Լրահոս
Օրվա լրահոսը

«Հատկապես վերջին շրջանում նախաձեռնություններ կան կառավարող ուժի եւ կառավարության կողմից, որոնք կարող են խոչընդոտել մամուլի ազատությանը. Նազելի Բաղդասարյան

Մայիս 04,2021 17:49

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ Մամուլի ազատության օրը, փոխանակ շնորհավորելու մամուլի ներկայացուցիչներին, սկսեց նորից քննադատել ու բողոքել. «Այսօր կանգնել առաջնագծից են խոսում: Բա 30 տարի որ առաջնագիծ էին թալանում ու դղյակներ կառուցում փարիզներում ու հռոմներում, խի՞ չէիք խոսում: Ընդհակառակը, կերակրատաշտից ձեր փայն էլ շպրտում էին, դուք էլ ձեր տներն էիք առնում, բա ինչի՞ չէիք խոսում: Որովհետեւ մամուլի ազատության օրը այսօր չի ստեղծվել: Շատ վաղուց է ստեղծվել: Իսկ դուք այդ մամուլի ազատությունից օգտվելու համար առավոտ, կեսօրին, երեկոյան թույլտվություն էիք ստանում համապատասխան տեղերից եւ մարմիններից: Մենք ձեզ էլ ենք տվել ազատություն, բայց դուք չեք ուզում այդ ազատությունը, որովհետեւ  ազատությունը նաեւ պատասխանատվություն է, որովհետեւ կերակրատաշտը ձեզ համար ավելի կարեւոր է, քան մամուլի ազատությունը»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հարցին, թե ինչքանո՞վ էր ճիշտ Փաշինյանի այս մոտեցումը, հատկապես, որ իմքայլականներից շատերը հենց մամուլի ներկայացուցիչներ են եղել, այդ թվում՝ Փաշինյանը՝ Նազելի Բաղդասարյանը պատասխանեց. «Իրականում այսօր Հայաստանում մամուլի դերը շատ կարեւոր է եւ իմ սուբյեկտիվ գնահատականով մամուլն իրապես ազատ է գոնե իշխանություններից: Իշխանությունները ճնշում չեն գործադրում: Հազիվ թե որեւէ լրատվամիջոց  գտնվի, որն ասի, որ իշխանության ցուցումով որեւէ հոդված է գրվում կամ որեւէ հոդված հանվում է ընդհանուր լրահոսից: Բայց ցավոք, ունենք իրականություն, երբ որոշ ԶԼՄ-ներ անմիջականորեն փոխկապակցվածություն ունեն քաղաքական ուժերի հետ: Ես հույս ունեմ, որ առաջիկայում «Զանգվածային լրատվամիջոցների մասին օրենքը» որոշակիորեն այս հարցին պարզաբանում կտա: Խնդիր կա այստեղ դնելու ֆինանսական թափանցիկության: Ես հասկանում եմ, որ երբ եզրույթներ են հնչում, որ  ԶԼՄ-ները ինչ-որ մեկի ֆինանսական աղբյուրներից են օգտվում, դա իրապես կարող է վիրավորական հնչել անկախ, օբյեկտիվ ձեռագիր ունեցող ԶԼՄ-ների համար, որոնք իրենց ամբողջ գործունեության ընթացքում եղել են անկախ»:

Դիտարկմանը, որ մի կողմից վարչապետի մակարդակով հայտարարվում է, որ մամուլը երբեւէ այսքան ազատ չի եղել, մյուս կողմից ԶԼՄ-ները, լրագրողները անընդհատ թիրախավորված ցեխարձակման են ենթարկվում՝ Նազելի Բաղդասարյանը արձագանքեց. «Ցավում եմ այս իրավիճակի համար, որովհետեւ ցավոք, մեկ-երկու անհատների վատ վարքագծի պատճառով ստվեր է գցվում ընդհանուր լրագրողական հանրույթի վրա, ինչը  ինձ համար անընդունելի է: Հատկապես վերջին շրջանում ամենատարբեր օրենսդրական նախաձեռնությունները կան ե՛ւ կառավարող ուժի, ե՛ւ կառավարության կողմից, որոնք, ըստ իմ դիտարկման, կարող են խոչընդոտել մամուլի ազատությանը եւ ոտնահարել լրագրողական ազատությունները: Որոշակի նախաձեռնությունների դեպքում անգամ ես չեմ քվեարկել՝ սոլիդարություն պահպանելով նախկին գործընկերներիս նկատմամբ; Ես կարծում եմ, որ տեղեկատվական հոսքերի այս դարում միայն մահակ իջեցնել լրագրողների վրա շատ բարդ է եւ դժվար:  Շատ բարեխիղճ լրագրողներ, էթիկայից ելնելով պահպանում են կանոնները, իսկ անհատ բլոգերներ կամ օգտատերեր, որոնք նաեւ որոշակի ֆեյքային միջոցներով են գործում, կարող են ցանկացած տեղեկատվություն սպրդել: Եվ ինչ է ստացվում՝ մենք օրենք ընդունում ենք ԶԼՄ-ների եւ լրագրողների համար, իսկ մյուսները ազատորեն գործում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31