Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների՝ Հայաստանում արդեն շուրջ 7500 երեխա վարակվել է կորոնավիրուսով, ինչը կազմում է ընդհանուր վարակվածների թվի 4,12%-ը:
Եթե մինչ այժմ COVID-19 պատվաստանյութերի փորձարկումները 16 տարեկանից ցածր երեխաների չեն ներառել, ապա վերջին շրջանում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ ընկերություններն արդեն ուսումնասիրություններ են սկսում ավելի ցածր տարիքային խմբերի շրջանում: Այս արդյունքները ստանալուց հետո նրանք կարող են սկսել երեխաների համար COVID-19 պատվաստանյութերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել:
Aravot.am-ի՝ Ֆեմինի նախագծի շրջանակներում իրականացված փոքրիկ հարցախույզի արդյունքները ցույց տվեցին, որ ըստ ծնողների՝ այսպես կոչված կորոնավիրուսի երրորդ շտամի առկայության ժամանակահատվածում երեխաների շրջանում աճել է Քովիդ-19 վարակով հիվանդացությունների թիվը:
Մայրիկներից մեկն ասաց. «Երեխայիս մոտ բոլոր այն ախտանշաններն էին, որոնք կային նաև ինձ մոտ: Մեր ընտանիքի մեծահասակներին հավասար, նույն ծանրությամբ երեխան տարավ վարակը»:
Կարդացեք նաև
«Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոնի մանկաբույժ Տիգրանուհի Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում փաստեց՝ ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի երեխաների շրջանում հիվանդացության թիվն աճել է, բարդություններ ավելի շատ ունեն: Նա մանրամասնեց. «Հաճախ զարգացնում են լարինգիտ, լարինգոտրախեիտ, երբեմն նաև թոքաբորբեր, այդ թվում ոչ շատ թեթև՝ հիմնականում 5-ից բարձր տարիքային խմբի մոտ: Սակայն ավելի անհանգստացնող է հետքովիդային բազմաօրգանային, բորբոքային համախտանիշը, որը հիմնականում զարգանում է Քովիդով հիվանդի հետ կոնտակտից, կամ Քովիդ տանելուց՝ թեկուզ և ասիմպտոմ, կամ շատ թեթև՝ սովորական սուր շնչառական վարակին բնորոշ կլինիկայով ընթացող Քովիդից հետո: Վտանգավոր է Քովիդից երեք չորս շաբաթ հետո զարգացող բազմաօրգանային բորբոքային համախտանիշը կամ կավասակիանման սիմպտոմը»:
Մեր այն հիշեցմանը՝ շատ ծնողներ նկատում են, որ երեխաները մեծահասակների պես են շատ դեպքերում տանում վարակը, Տիգրանուհի Հովհաննիսյանը պատասխանեց. «Իրականում մեծահասակները, միևնույն է, թթվածնաքաղց ավելի հաճախ են զարգացնում: Երեխաները ավելի կայուն են այդ հարցում, բարդություններն ավելի թեթև են տանում ու հեշտ են ենթարկվում բուժմանը: Բայց, այնուամենայնիվ, զարգանում են բարդություններ՝ թոքաբորբեր , որոնք կարող են շնչական որևէ անբավարարության պատճառ դառնալ»:
Խնդրեցինք խորհուրդներ տալ ծնողներին՝ երեխաներին Քովիդից հնարավորինս զերծ պահելու կամ հիվանդացության դեպքում ավելի թեթև տանելու համար, մանկաբույժը պատասխանեց. «Եթե յուրաքանչյուր ծնող պատվաստվի, կամաց-կամաց վարակի շղթան կկտրենք, և միգուցե արդեն կարողանանք Քովիդ ազատ երկիր դառնալ: Եղանակները տաքացել են, և հանրային վայրերում ավելի հաճախ կտեսնենք երեխաների սերտ շփում: Որքան կարողանանք նվազագույնի հասցնել սերտ շփումները, այնքան վարակի տարածումը կկանխենք: Սննդի առումով ցանկացած կալորիական և առողջ սնունդ ցանկացած հիվանդության դեպքում ավելի օգնում է: Այն չի կարող կանխարգելել հիվանդությունը, բայց կարող է հիվանդության ընթացքը թեթևացնել: Եթե հիմքում առողջ երեխան է հիվանդանում, հիվանդությունը շատ ավելի թեթև ընթացք կարող է ունենալ ցանկացած հիվանդության դեպքում, այդ թվում Քովիդ վարակի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ