Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Ադրբեջանի ցեղասպանական բնույթի հանցագործություններին Հայաստանը պարտավոր է պետական մակարդակով արձագանքել»

Մայիս 04,2021 17:53

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը անդրադառնալով երեկ հրապարակված տեղեկությանը, որ Ադրբեջանում 19 հայ գերիներ խոշտանգվել եւ սպանվել են, նշեց, որ նրանցից յոթը զինգերիներ են, 12-ը՝ պատանդներ: «Սա հստակ պետք է տարբերակել: Միջազգային մարդասիրական իրավունքը երբ խոսում է զինգերիների մասին՝ չի ասում, որ արգելք կա գերության մեջ վերցնել զինվորին: Իսկ ինչ վերաբերում է խաղաղ բնակիչներին՝ կոշտ արգելք կա: Միջազգային մարդասիրական իրավունքը արգելում է խաղաղ բնակչությանը գերության վերցնել: Այսինքն, անգամ գերության մեջ պահելը, թեկուզ լավ պայմաններում, արդեն միջազգային մարդասիրական իրավունքի դեմ ծանր հանցագործություն է»,- ասաց նա:

Այնուհետեւ տիկին Ալավերդյանը հանգամանալից թվարկեց ու մեկնաբանեց միջազգային մարդասիրական իրավունքի բազմաթիվ նորմեր, որոնք խախտել եւ խախտում է Ադրբեջանը: «Դրանք տեղի են ունեցել ցեղասպանական գործողությունների ներքո, որովհետեւ նպատակ ունեն ոչ միայն սպանելու, այլեւ հային սպանելու եւ դաժան վերաբերմունքը ոչ միայն ուղղակի դաժան վերաբերմունք է, այլ հայի հանդեպ դաժան վերաբերմունք»,- հավելեց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանը:

Տիկին Ալավերդյանին զարմանք է պատճառում, որ Հայաստանում գործող իշխանությունների կողմից պետական մակարդակով այդպիսի գործողությունները չեն ստանում համարժեք գնահատական եւ դրանց չեն հետեւում համարժեք գործողություններ ու քայլեր: «Մենք միայն լսել ենք մի անգամ Եղիշե Կիրակոսյանից, որ պետական մակարդակով գործեր են նախապատրաստվում նույն այդ եվրոպական դատարանում: Ես անընդհատ ասելու եմ, թե ինչ է տեղի է ունենում եւ թե ինչպես է դրանց անդրադառնում հայկական կողմը, ինչը բավարար չէ: Կան բազմաթիվ եւ քաղաքական եւ դատական հարթակներ, որտեղ անհրաժեշտաբար հայկական կողմը թե պետական մակարդակով, թե մասնավոր մակարդակով պետք է ավելի ակտիվ գործի, որովհետեւ այդ բոլոր հանցագործությունները, մասնավորապես, մարդկության դեմ ցեղասպանական բնույթի բոլոր հանցագործությունները հանցագործություն են, ոչ թե զուտ հայերի, այլ՝ մարդկության դեմ: Մենք սա ոչ թե իրավունք ունենք, կամ պետք է անենք: Հայաստանը, մենք պարտավոր ենք դա անել, իրավունք չունենք չանելու: Այն է՝ այդ հարցերը բարձրացնել համամարդկային մակարդակի վրա, լինի դա դատական, թե քաղաքական հարթության վրա»,- հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31