նամակում:

«Պահանջելով վերադարձնել բոլոր բանտարկյալներին և հարգել միջազգային կոնվենցիաները ՝ Հայաստանը դնում է նվազագույն պահանջ ՝ համաձայն միջազգային իրավունքի: Ադրբեջանը չի կարող նահանջել իր հիմնական իրավական պարտականություններից, որոնք ստանձնել է միանալով Ժնևի կոնվենցիային և ստորագրելով հրադադարի մասին համաձայնագիրը…  Եվրամիությունն այլևս չի կարող Հայաստանը թողնել այս անտանելի իրավիճակում. մենք պետք է գործենք, որպեսզի բռնությունը ևս մեկ անգամ գերակա չլինի օրենքից: Մենք հպարտ ենք այն սկզբունքներով, որոնք մեզ կապում են միմյանց հետ. դրանք այսօր պետք է մղեն գործի դնել մեր ողջ կշիռը և օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր լծակները՝ պահանջելու, որպեսզի Ադրբեջանը բացառապես հարգի միջազգային իրավունքը: Եթե Եվրոպան ցանկանում է կատարել իր ստանձնած պարտավորությունները, ապա պետք է ապահովի, որ իր հարևանության տարածքում գտնվող միջազգային իրավունքի այս խախտումը ողբերգական նախադեպ չդառնա: Հակառակ դեպքում նրա լռությունն ու անգործությունը կվերածվեն պատմական պատասխանատվության»,- ասվում է նամակում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31