Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ ընդունում մեղադրանքը. այս գործի հիմնական կուրատորը ենթադրում եմ՝ ով է». Բագրատ Եսայան

Մայիս 04,2021 18:09

«Ես, բնականաբար, հրաժարվել եմ ցուցմունք տալ, չեմ ընդունել մեղադրանքը և ստորագրություն եմ տվել, խափանման միջոցն ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին»,- քիչ առաջ դուրս գալով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնից՝ Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:

Նա հայտնեց՝ իրեն առաջադրված մեղադրանքի էությունն այն է, որ դատախազության մոտ հանրահավաքի ժամանակ խուլիգանություն կատարելու կասկած կա, որը դրսևորվել է բացահայտ անհարգալից վերաբերմունք և հայհոյանքներ հնչեցնելով:

Մեր հիշեցմանը՝ նույն այդ դեպքերի հետ կապված հարցաքննության էին հրավիրել նաև Արծվիկ Մինասյանին, Գեղամ Մանուկյանին, Գերասիմ Վարդանյանին, որոնք հայտարարել էին, որ դա ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի և մեր հարցին՝ ինքն է՞լ է նույն կարծիքին, Բագրատ Եսայանը պատասխանեց. «Շատ բնական է: Ես էլ եմ նույն հիմքով հրաժարվել ցուցմունք տալուց, որը նաև սահմանադրական իմ իրավունքն է: Կարծում եմ՝ նման հայհոյանք, որն այսպես ասած մեղադրանքի հիմքում է նաև, ամբողջ խմբով շատ սինքրոն հնչում էր դատախազության մոտ: Կարծում եմ՝ սինքրոն հնչում է Հայաստանի բնակչության առնվազն մեծամասնության մտքերում, իսկ ոմանք նաև բարձրաձայն են նույն այդ կարծիքն արտահայտում: Այնպես որ, որևէ ձևով այս իշխանությանը և վարչապետի աթոռը զբաղեցնող անձին չի հաջողվելու այդ բնորոշումը, որ հասարակության մեծամասնությունը տալիս է՝ մանավանդ արցախյան պատերազմի ընթացքում իր գործողություններին, որևէ ձևով չի հաջողվելու ամբողջ բնակչությանը նույն մեղադրանքը առաջադրել և նման մեթոդով հասարակությանն իր դավաճանական մոտեցումը պարտադրել»:

Բագրատ Եսայանը հայտնեց, որ իրեն ի սկզբանե ներգրավել են որպես մեղադրյալ ու ասաց. «Չգիտեմ՝ ինչն են հիմք ընդունել, քանի որ այնտեղ այդ վանկարկումը՝ հայտնի բնորոշմամբ, անում էին մի քանի հարյուր հոգի: Ես որևէ ձևով չեմ բարձրաձայնել այդ մոտեցումը՝ չնայած ամբողջությամբ համաձայն եմ այդ բնորոշմանը, որը տրվել է հասարակության կողմից հողատու այդ անձնավորությանը»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ զարգացումներ են սպասվում, Բագրատ Եսայանն ասաց. «Ես առնվազն որպես քիչ թե շատ փորձված մարդ քրեական գործերով. 1994-ից Դաշնակցության դեմ ինչ քրեական գործ հարուցվել է, ինչ-որ ձևով առնչություն ունեցել եմ, ուզում եմ վստահեցնել մանավանդ պատվիրատուներին, այս գործը որևէ հեռանկար չունի: Այս գործի հիմնական կուրատորը ես ենթադրում եմ՝ ով է, որը հանձն է առել այս աբսուրդ մեղադրանքը հասցնել դատարան: Ուղղակի ուզում եմ այդ անձնավորությանը և իր քաղաքական հովանավորին վստահեցնել, որ թեկուզ ընտրություն չլիներ հունիսի 20-ին, այս գործը որևէ հեռանկար չունի: Վստահ եմ, որ հունիսի 20-ին և դրանից հետո հաջորդող դեպքերի ընթացքում այս բնորոշումը, որ տրվում է այդ անձնավորությանը շատ ավելի դաժան բնորոշումով է փոխարինվելու, և ամեն ինչ արվելու է, որ ապացուցվի՝ հուզական և բարոյական բնորոշումը դավաճանի, ունի նաև քրեական հիմքեր»:

Հետաքրքրվեցինք՝ ձեր բնորոշմամբ՝ կուրատորի անունը չե՞ք ուզում տալ, Բագրատ Եսայանը պատասխանեց. «Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, թե ով է վերջերս դատական համակարգին կամ իրավապահ համակարգին ցուցումներ տալիս: Խոսքը ԲԴԽ նախագահի պաշտոնը այս պահին կատարող անձի, նաև վարչապետի օգնականի, թե խորհրդականի պաշտոնը զբաղեցնող մարդկանց մասին է, որոնք բոլոր այս աբսուրդ մեղադրանքներով գործերը փորձում են կուրացիա անել: Արդեն երկրում այնքան քրեական գործ է հարուցված, որ չգիտեմ՝ իրեն հարգող ցանկացած հայրենասեր մարդ, եթե իր նկատմամբ քրեական գործ հարուցված չէ, կարծում եմ, իրեն այս իրավիճակում մի փոքր վիրավորված է զգում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31