Գյումրու «Միջազգային կարմիր խաչի» անվան պոլիկլինիկան բնակիչներին կորոնավիրուսի դեմ պատվաստելու առումով Շիրակի մարզում ամենաբարձր ցուցանիշն է արձանագրել։ Այստեղ ապրիլի 14-ից մինչև օրս 73 պացիենտ պատվաստվել են «Աստրա Զենեկայով», ու որևէ մեկի մոտ բարդություններ չեն առաջացել։ Մեկ-երկու հոգու մոտ նկատվել է ջերմության թեթևակի բարձրացում։
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Վարձելյանը։
Վերջինս համոզված է, որ պատվաստումը 100 տոկոսով բացառում է մահվան ելքերը։
«Սկզբում բնակչությունը վախենում էր, մարդիկ չէին պատկերացնում՝ ինչ է, հետո մեր կոլեկտիվի թիմային աշխատանքի արդյունքում պատկերը փոխվեց։ Մեր բժիշկները, բուժքույրերը իրենց տեղամասի բնակիչներին զգուշացնում են, բացատրական աշխատանքներ են տանում, որ պատվաստանյութն ինչքան կարևոր է այս համավարակը հաղթահարելու համար։ Պատվաստվելը կամավոր գործընթաց է, բայց միևնույն ժամանակ մենք պարտավոր ենք բացատրական աշխատանք տանել, որ առանց պատվաստվելու այս համավարկն անհնար է հաղթահարել»,-ասաց Հովհաննես Վարձելյանը։
Նա տեղեկացրեց, որ ստացել են երկու տեսակի պատվաստանյութ՝ գերմանական «Աստրա Զենեկա»-ն և ռուսական «Սպուտնիկ»-ը։ Ռուսական պատվաստանյութի քանակը քիչ է եղել, առողջապահության նախարարության կողմից հրահանգ է եղել բուժաշխատողներին պատվաստելու։ 10 հատ «Սպուտնիկ» են ստացել, որոնք էլ ներարկել են բուժաշխատողներին։
Այս պահին բնակիչներին պատվաստում են «Աստրա Զենեկայով», այսօր արտերկրից եկած մի պացիենտ հաճախել է պոլիկլինիկա ու խնդրել իրեն պատվաստել։
Հովհաննես Վարձելյանն ասում է, որ անկախ տարիքից բոլորը պիտի պատվաստվեն, եթե այսօր մեր հանրապետությունը, ֆինանսապես ծանր վիճակում գտնվելով, գնել ու բնակչությանն ապահովում է պատվաստանյութով, բնակիչները պետք է գիտակցաբար մոտենան․ այս ամենն արվում է հենց իրենց համար, մահվան դեպքերին վերջ դնելու, բնականոն կյանքի անցնելու համար։
«Այսօր շատ զարգացած երկրներ կան, որոնք պատվաստանյութերի կարիք ունեն, սպասում են իրենց հերթին»,- ասում է մեր զրուցակիցը։
Նա նաև նշեց, որ չինական պատվաստանյութ էլ շուտով կստանան։
Մեր զրուցակիցը նաև ասաց, որ սուպերմարկետների, մոլերի հարևանությամբ կտեղադրվեն պատվաստման կետեր՝ բժշկի, բուժքրոջ ներկայությամբ։ Այդ բուժկետերում կլինի նաև առաջին բուժօգնության դեղորայք։ Եթե մարդիկ չեն ուզում հասնել պոլիկլինիկա, ապա բուժաշխատողները կհասնեն նրանց թաղամաս։ Բոլոր կամավորիներին կպատվաստվեն, ամենայն հավանականությամբ Գյումրիում նման 6 պատվաստակետ կլինի։
«Միջազգային կարմիր խաչի» անվան պոլիկլինիկայի բուժական գծով տեղակալ, իմունիզացիայի պատասխանատու Անահիտն Սանթրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին տաս օրերի ընթացքում նկատվում է դիմելիության թվի նվազում․ ապրիլի 20-ից մինչև այսօր եղել են կորոնավիրուսի 44 դրական դեպքեր։
Կրկնավարակի դեպքեր ևս գրանցվել են, ընդ որում կրկնավարակով հիվանդացած պացիենտները երկրորդ անգամ ավելի ծանր են տանում հիվանդությունը։
Ըստ Անահիտ Սանթրոսյանի, համաճարակից դուրս գալու միակ տարբերակը պատվաստանյութ ստանալն է։
«Մեծ աշխատանք ենք կատարում ազգաբնակչության հետ, քանի որ այս պահին երկու խոչընդոտներ կան․ պատվաստանյութի նկատմամբ վստահության խնդիր մենք ունենք և իրազեկվածության խնդիր։ Հեռուստատեսությունը մի բան է ներկայացնում, իսկ մենք մարդկանց լրիվ ուրիշ ուղղությամբ բան ենք ասում։ Դրա համար բուժաշխատողի դերը շատ-շատ մեծ է, ինչու չէ նաև լրատվամիջոցների»։
Նա պատմեց, որ իրենց պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Վարձելյանն առաջինը պատվաստվելով՝ օրինակ է ծառայել ազգաբնակչության համար։ Այնուհետ պոլիկլինիկայում պատվաստվել է բուժանձնակազմը, լուսանկարները գցել են սոցիալական ցանցեր, որից հետո մարդիկ ոգևորված եկել են պատվաստման։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ