Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահությունը չեն պահանջում կամ պարտադրում, այն պետք է վաստակել. Ձյունիկ Աղաջանյան

Մայիս 04,2021 21:01

Մալայզիական New Straits Times պարբերականում հրապարակվել է դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հոդվածը, որտեղ ներկայացվում են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հակահայկական քարոզչությունը և այն վտանգները, որ Ադրբեջանի ագրեսիան ներկայացնում է Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի անվտանգության համար։

Ձյունիկ Աղաջանյան, 4 մայիսի, 2021թ.

Վստահություն է անհրաժեշտ խաղաղություն կառուցելու համար, բայց այն չափազանց սուղ է հարավկովկասյան մեր տարածաշրջանում: Վստահությունն, ըստ բառարաններում տրված բնորոշման, «ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հատկանիշի, կարողության, ուժի կամ ճշմարտացիության վրա հավաստիորեն ապավինելու» կարողությունն է: Մինչ այն պահանջված հատկանիշ է անհատական մակարդակում, այն, փաստացիորեն, անգո երևույթ է տարածաշրջանային ու առավել լայն ընդգրկմամբ տարածաշրջանի իրողություններում:

Հին խոսք կա. «Վստահությունը չեն պահանջում կամ պարտադրում, այն պետք է վաստակել»: Այս անվստահությունը շատ խորն է: Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շուրջ վերջին արյունահեղությունը միայն կրակի վրա յուղ լցրեց:

Այս խորն արմատներ ունեցող անվստահության պատճառները հասկանալի են բոլոր նրանց համար, ովքեր գիտեն տարածաշրջանի պատմությունը: Վերջին հարյուր տարիներին ու վերջին 7 ամիսների զարգացումների վրա հայացք գցելը բավարար է հասկանալու համար, որ, իրականում, տարածաշրջանը չի փոխվել, դերակատարների նպատակները չեն փոխվել, միայն գունավորումն է փոխվել:

Մեր հարևանների կեղծավորությունը ևս չի փոխվել: Հակառակը՝ այն բարձրացվել է պետական քաղաքականության մակարդակի: «Նյու սթրեյթս թայմս»-ում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչի կողմից որպես կարծիք ներկայացված նյութը դրա վառ դրսևորումն է: Այն քարոզում է Ադրբեջանի «խաղաղ» էության մասին՝ իր նախագահի կողմից իրականացված «բարի կամքի» դրսևորումներով, ով այդքան «առատաձեռնորեն խրախուսում է փոխադարձ վստահությունն ու կայուն համագործակցությունը հետպատերազմյան շրջանում»: Սակայն, Ադրբեջանի ամենօրյա լրահոսին մեկ հայացքը և նրա ղեկավարության կողմից արվող քայլերն ու հայտարարությունները հակառակն են փաստում:

Յոթ ամիս առաջ Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերի դեմ՝ երրորդ անգամ վերջին 3 տասնամյակում, «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու» քողի ներքո, որպես միակ նպատակ ունենալով այդ տարածքները մաքրել իրենց բնիկ հայկական բնակչությունից, ովքեր «հանդգնել էին» միջազգային իրավունքով ու հազարամյակների պատմական ժառանգությամբ փաստված իրենց ինքնորոշման անքակտելի իրավունքը կիրարկել:

Բոլոր հնարավոր ուղղություններում, այդ թվում՝ ռազմական գործողությունների վարման գործում Թուրքիայի աննախադեպ օժանդակությամբ ու օտար ահաբեկիչ զինյալների օգնությամբ, ովքեր Ադրբեջան էին տեղափոխվել հազարներով, Ադրբեջանը փորձում էր «ազատագրել» տարածքներ, որոնք երբևէ անկախ Ադրբեջանի մաս չեն կազմել:

Դրանով այն պարզապես ոտնատակ տվեց միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունն իր ուժի չկիրառման ու վեճերը խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքներով, իր հանձնառությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափում, ու լիարժեքորեն ձեռնամուխ եղավ միջազգային իրավունքի ու միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների՝ խիտ բնակեցված քաղաքացիական տարածքների առանց խտրականության գնդակոծմամբ, կասետային ռազմամթերքի ու քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման հրկիզող զինամթերքի կիրառմամբ:

Գրանցվել են ադրբեջանական կողմից պատերազմական հանցագործությունների անհաշվելի դեպքեր, ներառյալ՝ ողջ կամ մահացած զինվորականների ու քաղաքացիական անձանց գլխատումները, կտտանքներն ու խեղանդամումը: Տեսանյութերը շրջանառության մեջ են դրվել սոցիալական ցանցերում՝ նպատակ ունենալով հայկական բնակչության շրջանում վախ ու սարսափ տարածել:

Զինադադարի վերաբերյալ Ռուսաստանի միջնորդությամբ արված 2020թ.-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը փոփոխությունների չհանգեցրեց միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից: Ադրբեջանի կողմից բոլոր պահվող անձանց փոխանակելու վերաբերյալ նշված եռակողմ հայտարարության 8-րդ պարբերության պահանջի կատարումից հրաժարվելը և շարունակելով պահել ավելի քան 200 գերի, կոպտորեն ոտնահարելով նաև Ժնևյան կոնվենցիաները, չի կարող որևէ պարագայում դիտարկվել «փոխադարձ վստահություն խրախուսող» քայլ:

Ավելին, Human Rights Watch-ի 2021թ.-ի մարտին հրապարակած վերջին զեկույցը նշում է. «Ադրբեջանական ուժերը բռնության են ենթարկել 2020թ.-ի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայ ռազմագերիներին՝ ենթարկելով նրանց դաժան ու նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգման կա՛մ գերեվարման, կա՛մ փոխանցման, կա՛մ տարբեր պահման վայրերում կալանքի տակ եղած ժամանակ»:

«Կալանավորված հայ զինվորների հանդեպ բռնությունները, ներառյալ՝ կտտանքները գարշելի են և պատերազմական հանցագործություն: Խիստ մտահոգիչ է, որ մի քանի հայ զինվորների, որ կորած են համարվում, վերջին անգամ Ադրբեջանի հսկողության տակ են տեսել և վերջինս որևէ տեղեկություն չի հայտնում նրանց մասին»:

Հայատյացությունն անկախ Ադրբեջանի շարժիչի համար սնուցիչ է դարձել, հատկապես՝ ներկայիս նախագահի իշխանության օրոք: Մարդկանց թունավորում են հայերի հանդեպ ատելությամբ սկսած մանկապարտեզներից: Հայերի բոլոր հետքերը, ամեն ինչ, որ պատկանել է հայերին, պետք է ջնջվի կամ յուրացվի:

Զեղծվում է պատմությունը, որպեսզի սեփականություն ստեղծվի այն հողերի հանդեպ, որոնք երբևէ չեն տեսել ազերի կամ Ադրբեջան կոչվող որևէ բան: Դարավոր ու հազարավոր տարիների հնության հայկական մշակութային ժառանգությունը պղծվում, ոչնչացվում կամ յուրացվում է հենց այսօր:

Վերջին ամիսներին հայկական երկու եկեղեցի է սրբվել երկրի երեսից, մի քանիսը վերափոխվում են այսպես կոչված «ալբանականի»՝ ճանապարհ հարթելով յուրացման համար: Ադրբեջանի նախագահը կոչ է անում ջնջել հայկական գրերը դարավոր եկեղեցիների վրայից՝ դրանք «կեղծ» որակելով, դրանով իսկ հող հարթելով վանդալիզմի ևս մեկ դրսևորման համար:

Տասնյակ հուշարձաններ են ավերվել Լեռնային Ղարաբաղում, իսկ Լեռնային Ղարաբաղը գնում է Նախիջևանի հետքերով, որտեղ բոլոր հայկական կրոնական ու աշխարհիկ հուշարձանները ավերվել կամ յուրացվել են: Միայն 2005թ.-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում ընդգրկված հայկական արվեստի եզակի նմուշ հանդիսացող տասը հազար խաչքար Ադրբեջանի կողմից Նախիջևանում բուլդոզերով թափվել է Արաքս գետը:

Սակայն, ձևականությունը պետք է պահպանվի: Պաշտոնապես համաձայնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելություն ուղարկել Ադրբեջանի ենթակայության տակ անցած տարածքներում բոլոր մշակութային հուշարձանները ցանկագրելու համար, այն ամեն խոչընդոտ ստեղծում է, որպեսզի թույլ չտա առաքելությանը հայտնվել այդ վայրերում մինչև «մաքրման» աշխատանքները չավարտվեն: Իրո՜ք, վստահության ամրապնդման դեպք է:

Ատելության խոսքն ու հայերի դիվայնացումը Ադրբեջանի համար ինքնության կերտման գործիք են դարձել: Ադրբեջանի նախագահի կողմից ամենօրյա սպառնալիքներն ու հավակնություններն, այս անգամ արդեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ, կարծիք ներկայացնող նյութի հեղինակի խոսքերով, «արյունոտ պատերազմից հետո խաղաղության ու համագործակցության առումով Ալիևի աներկբա շահագրգռվածության ու խիզախ կեցվածքի» և «Ադրբեջանի կողմից գործնական բարի կամքի ջանքերի» իրական պատկերն են ներկայացնում: Վերջերս այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» բացումը Բաքվում վկայում է Ադրբեջանում տարածվող գաղափարախոսության նեո-ֆաշիստական բնույթի մասին:

Պատմությունն այստեղ չի ավարտվում, և ամեն բան այդքան պարզունակ չէ: Տարածաշրջանը ճանաչողները լավատեղյակ են Հայոց ցեղասպանությանն ու էթնիկ զտումներին, որոնք իրականացվել են 20-րդ դարի առաջին երկու տասնամյակներում և կրկնվել Հայաստանի պատմության այս ամենաարյունոտ դարի վերջում:

Ներկայիս իրադարձությունները նույն շղթայի մի մասն են, որ սկսվել են այն ժամանակ և շարունակվում են մինչև հիմա: Պատահական չէ, որ Թուրքիայի նախագահը նշում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը «մեկ ազգ, երկու պետություն են»:

Ադրբեջանի «երկար» պատմությունը, որն այդ երկրի ներկայացուցիչն իր կարծիք ներկայացնող նյութով ընթերցողի մտքում զետեղելու փորձ է անում, սկսվել է 100 տարի առաջ՝ 1918 թվականին Ազգերի լիգայի կողմից այն որպես պետություն ճանաչելու մերժումով, քանի որ այն հավակնություններ էր ներկայացնում տարածքների հանդեպ, որոնք իր վերահսկողության տակ չէին գտնվում, դրանց թվում էին նաև Լեռնային Ղարաբաղն ու Նախիջևանը:

Իրականում, Ազգերի Լիգան արձանագրել է այն ժամանակ, որ «տարածքը, որի վրա ծագել է Ադրբեջանի Հանրապետությունը …երբեք նախկինում պետություն չի եղել, բայց միշտ ներառված է եղել ավելի մեծ միավորի մեջ, ինչպիսին են Մոնղոլական ու Պարսկական, իսկ 1813թ.-ից՝ Ռուսական կայսրությունները: Ադրբեջան անունը, որն ընտրվել է նոր հանրապետության համար, նույնպես հարևան պարսկական նահանգի անունն է»:

Ցավոք, խորհրդային կարգերի հաստատումից հետո, Ստալին-Աթաթուրք համաձանությունների արդյունքում, Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի հայկական շրջանները դրվեցին Ադրբեջանի ենթակայության ներքո՝ այդ շրջանների հայ բնակչության հստակ արտահայտված կամքին հակառակ:

Աշխարհի քարտեզի վրա ի հայտ եկած նոր քաղաքական միավորն իր գոյությունը սկսեց պատերազմական հանցագործություններով՝ գնալով իր մեծ եղբոր հետքերով ու նրա աջակցությամբ: 1920թ.-ի մարտին Շուշիի ողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 20 000 հայ, 4 օրվա ընթացքում կոտորածի են ենթարկվել ադրբեջանցի ու թուրք զինվորներ կողմից: Հայկական քաղաքն ավերվեց և զրկվեց իր հայկական էությունից: Հաջորդող տասնամյակներում այն մեծապես բնակեցվել է ադրբեջանցիներով՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդագրական պատկերը փոխելուն ուղղված հետևողական ջանքերի շրջանակում:

Թվում է, որ Հարավային Կովկասի խորհրդայնացումը բարի դրացիական հարաբերություններ կսերմաներ ու ամուր հիմքեր կստեղծեր խաղաղ գոյակցության համար: Բայց՝ ոչ, Ադրբեջանում էթնիկ զտումների քաղաքականությունը շարունակվեց անընդհատ: Պարզապես, գործիքակազմն էր ավելի «քաղաքակիրթ»:

Նախիջևանը, որն ավելի քան 70 տոկոս հայ բնակչություն ուներ, իր վերջին հային ճանապարհեց 1970-ականների կեսերին: Լեռնային Ղարաբաղի վարչական սահմանները մշտապես և հետևողականորեն կտրտվում էին տարբեր պատրվակներով: Եվ երբ խաղաղ ցույցերը սկսվեցին Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանի ղեկավարության կողմից «բնական» արձագանքը էթնիկ զտումներ իրականացնելն էր հայերի հանդեպ, որոնք տեղի ունեցան Սումգայիթում բնակվող հայերի հանդեպ 1988թ.-ի փետրվարին, Կիրովաբադում (այսօր կոչվում է Գյանջա) ՝ 1988թ.-ի նոյեմբերին, և Բաքվում՝ 1990թ.-ի հունվարին:

Մինչ Հայաստանում բնակվող ադրբեջանցիները կամավոր կերպով հեռացան երկրից խորհրդային Ադրբեջանի ղեկավարության ակտիվ խրախուսմամբ, նրանցից ոմանք հնարավորություն ունենալով փոխանակել իրենց տները Բաքվում բնակվող հայերի հետ, իսկ մեծ մասը փոխհատուցում ստացավ իրենց սեփականության համար, հայերին փրկեց խորհրդային բանակը, որին Խորհրդային Միության պատմության մեջ առաջին անգամ օգտագործեցին երկրի ներսում, որպեսզի փրկեն հայ բնակչությանը բնաջնջումից:

1992թ.-ին անկախություն ստանալուց հետո Ադրբեջանն անցավ լայնածավալ պատերազմի, որպեսզի ճնշի Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին և թույլ չտա իրացնելու իրենց սեփական տանն առանց օտար ենթակայության ապրելու իրենց իրավունքը:

Նրանք, ովքեր իրականացրել են հայերի ջարդերը, հերոսացվում են Ադրբեջանում: Ադրբեջանցի սպան, ով քնի մեջ գլխատել էր հայ սպային 2004թ.-ին Բուդապեշտում անցկացված ՆԱՏՕ-ի սեմինարի ժամանակ, Ալիևի կողմից հերոսացվեց և մեծ պարգևների արժանացավ իր «հերոսության» համար: Պատերազմական հանցագործություններ կատարած և հերոսացված անձանց օրինակները շատ են թե՛ 2016թ.-ի ապրիլյան պատերազմի, թե՛ վերջին 44-օրյա պատերազմի ժամանակ:

Սադրանքներն ու սպառնալիքները ամենօրյա են: Ադրբեջանի կողմից պատերազմի հրահրումը երբեք չդադարեց վերջին 30 տարիների ընթացքում, երբ բանակցություններ էին վարվում: Իրապես ամուր հիմքեր են հայերի ու Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու համար:

Մենք հավատում էինք, որ աշխարհը փոխվել է․ միջազգային իրավական համակարգը զարգացել է, շատ զսպող մեխանիզմներ են ստեղծվել: Ի վերջո, սա 21-րդ դարն է: Բայց՝ ոչ, այն շատ չի փոխվել աշխարհի մեր անկյունում: Տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերաձևումները, որին միացել է Թուրքիան իր նեո-օսմանական հավակնություններով, շարունակվում են:

20-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանի ողջ հայ բնակչությունը, ավելի քան 1,5 մլն մարդ, ոչնչացվեց Օսմանյան Թուրքիայի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ, ժամանակի աշխարհի հզորների լռության ու անտարբերության ներքո, քանի որ նրանք չափազանց զբաղված էին վերագծվող քարտեզում իրենց տեղը հաստատելով:

Համաշխարհային հանրությունն ասաց «Այլևս երբե՛ք» և Ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիան ընդունվեց: Տարածաշրջանային ու համաշխարհային մակարդակներում տարբեր կազմակերպություններ ստեղծվեցին և զգալի ջանքեր գործադրվեցին կանխելու համար մարդկության դեմ հանցագործություններն ու, անպատժելիություն թույլ չտալու համար միջազգային դատարաններ ստեղծվեցին:

Այնուհանդերձ, աշխարհը լուռ էր 7 ամիս առաջ, և առանձնապես շատ քննարկում չի ծավալվում քննադատելու համար Ադրբեջանի և իր աջակիցների ագրեսիան Լեռնային Ղարաբաղում ինչպես նաև նրա շարունակվող թշնամական վերաբերմունքն անգամ այսօր:

Հայոց ցեղասպանությունն իրականացվեց Առաջին համաշխարհային պատերազմի քողի ներքո, երբ բոլոր խոշոր պետությունները զբաղված էին պատերազմելով ու չէին լսում մարդասերների աղաղակներն այն մասին, որ մի ամբողջ ազգ է ոչնչացվում օրը ցերեկով: Ադրբեջանի վերջին ագրեսիան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ու նրա ժողովրդի հանդեպ, որն իրականացվեց Թուրքիայի օգնությամբ, գրեթե աննկատ մնաց աշխարհի համար, որը զբաղված էր թագավարակի դեմ ներսում պայքար մղելով և շատ ուշադրություն չէր դարձնում մեր հարևանությամբ 21-րդ դարում իրականացվող ցեղասպանական քաղաքականությանը: Զուգադիպությո՞ւն է:

Արժանահիշատակ է, որ երկու վտանգավոր նախադեպ է ստեղծվել վերջին պատերազմի արդյունքում. առաջինը, փորձ է արվել հակամարտությունը լուծել ուժի կիրառմամբ և զանգվածային սպանություններով, իսկ երկրորդը, հավաքագրվել և Հարավային Կովկաս են տեղափոխվել ու տեղակայվել օտար ահաբեկիչ զինյալներ ու ջիհադիստներ, որով ահաբեկչական հանգույց է ստեղծվում մեր տարածաշրջանում, երբ ամբողջ աշխարհում ահաբեկչությունը հայտարարված է համաշխարհային սպառնալիք:

Եթե աշխարհը չարթնանա այն գիտակցմամբ, որ իրենց լռությունը, անվերապահ դատապարտման պակասը, կողմերի արհեստական հավասարեցումը իրականում խրախուսում են մեր հարևանի կողմից ցեղասպան քաղաքականության իրականացումը և թույլ են տալիս, որ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, անպատժելիությունը գերակայի, նրանք կտեսնեն այս վիրուսի տարածումն ամբողջ աշխարհով՝ ապակայունացնելով այն ու ի չիք դարձնելով այն ջանքերը, որ գործադրվել են խաղաղ ու կայուն աշխարհ կառուցելու համար:

100 տարվա առաջվա ու 2020թ․ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների իրադարձությունների միջև զուգահեռները ցնցող են: Դերակատարները նույնն են, ձեռագիրն ու մեթոդները նունն են՝ թեև ժամանակակից ռազմական ու տեղեկատվական տեխնոլոգիաների մեծ կիրառմամբ, համաթուրքական աշխարհ կառուցելու նպատակը նույնն է, պայմանները նման են, աշխարհի արձագանքը, ողբալիորեն, գրեթե նույնը:

Այնուհանդերձ, ես իրապես հավատում եմ, որ աշխարհը դանդաղ, բայց արթնանում է, և անպատժելիությունը չի հանդուրժվի: Բոլոր այն երկրները, որ աջակցել են Ադրբեջանին ու Թուրքիային իրենց նեո-օսմանական հավակնություններում, ինչ պատճառով էլ լինի, պետք է գիտակցեն, որ իրենք ևս հանցակիցները են:

Այո, ես համաձայն եմ կարծիք ներկայացնող նյութի հեղինակի հետ, որ խաղաղության դժվար է հասնել առանց մտածելակերպի փոփոխության: Ես կավելացնեի, որ անհնարին է վստահություն ստեղծել, որը հիմքն է խաղաղության, մի հարևանի հետ, որը խաղաղություն է «քարոզում» արնածոր ու յաթաղանը ձեռքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31