ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասում է՝ գնաճը պայմանավորված է համաշխարհային գներով, սակայն ՝ կանխատեսվում է, որ 5.8% գնաճային ցուցանիշն առաջիկայում կնվազի եւ կկայունանա թիրախային, ծրագրված 4%-ի շուրջ
ՀՀ կենտրոնական բանկի վերջին կանխատեսման համեմատ տնտեսությունն ավելի դրական զարգացման միտումներ է ցուցաբերում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Անդրադառնալով գնաճին՝ 5.8%, իսկ առանձին ապրանքատեսակների գծով՝ բուսական յուղը՝ 62.2%, յուղերի եւ ճարպեր՝ 24.6%, շաքարի եւ շաքարավազ՝ 40.9% եւ այլն, պարոն Գալստյանն ասաց՝ գնաճի վրա ազդում են ինչպես համաշխարհային շուկաներում արձանագրվող բարձր գնաճային միտումները, որոնք ներմուծվող ապրանքների միջոցով, այնպես էլ՝ բնակչության սպասումները:
Պարոն Գալստյանը նշեց՝ ձեթի եւ յուղի համաշխարհային շուկայում գնաճը կազմել է 80%, նաեւ ազդում է փոխարժեքի տատանումները, գները բարձրանում են փոխարժեքին զուգընթաց, բայց երբ փոխարժեքը նահանջում է նախկին մակարդակին մոտ, գները, որպես կանոն, ավելի դանդաղ են նահանջում․«Այստեղ որոշակի անելիքներ կան, բայց այնուամենայնիվ, գնաճը միջազգային ֆենոմեն է»։
Կարդացեք նաև
Ըստ պարոն Գալստյանի, ԿԲ-ն փորձում է կշռադատված մոտեցումներ ցուցաբերել․ «Մի կողմից փորձում ենք մարդկանց հասցնել հիմնական ուղերձները՝ այո, կարճաժամկետ հատվածում կարող է լինել գեների որոշակի աճ, բայց մենք մեր բոլոր հնարավոր գործիքներով միտված ենք լինելու նրան, որ բերենք թիրախի։ Երկրորդը՝ փորձում ենք հավասարակշռել, այսինքն՝ այնպես չլինի, որ գնաճը զսպենք, դուք գիտեք, որ կարող ենք գնաճը զսպել, կասկած չկա, բայց զսպելով այնպես չանենք, որ տնտեսական անկում ունենանք, որից հետո չկարողանանք վերականգնվել։ Փորձում ենք այնպես անել, որ հաղորդակցության միջոցով, մեր գործիքակազմով գանք մի մակարդակի, որը մեր թիրախի տեսանկյունից եւ միջնաժամկետ հատվածում կգոհացնի թե՛ ԿԲ-ին, թե՛ հասարակությանը»։
Մարտին Գալստյանի խոսքով՝ կանխատեսվում է, որ 5.8% գնաճային ցուցանիշն առաջիկայում կնվազի եւ կկայունանա թիրախային, ծրագրված 4%-ի շուրջ։
ԿԲ խորհուրդն այսօր որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6%, ինչի հետեւանքով, ըստ պարոն Գալստյանի, վարկավորման տոկոսադրույքը որոշակիորեն կաճի․«Մենք տեսնում ենք, որ որոշակիորեն փոխանցումային մեխանիզմն աշխատում է: Մենք տեսնում ենք, որ շուկայում կա ներգրավման միջոցների տոկոսադրույքների աճ, ինչը կհանգեցնի նաեւ վարկավորման տոկոսադրույքի որոշակի աճի, սակայն, այս պահի դրությամբ, մեր գնահատակաների համեմատ՝ վարկավորման ծավալներն ավելի առաջանցիկ են»:
Հարցին՝ արդյոք սպասումների շուրջ կառավարության եւ ԿԲ-ի միջեւ հակասություն չկա, պարոն Գալստյանը պատասխանեց՝ ԿԲ վարած քաղաքականության եւ կառավարության միջև բնավ հակասություն չկա:
Մեկ այլ հարցին էլ՝ վերաֆինանսավորման հաջորդ ճշգրտումն արդյոք լինելու է հունիսին կայանալիք ընտրություններից հետո, ԿԲ նախագահը պատասխանեց․«Մեր մտածողության շրջանակում ընտրություն-չընտրություն չկա։ Դա բացառիկ քաղաքական գործընթաց է, եւ մենք փորձում ենք դրանից զերծ մնալ։ Վերաֆինանսավորման հաջորդ նիստը տեղի է ունենալու ընտրություններից հինգ օր առաջ։ Մեր գործողությունները պայմանավորված չեն նրանով՝ երկրում ընտրություննե՞ր են, թե՝ ոչ, որովհետեւ հասարակությունը մեզանից ուրիշ ակնկալիքներ ունի: Մենք փորձում ենք ասել, որ Կենտրոնական բանկն իր դիրքերում է, ե երկրում ինչ էլ տեղի ունենա, մենք փորձելու ենք 4%-ի հետ կապված խոստումն ապահովել»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ