ՀՀ ընտրական տեղամասային կենտրոնների մատչելիության մշտադիտարկման արդյունքներ
Այսօր՝ մայիսի 4-ին, ամփոփվեցին ՀՀ տեղամասային կենտրոնների մատչելիության մշտադիտարկման արդյունքները: Գնահատումն իրականացվել է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի կողմից «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում Հայաստանում (ՍԵՊՊԱ)» ծրագրի «Մատչելիություն և քաղաքական ներառում» բաղադրիչի դրամաշնորհով, որն իրականացվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսական աջակցությամբ Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) կողմից։
Հանրապետության ամբողջ տարածքում առկա 2008 ընտրական տեղամասերից մշտադիտարկվել է 1987-ի մատչելիությունը։
Շնորհանդեսի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ (USAID) հայաստանյան առաքելության Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Ադամ Ստեֆանը, կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական կյանքում, իր խոսքում նշեց․ «Մեր նպատակն է աջակցել քաղաքական գործընթացների մատչելիության բարելավմանը։ Այս ոլորտում բոլոր ջանքերը պետք է ներդրվեն՝ հաշմանդամություն ունեցող անձանց հետ սերտորեն համագործակցությամբ և, նրանց խորհուրդներով և փորձագիտական ուղղորդումներով։ Լիահույս եմ, որ այս հետազոտության արդյունքները կյանքի կկոչվեն՝ բարելավելով հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական և քաղաքական մասնակցությունը»։
Կարդացեք նաև
«Սա տեղամասային կենտրոնների մատչելիության գնահատման՝ իր մասշտաբներով առաջին խոշոր ծրագիրն էր։ Ամբողջ ծավալով իրականացվել է տեղեկատվության հավաքում, ամփոփում և վերլուծություն։ Տվյալները շատ կարևոր են ընտրական հանձնաժողովների, ՏԻՄ-երի, պետական և ոչ պետական այն կազմակերպությունների համար, որոնք զբաղվում են ներառականության խնդիրներով, քանի որ վերհանված են բոլոր խնդիրները։ Եթե նկատի ունենանք, որ մեզ մոտ տեղամասային կենտրոնները ձևավորվում են ուսումնական հաստատությունների շենքերում, ապա պարզ է դառնում, որ այս արդյունքները ավելի լայն նշանակություն ունեն»,- նշեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Ագաթ» ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը նշեց․ «Պայմանականորեն թվով 524 տեղամասային կենտրոն կարելի է համարել մասամբ մատչելի, որոնք կարելի է քիչ ջանքերով և ֆինանսական ռեսուրսներով դարձնել լիովին մատչելի հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձնաց համար, քանի որոշ տարածքների անմատչելիությունը պայմանավորված է ոչ միայն նախագծային և շինարարական, այլև կազմակերպչական գործոններով»։
ԱՅ ԷՖ Ի Էս-ի (IFES) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ժերոմ Լեյրոն անդրադարձավ կազմակերպության կողմից իրականացվելիք հետագա քայլերին, որոնք ուղղված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական և քաղաքացիական իրավունքների խթանմանը․ «Մշտադիտարկման հիմնական նպատակը Հայաստանի բոլոր ընտրատեղամասերի մատչելիության մակարդակի պատկերն ունենալն էր՝ որոշումներ կայացնողների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով և աջակցելու ազգային և ՏԻՄ մակարդակներում պետական մարմիններին նոր քաղաքականության մշակման գործում, որը կխթանի հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը հասարակական և քաղաքական կյանքին։ Հայաստանում 193,000 անձ ունի հաշմանդամություն, ինչը կազմում է Հայաստանի բնակչության 6%-ը: Բոլոր ընտրողները պետք է հավասար հնարավորություններ ունենան՝ իրացնելու իրենց ընտրական իրավունքը, կարողանալու ինքնուրույն մասնակցել ընտրական գործընթացներին՝ առանց կողմնակի աջակցության։
Այդ նպատակով, այս հետազոտությունից զատ, աշխատանք է տարվել ԿԸՀ-ի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների կողմից՝ ընտրության օրն ապահովելու տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար խոշորացույցներ և տակտիլ կաղապարներ, ինչպես նաև ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների ցանկը՝ Բրայլյան գրերով»։
Մշտադիտարկման զեկույցը, հավելվածը և գործադիր ամփոփագիրը կարելի է ներբեռնել հետևյալ հղումներից.
ՀՀ տեղամասային կենտրոնների մատչելիության գնահատում. Զեկույց
ՀՀ տեղամասային կենտրոնների մատչելիության գնահատում․ գործադիր ամփոփում
ՀՀ տեղամասային կենտրոնների մատչելիության գնահատում․ հավելված
«Ագաթ» ՀԿ