Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Այդ տները գնել եմ եւ շարունակելո՛ւ եմ գնել այնքան, ինչքան դրա կարիքն ունենամ…եղբա՛յր, ի՞նչ ես ուզում մեզանից, գնա ապրի քո կյանքով». Թագուհի Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Մայիս 04,2021 19:45

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից իր նախկին թիմակցին՝ «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանին Մամուլի ազատության օրով լուրջ մեղադրանքներ հնչեցրեց: Անդրադառնալով պատգամավորի ելույթին՝ նա ասաց. «Այսօր կանգնել առաջնագծից են խոսում: Բա 30 տարի որ առաջնագիծ էին թալանում ու դղյակներ կառուցում փարիզներում ու հռոմներում, խի՞ չէիք խոսում: Ընդհակառակը, կերակրատաշտից ձեր փայն էլ շպրտում էին, դուք էլ ձեր տներն էիք առնում, բա ինչի՞ չէիք խոսում: Որովհետեւ մամուլի ազատության օրը այսօր չի ստեղծվել: Շատ վաղուց է ստեղծվել: Իսկ դուք այդ մամուլի ազատությունից օգտվելու համար առավոտ, կեսօրին, երեկոյան թույլտվություն էիք ստանում համապատասխան տեղերից եւ մարմիններից: Մենք ձեզ էլ ենք տվել ազատություն, բայց դուք չեք ուզում այդ ազատությունը, որովհետեւ  ազատությունը նաեւ պատասխանատվություն է, որովհետեւ կերակրատաշտը ձեզ համար ավելի կարեւոր է, քան մամուլի ազատությունը»:

 

Այս առնչությամբ Թագուհի Թովմասյանն «Առավոտի» հետ զրույցում Փաշինյանին «վերադարձրեց» իր մեղադրանքներն ու քննադատությունը. «Բավական է անընդհատ մարդկանց վարկաբեկել: Այսպես հեռվից ասում է՝ 30 տարի թալանել են, թալանածից փայ են տվել, տներ եք առել…Եթե դուք ինձ նկատի ունեք, հարգելի պարոն վարչապետ, առել եմ, տները գնել եմ եւ շարունակելո՛ւ եմ գնել այնքան, ինչքան դրա կարիքն ունենամ: Ինչքան երեխա կունենամ, այդքան տուն եմ գնելու, ես դա բոլորին կարող եմ հայտարարել: Պլանավորել եմ առաջիկայում երրորդ երեխան ունենամ, երրորդ տունն եմ առնելու: Որեւէ մեկը թող չանհանգստանա:

Ի դեպ, իմ բնակարաններից երկուսից մեկն առել եմ հետհեղափոխական Հայաստանում, այսինքն, ստացվում է, որ ի՛ր իշխանության օրոք  եմ առել: Բոլոր իմ բնակարաններն առել եմ վարկով, բոլորի պատմությունները հայտնի են: Նա այնքան անփաստարկ է խոսում եւ այնքան ամոթ է, որ վարչապետը մտնում է այսքան ճղճիմ թեմաների մեջ, որ ինձ համար առնվազն տարակուսելի է: Դու  տեսնում ես չէ՞ երբ են գնվել այդ բնակարանները, երբ են մարվել վարկերը, ինչ միջոցներով, դու դա տեսնում ես: 2,5 տարի քո ԱԱԾ-ն, քո ոստիկանությունը հետեւողականորեն գոնե իմ մասով մանրազնին ուսումնասիրել են իմ կենսագրությունը: Ի՞նչ ես գտել՝ ոչ մի բան, եղբա՛յր, ի՞նչ ես ուզում, դու գնա ապրի քո կյանքով: Ի՞նչ ես ուզում մեզանից, անընդհատ դու պիտի տանես անձնական դա՞շտ: Այս ի՞նչ մոտեցում է, չեմ հասկանում այս իշխանության այս գործելաոճը: Դու իշխանության ներկայացուցիչ ես, դու ընդդիմադիր պատգամավոր չես, «Հայկական ժամանակի» խմբագիր չես, դու մարդ ես, որն ունի պետական լծակներ եւ ցանկացած բերանից արտահայտված խոսք, պիտի անհերքելի ապացուցվի եւ վերածվի քրեական գործերի»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31