«Այս պահին դժվար է ներդրումների մասին կարծիք կազմել, որովհետեւ առաջին եռամսյակի վիճակագրությունը դեռեւս չկա մեր ձեռքի տակ: Սովորաբար ներդրումներն այդպես արագ չեն վերականգնվում, որովհետեւ ներդրողները ամենազգուշավոր մարդիկ են, նրանց համար կանխատեսելիությունն ամենակարեւոր հանգամանքներից մեկն է»,-պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ համավարակից, պատերազմից հետո ինչպիսի՞ն է մեր երկրում ներդրումային իրավիճակը, ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Նա մասնակցում էր այսօր «Ներդրումային միջավայրը Հայաստանում. Մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով քննարկմանը, որը կազմակերպել էր Տնտեսական լրագրողների ակումբը:
Ըստ պարոն Թունյանի, անցած տարի ամբողջ աշխարհում էր ներդրումային հոսքերի պասիվություն ու անկում նկատվում. «Այս տարի հույս ունեմ, որ վերականգնում կլինի, բայց թե ինչ չափով՝ կդժվարանամ ասել: Պատերազմն էլ խոչընդոտեց ներդրումային ծրագրերին: Կոնկրետ չեմ կարող նշել ինչ ծրագրեր են չեղարկվել, բայց համոզված եմ , որ պատերազմի հետեւանքով ներդրումային շատ ե՛ւ ծրագրեր ե՛ւ գաղափարներ հետաձգվել են»:
Հարցին՝ արդյոք կորոնավիրուսի պատվաստանյութերի առկայությունը կաշխուժացնի տնտեսությունը, ներդրումները, զբոսաշրջիկները, կսկսեն գալ Հայաստան, պարոն Թունյանն ի պատասխան ասաց, որ պատվաստանյութերը չի կապում ներդրումների հետ, բայց զբոսաշրջության, հանրային սննդի, հյուրանոցային սննդի ոլորտի վրա պատվաստանյութերի առկայությունն անմիջականորեն ազդեցություն կունենա: Ըստ նրա, որքան շատ մարդ պատվաստվի, այնքան շուտ տնտեսությունը կվերականգնվի:
Որպես իշխանության ներկայացուցիչ, Բաբկեն Թունյանը ներկայացրեց մեր երկրի ներդրումային միջավայրի դրական եւ բացասական կողմերը՝ նշելով, որ ներկայումս այնպիսի փոփոխություններ են կատարում, որ Հայաստանի ներդրումային միջավայրն ավելի գրավիչ դառնա:
Կարդացեք նաև
«Հեղափոխության ժամանակ ինձ մոտ համոզմունք կար, որ, եթե Հայաստանում, տարիներ շարունակ առկա խնդիրները՝ կոռուպցիան, մրցակցային խաթարված միջավայրը, հովանավորչությունը, բիզնեսի ու իշխանության սերտաճումը, օրենքի անկատարությունը լուծվեն, այդ ամենը բերելու է ներդրումային բումի: Բայց ժամանակը ցույց է տալիս, որ միայն ներդրումային միջավայրը ավելի բարելավել ու գրավիչ դարձնելը բավարար չէ, եւ երբեմն գալիս է այնպիսի իրավիճակ, որ դու հասկանում ես՝ բացասական երեւույթը վերացնում ես, բայց դրա փոխարեն համակարգը ոչ թե սկսում է ավելի լավ աշխատել, այլ կանգնում է»,-ասաց Բաբկեն Թունյանը՝ թվարկելով առկա խնդիրները.
«Օրինակ՝ շինթույլտվության մասով տարիներ շարունակ մարդիկ սովոր են եղել, որ իրենց հարցերը միայն համայնքների ավագանիների, պետական կառույցների հետ լուծվեն՝ ինչ-ինչ ճանապարհներով, հիմա դա, կարելի է ասել, վերացել է, համատարած բնույթ չի կրում, բայց մյուս կողմից մարդկանց դիմումները կարող են անպատասխան մնալ կամ բացասական պատասխան ստանալ, որովհետեւ, եթե օրենքների կարգավորումները թերի են եւ կարելի է որեւէ օրենք մեկնաբանել ե՛ւ հօգուտ տնտեսվարողի ե՛ւ ի վնաս, եթե այն ժամանակ հստակ այդ մոտիվացիան կար, հիմա այդ մոտիվացիան չկա եւ պետական ծառայողները, երբեմն, վախենում են որոշումներ կայացնել, երբեմն մոտիվացիա չունեն որոշումներ կայացնելու:
Այսինքն՝ այդ ինստիտուտների աշխատանքները լիակատար չի իրականացվում, իսկ գործարարի համար ամենակարեւորը գումար վաստակելն է: Նրան պետք է արագություն եւ որ այդ որոշումները արագ կայացվեն՝ թեկուզ մերժումներով»:
Ներդրումային միջավայրի մեկ այլ խնդիր էլ, ըստ Բաբկեն Թունյանի, այս կամ այն ոլորտի մասին մանրամասն վերլուծության բացակայությունն է, տեղեկատվության պակասը. «Կարող է այդ մարդկանց հրավիրենք Հայաստանում ներդրում անելու, բայց, երբ գործարարը սկսի հետաքրքրություն ցուցաբերել, մենք ինքներս կանգ առնենք ու հասկանանք, որ այդ հարցերի պատասխանները չունենք»:
Հանձնաժողովի նախագահը խնդիր համարեց նաեւ Հարկային օրենսգրքի հաճախակի փոփոխությունը եւ որպես մարտահրավեր համարեց գործարարների սպասումները. «Սպասումների հարցում լրատվամիջոցների դերը մեծ է, մի սխալ ինֆորմացիան՝ միտումնավոր կամ ոչ միտումնավոր, շեշտադրումները, դրանք մեղմ ասած, չեն նպաստում տնտեսական եւ ներդրումային միջավայրին»:
Բաբկեն Թունյանն ասաց, որ այս պահին քննարկման փուլում է պետական-մասնավոր գործակցության մասին օրենքը, որը խաղի կանոններ է սահմանում պետության եւ մասնավորի միջեւ. «Այսինքն՝ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեի դեպքում մասնավոր ընկերությունները նույնպես կարող են հայտեր ներկայացնել եւ մասնակցել այդ ծրագրերին: Հարկային օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում, որոնք հարկային միջավայրն ավելի արդյունավետ կդարձնեն»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ